f

Անկախ

Նպատակը պաղեստինյան հակամարտությունը  կրկին միջազգային քաղաքական օրակարգ բերելն է. արաբագետ


Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացման հերթական, բայց այս անգամ իր մասշտաբներով առանձնահատուկ փուլի մասին է «Անկախը» զրուցել արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ: Մասնագետի հետ քննարկել ենք նաև, թե որքանով է հավանական, որ հակամարտությունը վերաճի տարածաշրջանային պատերազմի, և ինչ հնարավոր ազդեցություն կունենա տեղի ունեցողը Հարավային Կովկասի վրա: 

-Պարոն Պետրոսյան, իսրայելա-պաղեստինյան համակարտության սրացման 3-րդ օրն է: Մեր մեծ տարածաշրջանում ամեն գործողություն փոխկապակցված է: Այս հակամարտության սրացումը տարածրջանային զարգացումների փազլին ի՞նչ է ավելացնում:

-Ընդհանուր առմամբ այս առճակատումը, որն առանց չափազանցության արդեն պատերազմի է վերածվել, քանի որ գոնե Իսրայելում պատերազմական վիճակ է հայտարարված, և նպատակներն ու գործողություններն էլ բնորոշ են պատերազմական վիճակին, առաջին հերթին լոկալ բնույթ է կրում: Այսինքն հենց ՀԱՄԱՍ-Իսրայել հակամարտության հարթությունում է: Այլ հարց է, որ փորձ է արվում ընդլայնել դրա մասշտաբները, հաճախ արհեստականորեն ներգրավելով դրանում նաև Իրանին: Կստացվի, թե ոչ,  չեմ կարող ասել, քանի որ Իրանն  ամեն կերպ խուսափում է: 

-Ո՞վ է փորձում ընդգրկել, ՀԱՄԱ՞Ս-ը, թե՞ Իսրայելը:

-Ուղիղ կերպով ո՛չ ՀԱՄԱՍ-ը, ո՛չ Իսրայելը:  ՀԱՄԱՍ-ը ձգտում է, որ Պաղեստինի հարցում ավելի լայն աջակցություն լինի,  և խոսքը միայն Իրանի աջակցության մասին չէ, այլ համաարաբական, համամուսուլմանական աջակցության մասին է: Եվ այս պարագայում առարկայական աջակցություն կլինի ՀԱՄԱՍ-ի համար, որ Իսրայելի դեմ պայքարին միանան Սիրիայի տարածքում գործող տարբեր իրանամետ խմբավորումները, «Հըզբոլլահ»ը  Լիբանանում, իսկ  Իսրայելի ներսում տարբեր ձևաչափերով ակտիվանան  պաղեստինցի արաբները: Բայց ներկայում բոլորը խուսափում են լայնամասշտաբ պատերազմից: Այլ  հարց է, որ անհատական մակարդակում կարող են դժգոհություններ լինել, օրինակ՝  Իսրայելի ներսում, Պաղեստինի մյուս հատվածում, իսրայելական դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ, հրեաների դեմ, բայց որ առանձին պետություններ ներգրավվեն այս հակամարտության մեջ, քիչ է հավանական, անգամ «Հըզբոլլահ»-ն է   ամեն կերպ խուսափում առճակատման մեջ ներքաշվելուց, քանի որ Լիբանանում շատ լավ հասկանում են, որ դա ավարտվելու է Լիբանանի ամբողջական թիրախավորմամբ: 

Իրանի առումով, չնայած ներկա պահին Իսրայելին ձեռնտու չէ, որ Իրանը ներքաշվի այս հակամարտության մեջ, քանի որ միայն ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարում իսկ մեծ դժվարություններ ունեն, և մի քանի ճակատներով պայքարի դեպքում կբարդանա վիճակը. պարզ է, որ Իրանը  միայնակ չի մտնելու առճակատման մեջ:  Բայց այսպես Իսրայելը կարող է քարոզչական ֆոն ապահովել ՀԱՄԱՍ-ի հարցերը լուծելուց հետո արդեն Իրանի դեմ որոշ գործողությունների հիմքեր ստեղծելու համար: Ենթադրում եմ, որ կարող  են  լինել թիրախային հարվածներ իրանական միջուկային օբյեկտների ուղղությամբ: Կարծում եմ, որ Իսրայելը ներկայում դրա համար արհեստական ինչ-որ հիմքեր է ստեղծում:

-Պարոն Պետրոսյան, այսինքն քի՞չ հավանական է, որ  հակամարտության ծավալներն ընդլայնվեն  և այլ կողմեր ներգրավվեն: 

-Բոլորին ամենից շատ հուզող հարցն է՝ հնարավոր է, որ այս պատերազմը վերածվի տարածաշրջանային պատերազմի: Ներկա  պայմաններում, երբ գլոբալ ճգնաժամ է,  աշխարհակարգի փոփոխություն է տեղի ունենում, երբ տարբեր տարածաշրջաններում պայթյունավտանգ իրավիճակ է, երբ տարբեր լարվածություններ են առաջանում և մարում, իհարկե, այդ հավանականությունը կա, անհնար է բացառելը: Բայց այն խաղացողները, որոնք կարող են ներգրավվել, ամեն կերպ խուսափում են այդ սցենարից: 

-Իսկ ինչո՞վ է պայմանավորված ռազմագործողության ժամանակի ընտրությունը: 

-Մի քանի պատճառներ կան: Առաջինն այն է, որ տարբեր տարածաշրջաններում եղած  հակամարտություններով պայմանավորված՝  մեր ժամանակների ամենատևական և ամենաարյունալի հակամարտությունը կարծես մոռացության էր տրվել: Պաղեստինցիների նպատակն այս հակամարտության հարցը կրկին միջազգային քաղաքական օրակարգ բերելն է: Մյուսը արաբա-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործընթացն է: Սաուդյան Արաբիան մշտապես Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման է նշել  Պաղեստինյան համակարտության լուծումը 1967թ. սահմաններով և արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: Վերջին շրջանում կարծես Սաուդյան Արաբիայի դիրքորոշմանմ մեջ որոշակի փոփոխություն էր նկատվում: Նշեմ, որ Իսրայել-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կարգավորման գործընթացը տեղի է ունենում ԱՄՆ ակտիվ միջնորդությամբ: Հարաբերությունների կարգավորման դիմաց  Սաուդյան Արաբիան ուրանի հարստացման հնարավորություն էր ստանալու: Եվ սա է պատճառը, որ ՀԱՄԱՍ-ը ակտիվացնում է այս հակամարտությունը՝ թույլ չտալու հերթական ռազմավարական կորուստը: Որովհետև 2019-2020թթ., երբ ստորագրվեցին «Աբրահամյան համաձայնագրերը», փոխվեց արաբա-իսրայելական հակամարտության բնույթը, այսինքն մի շարք կարևոր արաբական պետություններ՝ ԱՄԷ, Բահրեյնը, Մարոկոն և այլն,  խաղաղության համաձայնագիր կնքեցին Իսրայելի հետ,  արդյունքում պաղեստինյան հարցը երկրորդ պլան մղվեց: Իմ կարծիքով՝ ՀԱՄԱՍ-ի նպատակը թույլ չտալն է, որ հերթական ինչ-որ զարգացումն արձանագրվի՝ անտեսելով  պաղեստինյան հիմնախնդիրը:  Կարծում եմ, որ դրանով էր պայմանավորված այս մասշտաբային հարձակումը, որը կխորացնի անվտանգային իրավիճակը տարածաշրջանում և հրեաների ու արաբների միջև  թշնամանքի տրամադրությունները:

-Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ իսրայելական հետախուզությունը ժամանակին չի տեղեկացել նախապատրաստվող գործողությունների մասին: Եվ ի՞նչ հետևանքներ կունենա իսրայելական բանակի անխոցելիության պատրանքի վերացումը:

-Բոլորի համար է դա տարօրինակ: Տևական ժամանակ Իսրայելի բանակը նման ռազմագործողությունների մեջ չէր ներքաշվել, հիմնականում եղել էին թիրախային գործողություններ հատուկ ստորաբաժանումների և զինատեսակների ներգրավմամբ: Նման մասշտաբի ցամաքային գործողություններ, ընդ որում Իսրայելի կողմից տարածքային կորուստներով, չէր արձանագրվել, ինչը կարևոր իրողություն է: Դրան գումարած, վերջին շրջանում ներքաղաքական իրողություններով պայմանավորված՝ հասարակությունը բթացել էր արտաքին ազդակների նկատմամբ, դատական համակարգում փոփոխությունների դեմ  շուրջ մեկ տարի տևող բողոքի գործողություններն անգամ բանակ էին հասել: Դա էլ մյուս կողմից: Եվ իհարկե, երևի թե թերագնահատել են իրենց հակառակորդին, չեն ակնկալել, որ ՀԱՄԱՍ-ը կարող է նման ռազմագործողություն իրականացնել: 

