Մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտը մեր կարևորագույն խնդիրներից է, հատկապես երբ խոսում ենք Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության վտանգվածության մասին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի հետ համատեղ ասուլիսին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Այս թեման այսօրվա քննարկման կարևոր թեմաներից էր, որի մասին մենք շաունակելու ենք խոսել այցի շրջանակներում և պետք է փորձենք գտնել այն գործուն միջազգային մեխանիզմները, որոնք կօգնեն թե՛ կօգնեն բարձրացնել իրազեկվածությունը, և թե՛ դրանով իսկ բարձրացնել պաշտպանվածությունը»,- նշել է նախարարը։
Նրա խոսքով՝ այս օրերի ամենակարևոր խնդիրն այն է, որ մշակութային ժառանգության պաշտպանվածության ամենատարրական խնդիրները Լեռնային Ղարաբաղում ապահովված լինեն․ «Ինչը, ցավոք, մենք չունենք այդ վստահությունը, որովհետև 2020-ից ի վեր չի հաջողվում ուղարկել միջազգային առաքելություն, որը կկարողանար փաստագրել մշակութային ժառանգության հետ կապված իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Այս խնդիրն էլ ավելի է սրվել բռնի տեղահանումից հետո, որից հետո էլ ավելի մեծ թվով՝ 5 հազարից ավելի հուշարձաններ, 20-ից ավելի թանգարաններ մնացել են Լեռնային Ղարաբաղի տարածքում և այս արժեքների պաշտպանությունը մեր ամենակարևոր խնդիրներից է»։