ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ցավում է, որ Վրաստանի մի մասի և ուկրաինական Ղրիմի օկուպացիայից հետո Ռուսաստանին հաջողվել է խուսափել պատասխանատվությունից։
2008-ին Վրաստանն էր, 2014-ին՝ Ղրիմը, իսկ 2022-ին՝ լայնածավալ ներխուժում։ Ռուսաստանը կարողացավ խուսափել պատասխանատվությունից, և ես ցավում եմ դրա համար։ Այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պաշտպանության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։
Այժմ, ըստ նրա, ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն այլ ելք չունեն, քան հոգ տանել անվտանգության մասին՝ ներդրումներ կատարելով պաշտպանության ոլորտում և աջակցելով Ուկրաինային, հայտնում է УНИАН-ը։
«Որովհետև, եթե Պուտինը հաղթի Ուկրաինայում, դա ողբերգություն կլինի ուկրաինացիների համար, բայց դա նաև վտանգավոր է մեզ համար, քանի որ դա նշան կլինի ավտորիտար առաջնորդների համար, որ դուք ռազմական ուժի օգնությամբ կարող եք անել այն, ինչ ուզում եք»,- ասել է գլխավոր քարտուղարը։