Ամերիկյան կործանիչը խոցել է թուրքական գրոհային անօդաչու թռչող սարքը, որը թռչում էր Սիրիայում ամերիկյան զորամիավորման դիրքերի մոտ, ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 6-ին, Reuters-ին ասել է Պենտագոնի խոսնակ, բրիգադային գեներալ Փեթ Ռայդերը։
Դեպքը տեղի է ունեցել նախօրեին։ Թուրքական անօդաչու թռչող սարքերն ավիահարվածներ են հասցրել սիրիական Հասաքայում՝ ամերիկյան զորքերի գտնվելու վայրից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա: Մի քանի ժամ անց թուրքական անօդաչու թռչող սարքն արդեն թռչել է ամերիկյան դիրքերից կես կիլոմետր հեռավորության վրա։
Դա որակվել է որպես սպառնալիք, և անօդաչու թռչող սարքը խոցել է F-16 կործանիչը։ «Մենք ապացույցներ չունենք, որ Թուրքիան միտումնավոր հարձակվել է ամերիկյան ուժերի վրա»,- ընդգծել է Ռայդերը։ Պենտագոնում AP-ի աղբյուրն ընդգծել է, որ նախքան անօդաչու թռչող սարքը ոչնչացնելու հրամանը, ամերիկացի զինվորականները բազմիցս հեռախոսով կապ են հաստատել թուրք գործընկերների հետ։
Թուրքիայի պաշտպանության նախարարության խոսնակը Reuters-ին ասել է, որ խոցված անօդաչու թռչող սարքը չի պատկանում թուրքական զինված ուժերին՝ չհստակեցնելով, թե ում կարող էր պատկանել։
Թուրքիան Անկարայում ռմբակոծությունից հետո շաբաթավերջից հարվածներ է հասցնում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) օբյեկտներին Սիրիայում և Իրաքում, հայտնում է Reuters-ը։ Անկարան դիտարկում է նաև Սիրիա ցամաքային զորքեր մտցնելու հնարավորությունը, քանի որ, ըստ տեղեկությունների, հարձակվողներից երկուսը եկել են այնտեղից: