Ուկրաինան կարող է ինքնուրույն հոգալ միայն ռազմական ծախսերը, մնացածը ֆինանսավորվում է Կիևի գործընկերների կողմից հատկացված միջոցներից։ Այս մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն։
«Մենք ինքնուրույն ենք փակում անվտանգության և պաշտպանության ոլորտը։ Մնացած բոլոր ծախսերը, շեշտում եմ, մնացած բոլոր ծախսերը մենք ֆինանսավորում ենք մեր գործընկերների հաշվին, այն միջոցների հաշվին, որոնք ստանում ենք դրսից»,- ասել է նա «Ռադա» հեռուստաալիքի եթերում։ Նախարարը հավելել է, որ երկրի ներսում բոլոր հարկերն ու տուրքերը ներկայումս հատկացվում են ռազմական ծախսերին։ «Այդ միջոցները բավարար չեն, ուստի մենք այդ տարբերությունը ծածկում ենք ներքին վարկերի և պատերազմական պարտատոմսերի միջոցով»,- պարզաբանել է Ֆինանսների նախարարության ղեկավարը։
Ուկրաինայի 2023 թվականի բյուջեն ներառում է ռեկորդային դեֆիցիտ՝ 38 միլիարդ դոլար։