Չեմ կարող պնդել, որ  իսրայելական բանակի անխոցելիության միֆ է կոտրվել, քանի որ տեսնում ենք , թե ինչ է իրականում կատարվում: Միշտ, եթե անգամ պաղեստինյան խմբավորումներն են նախաձեռնել գործողությունը, նրանց կորուստներն անհամեմատ շատ են եղել.  Իսրայելի մարտավարությունն է իր հակառակորդին այնպիսի կորուստներ պատճառել, որ հաջորդ անգամ նման գործողության դիմելիս մտածի՝ արժե, թե ոչ: 

Եթե նայում ենք Իսրայելի հարևաններին, այնպես չէ, որ նրանցից որևէ մեկն ունի ավելի մարտունակ զինված ուժեր և կարող է օգտվել իրավիճակից ու  հաջողություններ զարգացնել: 

-Հակամարտության թեկուզ ժամանակավոր  հանգուցալուծումն ինչպիսի՞ն եք տեսնում: 

-Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումներում հրադադար միշտ կնքվել է Եգիպտոսի միջնորդությամբ: Ինչ պայմանավորվածություններ էլ ձեռք են բերվել, եղել են ժամանակավոր: Հրադադարը տևել է որոշակի ժամանակ, հետո խախտվել է: Քանի որ Իսրայելի համար հարվածը շատ ցավոտ էր և կորստաբեր, Իսրայելի կողմից կա տրամադրվածություն հնարավորինս վնասելու ՀԱՄԱՍ-ին  և երկար ժամանակով կանխելու Գազայի  հատվածից հնարավոր ռազմական գործողությունները: Եթե նայենք, թե ինչ մասշտաբի է Իսրայելի պատասխանը,  տպավորություն է, որ որոշել են Գազայի հատվածն ընդհանրապես հողին հավասարեցնել: Իսկ դա ակնհայտ ցեղասպան գործողություն է: Մի ամբողջ շրջան փաստացի ռմբահարվում է, տեղի բնակչությունը զրկվում է կացարաններից, խաղաղ ապրելու հնարավորությունից, կենցաղի տարրական պայմաններից: Ինչ-որ փուլում միջազգային հանրությունը կարող է ճնշումներ գործադել Իսրայելի վրա, և գործողությունները դադարեցվեն: 

Հիմա Իսրայելը նախապատրաստվում է ցամաքային գործողություն իրականացնել, որը որոշակի ժամանակահատված է ենթադրում, մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ կարող  տևել, իսկ հանգուցալուծման մասին կդժվարանամ ասել: 

-Մեր տարածաշրջանի վրա ինչպե՞ս կանդրադառնա այս հակամարտությունը: 

-Կանդրադառնա,  եթե ընդլայնվի հակամարտությունը և Իրանը ներքաշվի  դրանում: Բայց այս պահին դա ավելի քիչ կանխատեսելի է: Հումանիտար առումով կարող է անդրադառնալ: Եթե ներկայում միջազգային հանրությունը ջանքեր էր փորձում գործադրել արցախահայերին օգնելու համար, դատելով զարգացումներից, որ տեղի են ունենում Գազայի հատվածում, դրա հետևանքները մարդասիրական առումով անհամեմատ մեծ են լինելու, ինչը ենթադրում է որ միջազգային ավելի մեծ ջանք է գործադրվելու այդ հակամարտության հումանիտար հետևանքները վերացնելու առումով:

-Մինչև հիմա միջազգային դերակատարների ուշադրությունը սևեռված էր Ուկրաինայի վրա, եթե հիմա այդ ուշադրությունից բաժին հասնի նաև պաղեստինյան հիմնահարցին, հնարավո՞ր է այդ պայմաններում որոշակի զարգացումներ տեղի ունենան  հայ-ադրբեջանական ճակատում:

 -Դա էլ հնարավոր է: Բայց  քանի դեռ կոնֆլիկտը լոկալ բնույթի է, Պաղեստին-Իսրայել հարթությունում է, դժվար թե սկզբունքային տեղաշարժեր տեղի ունենան: Եթե վերածվի տարածաշրջանային պատերազմի, ապա շատ հնարավոր է: 


 

հարցազրույց Արմեն Պետրոսյան Իսրայել Պաղեստին պաղեստինա-իսրայելական հակամարտություն խմբագրի ընտրանի

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին