Կադաստրի գործընկերների հետ պայմանավորվել էինք մինչեւ տարվա վերջ ավարտելԵրեւանի սահմանների ճշտման աշխատանքներ, բայց այս պահի դրությամբ մի քանի խնդիրներ են առաջացել, երեւի տարվա սկզբին ավարտենք: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի աշխատակից Վահագն Պռոշյանը:
«Օդանավակայանի հետ կապված եւ Զովունի համայնքում բազմաբնակարան շենք է կառուցվել Երեւան համայնքի սահմաններում»,-ասաց նա:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց. «Այսինքն Զովունին է շինթույլտվությունը տվել, բայց փաստացի Երեւանի սահմաններում է շենքը: Ո՞նց եք պատրաստվում լուծել»:
Փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը պատասխանեց. «Խնդիրը պետք է լուծվի հարեւան համայնքների հետ համապարփակ քննարկումների արդյունքում: Մենք ունեցել ենք առաջին փուլ քննարկումները երկու ամիս առաջ, համաձայնության չենք եկել, բայց կարծում եմ՝ լուծումները գիտենք»:
Ավինյանը հանձնարարեց երկու ամիս անց զեկուցել, «տեսնենք՝ ուր հասանք»: