f

Անկախ

ՀԲԸՄ-ն աշխարհի առաջնորդներին կոչ է անում բացահայտել հայերին էթնիկ զտումների ենթարկելու Բաքվի կեղծ պատրվակները


ՀԲԸՄ-ն աշխարհի առաջնորդներին և ԶԼՄ-ներին կոչ է անում բացահայտել հայերին էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի կեղծ պատրվակները:

ՀԲԸՄ-ի հայտարարության մեջ ասվում է. «Երեկ, մինչ պետությունների ղեկավարների և միջազգային լրագրողների ուշադրությունը սևեռված էր Նյու Յորքում կայացող ՄԱԿ-ի ամենամյա գլխավոր ասամբլեայի վրա, Ադրբեջանը որոշեց իրագործել իր անօրեն ծրագրի հաջորդ փուլը՝ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելով Արցախի պաշտպանական ուժերի դեմ՝ նպատակ հետապնդելով Արցախի ժողովրդին դուրս հանել իրենց հայրենի հողից։ Ադրբեջանը նաև հայտարարեց, որ խաղաղ բնակչությանը «տարհանելու անվտանգ ճանապարհ» կտրամադրվի։

Այս ենթադրյալ բարեգութ քայլը ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, այլ նաև համաշխարհային լրատվամիջոցների կողմից այն պատշաճ և համապատասխան համատեքստով չի ներկայացվում: Հետևաբար՝ սա միայն նպաստում է, որ Ադրբեջանն իրագործի իր ծրագիրը՝ տարածաշրջանից մաքրելով հայկական կյանքի, հայ մշակույթի և պատմության բոլոր հետքերը:

Կեղծ պատրվակով, թե Արցախի պաշտպանական ուժերը հրահրել են ադրբեջանական «հակաահաբեկչական» գործողությունները՝ իբր ականապատելով ինչ-որ տարածքներ, որի պատճառով ադրբեջանցիներ են մահացել, Ադրբեջանը ևս մեկ անգամ արդարացնում է իր ագրեսիվ գործողությունները չհիմնավորված պնդումներով, որոնք միջազգային հանրությունը և համաշխարհային լրատվամիջոցներն առանց երկմտելու ընդունում են որպես բացարձակ ճշմարտություն։ Հենց այս կեղծ ռազմավարությունն է թույլ տալիս Ադրբեջանին խախտել ՄԱԿ-ի կողմից սահմանված՝ էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը կանխելու դեմ օրենքներն ու կոնվենցիաները: Փաստացի, Ադրբեջանի ռազմական լկտի գործողությունները և հարկադրված տարհանումները ցինիկ ուղերձ են համաշխարհային հանրությանը, որն ուղարկվում է հենց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի աշխատանքային շաբաթվա ընթացքում: Ադրբեջանն աշխարհին հայտնում է, որ ի զորու է դեմ գնալ աշխարհակարգի օրենքներին։ Նրանց պնդումների ճշմարտացիությունը չի ստուգվում ոչ մի մարմնի կողմից կամ կիրառած ագրեսիան չի դիտարկվում որպես ցեղասպան վարքագիծ՝ չնայած նրան, որ վերջերս այն դատապարտվել է իրավապաշտպան մարմինների և փորձագետների, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների պետական պաշտոնյաների կողմից:

Հաշվի առնելով տասնամյակներ շարունակ՝ ընդհուպ մինչև 44-օրյա պատերազմն ու դրան հաջորդող ժամանակաշրջանը, Ադրբեջանի կողմից մարդկության դեմ բոլոր հնարավոր հանցագործությունները հայերի դեմ իրագործելու փաստը՝ համաշխարհային առաջնորդներն ու լրատվամիջոցներն ամենայն լրջությամբ պետք է հետաքննեն Ադրբեջանի կողմից հորինված պատմությունները և խուսափեն չեզոք հայտարարություններից և զեկույցներից, որոնք հայերին ներկայացնում են ամենատարբեր տեսանկյուններից, բայց ոչ որպես ակնհայտ զոհ։

ՀԲԸՄ-ն հավատացած է, որ ժամանակն է վերջ տալու Հայաստանի և Ադրբեջանի միջև «երկու կողմերի մեղավորությունը» շեշտող լուռ քաղաքականությանը՝ հաշվի առնելով Արցախում ծայրահեղ ծանր վիճակը:

«Միջազգային հանրությունն այդպես էլ չկարողացավ ճշգրիտ ձևակերպում տալ այս հակամարտությանը, իսկ այդ ընթացքում Արցախի ժողովուրդն իր պապենական հողերից վտարվելու շեմին է հայտնվել», - նշում է աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող համահայկական կազմակերպության՝ ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանը։

«Բազմաթիվ փաստագրված վկայություններ կան, որոնք ցույց են տալիս, որ Արցախի ժողովուրդը Ադրբեջանի դեմ բռնություն չի նախաձեռնել, այլ  փոխարենը մշտապես փնտրել է իրավական ուղիներ՝ պահպանելու Արցախի պատմական կարգավիճակը՝ որպես ինքնավար քաղաքական միավոր։ Հայերը փորձեցին ինքնապաշտպանվել ռազմական ճանապարհով միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը որոշեց ուժ կիրառել՝ զրկելու հայերին իրենց ինքնորոշման իրավունքից։ Ըստ ամենայնի՝ Ադրբեջանը հավատացած է, որ շրջափակված, ճնշված և էթնիկ խտրականության ենթարկված մարդկանց խումբն իրավունք չունի պայքարելու իր ապրելու իրավունքի համար»,- շարունակեց Սեդրակյանը:

Ադրբեջանը մշտապես եղել է ագրեսիա նախաձեռնողը, ինչը հանգեցրել է մի շարք  մահացու և հանցավոր գործողությունների, այդ թվում՝ Արցախի իննամսյա շրջափակմանը, քիմիական զենքի կիրառմանը, ռազմագերիների խոշտանգումներին, հայկական եկեղեցիների և քրիստոնեական սրբությունների պղծմանը և քաղաքացիական անձանց թիրախավորված հրետակոծմանը։ Այս բոլոր հանցագործությունները պետք է հաշվի առնվեն ընթացիկ ճգնաժամի մասին զեկուցելիս կամ մեկնաբանելիս։

«Համատեքստը, ծանրակշիռ ապացույցները և անկողմնակալ փաստահավաք առաքելություններն են ճշմարտության և արդարության հասնելու միակ ճանապարհն այս դեպքում»,- ասում է ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ և ԶԼՄ-ների հետ կապերի փորձագետ Արդա Հարաթունյանը: «Դա աշխարհի պարտքն է հայերի հանդեպ, ովքեր մեծապես տուժել են նման կեղծ հավասարությունից և կողմնակալ զեկույցներից։ Երբ արդյունքը ժողովրդավարական և խաղաղ ժողովրդի ոչնչացումն է և անմեղ մարդկանց, այդ թվում՝ երեխաների սպանությունը, լիարժեք և ճշգրիտ լուսաբանումը վճռորոշ է»։

Հայաստան ՀԲԸՄ

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին