f

Անկախ

Ժամանակն է պասիվ հայապահպանությունից անցում կատարել ակտիվ հողապահպանության. Քնարիկ Ավագյան


 Պատմությունը պետք է ծառայի ճշմարտությանը: Իսկ հայագիտությունը նախ և առաջ պետք է ծառայի հայությանը, ոչ թե գլոբալ կառույցների ու տարբեր քաղաքական, խմբակային շահերին, համոզված է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Քնարիկ Ավագյանը: 

Նա նշում է՝ սիրում է պատմաբանի իր աշխատանքը, քանի որ պայքարում է օբյեկտիվության համար:

 «Պատմությունը մեր անցյալի փորձառությունն է, որ շատ կարևոր դասեր է մեզ փոխանցում: Հաջողելու համար պետք է կարողանանք այդ  դասերը քաղել, համեմատել անցյալը ներկային, ինչպես նաև համեմատել տարբեր ժողովուրդների փորձառությունը: Պատմությունը շատ լավ ուսուցիչ ու դաստիարակ է: Միայն թե միշտ չէ, որ մենք կարողանում ենք պատմությունից դասերը քաղել»,- ասում է Ավագյանը:

 Խոսելով հայագիտության ոլորտի մարտահրավերների մասին՝ Ավագյանը մի քանիսն է առանձնացնում: Նախ՝ տեսակետների և մոտեցումների տարբերություն կա հայաստանյան և արևմտյան որոշ հայագետների մոտ: «Իրենք այլ տեսակետներ են դավանում: Օրինակ՝ հայոց ծագումնաբանությունը նրանք առաջ են բերում: Որոշ սփյուռքահայ գիտնականներ էլ տուրք են տալիս այդ մոտեցումներին, քանի որ օտար միջավայրում են կրթվել ու աշխատում: Մոտեցումների տարբերության պատճառով միշտ չէ, որ մեր աշխատություններն ընդունելության են արժանանում կամ երաշխավորվում են տպագրության Արևմտյան հանդեսների կողմից»,- ասում է Ավագյանը՝ շեշտելով, որ այս պարագայում հայաստանյան հայագիտությունն  ինչ-որ չափով մեկուսացված վիճակում է հայտնվել, քանի որ «չի համապատասխանում արևմտյան չափանիշներին», չնայած որ օբյեկտիվության առաջամարտիկն է:

 Երկրորդ խնդիրն, ըստ Ք. Ավագյանի, օտարերկրյա հայագետների՝ բավարար հայերեն չիմանալն է: «Հայագիտական հոդվածները տպագրում են անգլերենով՝ հայերեն անգամ չիմանալով: Այդ պատճառով իրենք չեն ծանոթանում նաև հայերենով աշխատություններին և հղում չեն տալիս դրանց: Բայց ուզում են իրենց թեզերը մեզ պարտադրել»,- ասում է նա: Ավագյանի համոզմամբ՝ պետք է վերականգնենք հայագիտական ամսագրերի խորհրդային տարիների հեղինակությունն ու հրատարակման պարբերականությունը, այլ ոչ թե տուրք տանք արտերկրի հանդեսներում տպագրվելու պարտադրանքին։ «Կամ գիտական հղումների մեր դասական համակարգը չպետք է փորձենք հարմարեցնել Scopus-ի անտրամաբանական պահանջներին՝ լրացուցիչ անիմաստ խառնաշփոթ ստեղծելով հայրենի գիտականների համար»,- ասում է նա: Շեշտում է՝ խորհրդային տարիներից ի վեր մեր գիտական հանդեսները համապատասխանել են գիտականության սկզբունքներին, Հայաստանի գիտական հանդեսները պահանջված էին արտերկրի հայագիտական կենտրոններում։ Եվ ոչ ոք կասկածի տակ չէր դնում դրանց գիտականությունը։ «Չգիտես՝ ինչու ինչ-որ պահի եզրակացրեցին, որ դրանք չեն համապատասխանում միջազգային չափանիշներին և ընդունելի չեն ատենախոսություններ պաշտպանելու դեպքում, և պետք է Scopus-ի հանդեսներում տպագրվես, որպեսզի աշխատանքդ ընդունելի լինի»,- ասում է նա:

 Շարունակելով ոլորտի խնդիրների թվարկումը՝ Ավագյանը մատնանշում է նաև անցյալի պատմությունը վերանայելու համաշխարհային կառույցների միտումը: «Արևմուտյան որոշ գիտական շրջանակներում գերակշռում է հնագույն ժողովուրդների պատմությունը վերանայելու, նրանց անցյալի պատմական յուրահատկություններն անտեսելու և ընդհանուրի մեջ համահարթեցնելու գլոբալիստական միտումը: Հայ ժողովրդի պատմությունը նման պրիզմայով դիտելը բխում է նաև Ադրբեջանի և Թուրքիայի շահերից»,- ասում է Ավագյանը: Որպես օրինակ նա մատնանշում է սփյուռքի պատմությունը:  «Արևմտյան հայագետները հայ սփյուռքի ձևավորումը դիտարկում են համաշխարհային սփյուռքի ընդհանուր համատեքստում՝ դրանով իսկ անտեսելով հայերի ցեղասպանության և հայրենազրկումի փաստերը»,- ասում է պատմաբանը:

 Նա համոզված է՝ ներկայում առաջնային խնդիրը մեր պատմագիտությունն անաղարտ պահելն է՝ հեռու օտարածին և շինծու դոգմաներից ու թեզերից:

  Երազում էի  գիտնական դառնալ…

 Քնարիկ Ավագյանը հայտնի գիտնականներ՝ իրավագետ, պրոֆեսոր Ռոբերտ Ավագյանի և բանագետ, ցեղասպանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Վերժինե Սվազլյանի դուստրն է:

 «Միշտ ցանկացել եմ իմ ուրույն ճանապարհն ունենալ գիտության ոլորտում: Ակադեմիան ինձ համար օտար միջավայր չէր. դպրոցական տարիներից ծնողներիս աշխատավայրերում ժամեր էի անցկացնում, ներկա գտնվում գիտական բանավեճերին, ծանոթանում գիտական գրականությանը: Երազում էի՝ գիտնական դառնալ ու նոր խոսք ասել գիտության ասպարեզում», - ասում է նա: 

Հասակ առնելով մտավորականների ընտանիքում՝ նա դեռ մանուկ հասակից տարվել է պատմությամբ. «Դպրոցական տարիներին հետաքրքրվել եմ մեր գերդաստանի նախնիներով, անգամ ընտանեկան տոհմածառն էի կազմում: Անցյալն ուսումնասիրելու հանդեպ սերն ու օտար լեզվի իմացությունը պայմանավորեցին իմ մասնագիտական ընտրությունը»: 

«Ինձ միշտ հետաքրքրել է արտասահմանի հայության պատմությունը, նրանց կյանքն ու կենցաղը դրսում, ապա նաև՝ հայրենադարձումը»,- ասում է Ավագյանը՝ բացատրելով, թե ինչպես է Սփյուռքի պատմության գծով մասնագիտացել: 

«ԵՊՀ պատմության ֆակուլտետի ավարտական աշխատանքս նվիրված էր ամերիկահայերի մասնակցությանը Երկրորդ համաշխարհային պատերազմին: Դա դարձավ նաև ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրա ընդունվելու համար իմ թեզը, որը, հետագայում ծավալելով, հրատարակվեց հայերեն և ռուսերեն»,- ասում է նա՝ հավելելով, որ խորհրդային տարիներին գիտնականը հարգված էր, մտավորականի խոսքը լսելի էր, իսկ գիտությունը, մասնավորապես՝ հայագիտությունը, մեծ հոգածության էր արժանանում: 

2000 թ. հրատարակվել է Քնարիկ Ավագյանի «Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ գաղութի պատմությունը (սկզբնավորումից մինչև 1924 թ.)» մենագրությունը։ Նա հեղինակ է նաև պատմագիտական տարբեր հատորներում և հանրագիտարաններում լույս տեսած բաժինների, ինչպես նաև շուրջ 150 գիտական հոդվածների, որոնք լույս են տեսել Հայաստանում և արտերկրում։ Մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների, այդ թվում՝ Նյու Յորքի Կոլումբիա (ԱՄՆ, 2004), Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական (ՌԴ, 2016), Կահիրեի (Եգիպտոս, 2016) համալսարաններում և այլուր: 

Պատմության դասերը… 

Խոսելով իր հետազոտությունների և դրանց արդյունքում ձևավորված համոզմունքների մասին՝ Ք. Ավագյանը վստահ է. «Սփյուռքում հայապահպանությունը ժամանակավոր և անհեռանկար գործ է։ Համայնքային կառույցները հսկայական միջոցներ ու ժամանակ են վատնում եկեղեցիներ, դպրոցներ, համայնքային կենտրոններ կառուցելու և դրանք պահելու համար։ Սակայն իրականում «հայապահպանության» անվան տակ իրականացվում է «համայնքապահպան» ծրագիր, որը, ըստ էության, ուղղված է հայության սփյուռքացմանը, այլ ոչ թե՝ դեպի Հայաստան ուղղորդմանը։ Մինչդեռ, մեկ-երկու սերունդ հետո սփյուռքի մեր հայրենակիցների մոտ ազգային ինքնագիտակցությունն աստիճանաբար նահանջում է՝ տեղի տալով հայկական ինքնության սոսկ զգացական, սիմվոլիկ ընկալման և ապա՝ լրիվ մոռացման։ Անխուսափելի օտար ամուսնությունների, ձուլման կամ արտագաղթերի հետևանքով համայնքները հետզհետե նոսրանում են, իսկ համայնքային հաստատությունները կամ փակվում ու վաճառվում են, կամ ռազմական գործողությունների ընթացքում թիրախավորվում ու ավերվում»։ 

«Անցյալում տարբեր երկրների անհետացած հայ համայնքների (Հոլանդիա, Հնդկաստան և այլն), ինչպես նաև մեր օրերում նոսրացող հայ համայնքների (Իրաք, Եգիպտոս, Սիրիա, Լիբանան և այլն) օրինակները պետք է դաս լինեն մեր սփյուռքի համայնքային կառույցների պատասխանատուներին վերանայելու համար օտարության մեջ իրենց ընթացքը՝ վերարժևորելով ու վերածելով այն իրապես հայրենանպաստ առաքելության։ Ժամանակն է պասիվ հայապահպանությունից անցում կատարել ակտիվ հողապահպանության, այսինքն՝ հայրենադարձության »,- ասում է Քնարիկ Ավագյանը: 

 

գիտություն ՀՀ ԳԱԱ կին գիտաշխատող Կինը և գիտությունը խմբագրի ընտրանի

Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին