f

Անկախ

«Հրանտն այլևս չկար, բայց երջանկության հոտը դեռ մեր տան մեջ էր․․․»


Նունեի համար աշխարհի ամենալավ տեղն իր ծննդավայրն էր՝ Ջերմուկը, քանի դեռ ճակատագիրը նրան չէր տարել Արցախ, որտեղ գտավ իր երջակությունը և որտեղ կորցրեց այն։

Հիմա նա պաշարված Արցախում է իր 3 երեխաների հետ։ Արցախից չի հեռանում հանուն 44-օրյա պատերազմում զոհված ամուսնու ու հանուն նրա ծնողների, որոնք որդու կարոտն ու կիսատ մնացած կյանքը թոռների մեջ են վերագտնում։

***

«Արցախ էի եկել սովորելու։ Մայրս արմատներով արցախցի է, այդ ժամանակ աշխատանքի առաջարկ էր ստացել Պաշտպանության բանակից՝ աշխատելու որպես բուժքույր, և անցել էր ծառայության Մարտունիում, ես էլ եկա Ստեփանակերտ, որ իրեն ավելի մոտ լինեմ»։

2007 թվականին Նունեն ընդունվում է Արցախի պետական համալսարան՝ տնտեսաիրավաբանական ֆակուլտետ։ Ապագա ամուսնու՝ Հրանտի հետ ծանոթանում են հենց ընդունելության քննությունների օրը։ Հետո պարզում է՝ նույն կուրսից են, բայց տարբեր խմբերից։

«Առաջին կուրսի վերջում սկսեցինք շփվել։ 2009 թվականին նշանվեցինք, Հրանտը գնաց բանակ։ 2011-ին վերադարձավ, ամուսնացանք»։

2012 թ․ ծնվում է Նունեի ու Հրանտի առաջնեկ որդին՝ Մավրը, 2016-ին ծնվում է նրանց դուստրը՝ Մերին, իսկ 2020 թվականին՝ պատերազմից առաջ, ծնվում է փոքր որդին՝ Արամը։

«Մեզ համար ամեն օր տոն էր, Գրանտոն (մենք իրեն էդպես էինք ասում) ուներ մեծ ընկերական շրջապատ, շատ կենսուրախ մարդ էր, ամեն օր Արցախի մի անկյունում հավաքվում էինք ընկերներով։ Շատ, չափից դուրս շատ էր սիրում էր իր հայրենիքը։ Ասում էր՝ Արցախից բացի ուրիշ տեղ չեմ կարող ապրել, Արցախն է իմ տունը։ Այն մարդկանցից էր, որ իսկապես պատրաստ էր կյանքը զոհաբերել հանուն այս հողի»։

Նունեն հիշում է՝ երբ Հրանտը լսում էր «Գինի լից» երգը, ասում էր՝ երանի նրան, ով իր հողի համար կմեռնի։

«Ասում էի՝ լավ էլի, մի խոսիր էդպիսի բաներ, ասում էր՝ դու չես պատկերացնում, թե դա ինչ է։ Ու հատկապես պատերազմից առաջ միայն հայրենասիրական երգեր էր լսում։ Ողջ 2019 թվականի ընթացքում Հրանտն իր կոլեկտիվի համար էքսկուրսիաներ էր կազմակերպում Արցախի տարբեր բնակավայրերում։ Ոնց որ ագահի պես ուզենար վայելել այդ հողերը, որ հիմա անցել են թշնամուն»։

***

2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտը Նունեն չի մոռանա։ Այդ օրը պիտի Ջերմուկ գնային հանգստանալու։ Նունեն երեկոյան ճամպրուկները հավաքել էր, որ առավոտյան ճանապարհ ընկնեն։ Բայց լուսաբացին արթնանում է խուլ դղրդոցի ձայնից։ Մտածում է՝ հարևաններն են շինարարություն անում։ Հետո երկրորդ պայթյունն է լսվում՝ արդեն ավելի մոտիկից։ Գնում է պատշգամբ, տեսնում է պարզ ու անամպ երկնքում երկու տարօրինակ ծուխ ու մի քանի տասնյակ անօդաչուներ։

Վազում է, Հրանտին արթնացնում՝ վե՛ր կաց, կռիվ է սկսվել։

Երեխաներին արթնացնում են և Ջերմուկում հանգստանալու փոխարեն հայտնվում կողքի շենքի նկուղում, իսկ Հրանտը շտապում է դեպի կամավորների հավաքագրման կայան։

«Այդ օրերին շատերն իրենց ընտանիքներին դուրս հանեցին Արցախից, բայց մենք էնքան վստահ էինք, որ ամեն ինչ արագ է վերջանալու, որ մնացինք և երեխաների հետ գնացինք Հրանտենց գյուղ՝ Ասկերանի շրջանի Խանցք գյուղ, որն այդ ժամանակ համեմատաբար ավելի ապահով էր»։

Սեպտեմբերի 28-ին Հրանտը ռազմաճակատից զանգում է, կարճ խոսում՝ ասելով, որ ամեն ինչ լավ է, առաջ են գնում։ Նունեն համոզված էր, որ ամուսնուն ոչինչ չի պատահի, սիրտը հանգիստ էր նրա համար։

«Սեպտեմբերի  29-ին մենք գնացինք Ջերմուկ, քանի որ արդեն գյուղում էլ ապահով չէր։ Այդ օրը երեկոյան ինձ զանգեց, իմացավ, որ մենք ապահով տեղում ենք, հանգստացավ, ասեց՝ դուք չզանգեք, ես կզանգեմ, եթե ստացվի»։

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 30-ին, Նունեն Հրանտից զանգ չստացավ։ Մտածեց՝ երևի հարմար չի եղել, չի զանգել։

«Հոկտեմբերի 1-ին ես զանգեցի Արցախ ամուսնուս ծնողներին, որ լուր ունենամ, բայց զանգերիս ոչ ոք չէր պատասխանում։ Հետո հարևանը պատասխանեց, ասաց՝ Հրանտը վիրավորվել է, վերջում էլ ավելացրեց՝ բայց․․․ծանր է, պիտի գաս։ Հասկացա, որ Հրանտն այլևս չկա․․․»։

Հրանտ Ավետիսյանը զոհվել էր Հադրութում՝ պատերազմի ամենաթեժ տեղերից մեկում, որտեղ առաջին օրերին մեծաթիվ զոհեր էին եղել։ Անօդաչուի հարվածից բեկորային մահացու վիրավորում էր ստացել։ Նա 29 տարեկան էր։

«Այս պատերազմն անկազմակերպ ու անողնաշար կառավարման հետևանք էր»,-ասում  է Նունեն։

Երբ ամուսինը զոհվեց, փոքր որդին ընդամենը 4 ամսական էր։ Այդ ժամանակ Նունեն երեխաների հետ տեղափոխվում է Մասիս՝ հորեղբոր աղջկա տուն, որն իր ուսերին է վերցնում բոլոր հոգսերը։

Ասում է՝ այդ ծանր, դժոխային ապրումներից իրեն օգնել են դուրս գալ հորեղբոր աղջիկը՝ Նվարդը, և իր 4 ամսական փոքրիկը, որը ո՛չ պատերազմ էր հասկանում, ո՛չ մահ, ո՛չ արցունք և ուզում էր, որ մայրիկն իրեն կերակրի, հոգ տանի ու ժպտա։

«Երևի փոքր որդուս ունեցել էի, որ այդ ծանր ժամանակ ինքն էլ ինձ կյանք տար։ Ու իսկապես նա մեզ հանեց սգից, օգնեց, որ նորից ապրելու ուժ գտնենք»։

Դեկտեմբերի 9-ին Նունեն վերադառնում է Ստեփանակերտ։ Մտածում էր, որ շատ ծանր կլինի մտնել իր տուն, որտեղ սիրելին այլևս չկա։

«Բայց երբ տուն մտա, հարազատության էնպիսի զգացում ապրեցի, ախր ես այդ տան մեջ միայն երջանիկ էի եղել, ու չնայած Հրանտն այլևս չկար, բայց երջանկության հոտը դեռ մեր տան մեջ էր»։

Չնայած բոլոր դժվարություններին՝ Նունեն հասկանում էր, որ իր երեխաների կողքին պետք է լինի ուժեղ մայր, քանի որ նրանց հայրն այլևս չկա։

«Եթե ես մնայի ընկճախտի մեջ, ես պիտի ընկճված սերունդ մեծացնեի։ Բայց իմ երեխաներն ուժեղ էին գենետիկորեն, ինչպես իրենց հայրը, ես իրավունք չունեի նրանց կոտրելու։ Հասկացա, որ պիտի ամեն ինչ անեմ, որ հաղթահարեմ տառապանքը, նորից ապրեմ հանուն երեխաներիս»։

***

Արցախի պաշարման հետևանքով, ինչպես բոլոր արցախցիները, նրանց ընտանիքը նույնպես զրկված է բնականոն կենսակերպից։ Բայց նույնիսկ այս իրավիճակում Նունեն չի դժգոհում։ Ասում է՝ դեռ կդիմանանք։

«Ճիշտ է՝ կարծես տեղափոխված լինենք 90-ականներ, երբ զուգարանի թղթի փոխարեն, օրինակ, թերթ ենք օգտագործում, օճառ չկա, ձեթ չկա, հաց չկա, շաքարավազ չկա, չնայած 90-ականներից ավելի վատ է, քանի որ մենք ամեն հարմարություն ունենալով ենք ընկել այս վիճակի մեջ»։

Երբեմն դժվարություններից ու անզորությունից Նունեն թևաթափ է լինում և ուզում է երեխաներին վերցնել ու փախչել այստեղից, բայց այդ զգացողությունը շատ կարճ է տևում։ Հասկանում է, որ Արցախից հեռանալն իր համար շատ ավելի ցավոտ է լինելու, քան թեկուզ այս վիճակում այստեղ ապրելը։

«Ես իմ խղճի հանդեպ պիտի հանգիստ լինեմ։ Ամուսնուս ծնողները, որ կորցրել են իրենց դստերն ու որդուն (Հրանտից առաջ մահացել է նաև նրա քույրը), հիմա միայն մի սփոփանք ունեն՝ թոռները։ Բացի այդ ես միշտ ասում եմ՝ այս հողը պիտի հայկական ու հայաբնակ մնա։ Եթե նույնիսկ ես այստեղ չլինեմ, իմ ամուսնու գերեզմանն այստեղ է, ու ես պիտի կարողանամ այցելել նրա գերեզմանին»։

 

 

 

 

Արցախ Արցախի շրջափակում Հրանտ Ավետիսյան հերոսներ 44-օրյա պատերազմ խմբագրի ընտրանի Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին