«Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակի 2-րդ համարը՝ Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Երևանի նորընտիր ավագանիում հնարավոր կոալիցիաներին։
«Ովքեր հարցնում են կոալիցիայի մասին, պատասխանեմ` իմ կարծիքով միակ հնարավոր տարբերակը ՔՊ-ի ու Արամ Սարգսյանի միջև կոալիցիան է, որ հնարավոր է:
Ավելին` Զեյնալյանին ընտրողները չեն տեսնի նրան ավագանիում, քանի որ նա հավանաբար չի վերցնի մանդատը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ, կուսակցության ցուցակի երկրորդ համար Հայկ Գրիգորյանը։
«Նրանց մասնակցության միակ նպատակը ՔՊ օգնելն էր` խուսափելու լիակատար պարտությունից։ Տեղի ունեցած ընտրությունների արդյունքում արձանագրվեց որ ՔՊ նույնիսկ քարոզչությանը Նիկոլի անձնական մասնակցության ու տեղեկատվական տեռորի պայմաններում չկարողացավ ստանալ վստահության նվազագույն չափաբաժին։ ՔՊ կառավարման ավարտի սկիզբը սկսված է։ Ու դա արել է ոչ նախկին և ոչ ներկա կամ նրանց հետ փոխկապակցված ուժ։ Դա արել է այդքան սպասելի այլընտրանքային նոր ուժը»,- գրել է Գրիգորյանը։
Հիշեցնենք, «Հանրային ձայն» կուսակցության առաջնորղդ Վարդան Ղուկասյանը «Ազգային առաջընթաց» կուսակցության ու «Մայր Հայաստան» դաշինքի հետ համագործակցության կոչ էր արել՝ իր պայմաններն առաջարկելով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների նախնական տվյալներով Երեւանի ավագանի են անցնում 5 քաղաքական ուժեր՝ ՔՊ-ն (32,57 տոկոս), «Ազգային առաջընթացը» (18,89 տոկոս), «Մայր Հայաստան» դաշինքը (15,43 տոկոս), «Հանրապետությունը» (11,32 տոկոս) եւ «Հանրային ձայնը» (9,68 տոկոս):
Նշենք, որ եթե ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալները չփոփոխվեն, ավագանու մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ․
«Քաղաքացիական պայմանագիր» - 24
«Ազգային առաջընթաց» - 14
«Մայր Հայաստան» - 12
«Հանրապետություն» - 8
«Հանրային ձայն»- 7
Սա նշանակում է, որ որեւէ ուժի չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ձևավորել և քաղաքապետ պետք է ընտրվի կոալիցիոն կառավարմամբ։ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է կոալիցիայի «Մայր Հայաստանի» և «Ազգային առաջընթաց» կուսակցության հետ։ Նա նշել է՝ կողմ է, որ կամ Անդրանիկ Թևանյանը կամ Հայկ Մարությանը դառնան քաղաքապետ, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։
Հայկ Մարությանը մինչ այս պահը որևէ կերպ չի արձագանքել հետընտրական զարգացումներին։