Ավելացրե՛ք այս երանգները ձեր զգեստապահարանում, և ձեր կերպարն անմիջապես կդառնա ավելի թարմ և նորաձև:
Աշնանային ավանդական գույները՝ վառ կարմիր, բորդո և արևոտ դեղին, դիզայներներն առաջարկում են նոսրացնել հարմարավետ և հյութեղ երանգներով՝ տաք կաթ, կարամել, նարդոսի պաղպաղակ, անանուխի սառնաշաքար:
Կարամելի օշարակ
Շագանակագույնի բոլոր երանգները՝ կարամելից մինչև կոնյակ, իրավամբ համարվում են ամենաազնիվ և թանկարժեք գույներից: Ընտրեք քաշմիրե սվիտեր, համադրեք այն շոկոլադե տաբատի հետ և վրան գցեք բրդյա թիկնոց։ Ամբողջացրեք տեսքը հյուսված կաշվե պայուսակով և շարֆով։ Այս տաք կոնյակային տեսքը տպավորիչ և տեղին կլինի ինչպես խիստ կանոններով գրասենյակում, այնպես էլ թատրոնում պրեմիերայի ժամանակ:
Շոկոլադը և կարամելը հիանալի համադրվում են կապույտի և սպիտակի հետ, ուստի կարող եք ազատորեն կերպարը թարմացնել սառը տարրերով:
Նարդոսի պաղպաղակ
Վարդագույնի և յասամանագույնի նուրբ երանգների գեղեցկությունն այն է, որ նրանք ստեղծում են հանգիստ տրամադրություն, ասես արթնացել եք ամառային մի առավոտյան և որևէ տեղ շտապելու կարիք չկա:
Բացի այդ, նրանք հիանալի կերպով ընդգծում են դեմքի գույնը, ռոմանտիկա և կանացիություն են հաղորդում ցանկացած կերպարի՝ սպորտայինից մինչև բիզնես:
Սրանք առավել էլեգանտ ու շահեկան տեսք ունեն մոխրագույնի երանգների հետ համադրությամբ:
Տաք լատտե
Անկասկած, սպիտակ իրերը կերպարներին հաղորդում են հատուկ թեթևություն և անկշռություն։ Այս աշնանը դիզայներները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ տաք կաթնագույն երանգին, ինչպիսին կապուչինոյի փրփուրն է։
Երանգը հատկապես տպավորիչ է տրիկոտաժե բոժոժանման զգեստների և հարմարավետ սվիտերների վրա:
Տաք կաթնագույն կերպարը համադրեք շոկոլադե աքսեսուարներով՝ լինի դա բարակ գոտի, թե ծավալուն կլատչ։
Հանգիստ մոխրագույն
Սառը երանգով մաքուր մոխրագույնը հիշեցնում է ծովափնյա խճաքարերը՝ հաճելի տեսք և զգացողություն: Խորհուրդ ենք տալիս խորասուզվել ամառային հաճելի հիշողությունների մեջ՝ կրելով մոխրագույն կարդիգան, էլեգանտ տաբատ և մարգարտագույն ջեմպեր։
Հատկապես հետաքրքիր տեսք ունեն մոխրագույնի տարբեր երանգներով հավաքված կոմպլեկտները։
Որպեսզի տեսքը ձանձրալի չթվա, ավելացրեք մեկ վառ մասնիկ` էլեկտրական կապույտ կամ գայթակղիչ ֆուքսիայի գույն կոշիկ: Մոխրագույնի համադրությունը վառ կարմիրի հետ նույնպես շատ գրավիչ է:
Վիտամինային լիցք
Անսպասելի, բայց շատ արդյունավետ տարբերակ է թարմ կանաչի գույնի հանդերձանք կրելը: Այն տրամադրություն կհաղորդի թե ձեզ, թե շրջապատին:
Ի դեպ, անգամ մեկ կանաչ դետալը թարմություն կհաղորդի կերպարին՝ լինի դա փոքրիկ պայուսակ, թե ակնոցի շրջանակների գույնը:
Անանուխի սառնաշաքար
Ի՞նչ կասեք անանուխի սառը և թարմ երանգի մասին։ Այն այնքան հարմարավետ է, որ կարող եք ոտքից գլուխ այդ երանգը կրել: Սվիտեր, լայն տաբատ, վերարկուի վրայից ուսերին գցած ջեմպեր:
Երկնագույն ստվերաերանգով նուրբ կանաչը հատկապես արտահայտիչ է բազմաշերտ կերպարներում:
Աղբյուրը՝ https://7days.ru