Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ երկրի զինված ուժերը «կկտրեն ցանկացած ձեռք, որը կբարձրանա Իրանի դեմ ագրեսիայի մեջ»։ Այս մասին հայտնում է FarsNews-ը։
Հայտարարությունը Ռաիսին արել է Պաշտպանական արդյունաբերության օրվա կապակցությամբ պաշտպանության նախարարության ղեկավարության և ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Նա ընդգծել է, որ երկրի պաշտպանական արդյունաբերությունն աջակցում է զինված ուժերին՝ Իրանի անվտանգության ապահովման ու ամրապնդման գործում։ Միաժամանակ, այաթոլլան ընդգծել է, որ Իրանի պաշտպանական և միջուկային արդյունաբերությունը զգալի առաջընթաց է գրանցել՝ չնայած կոշտ պատժամիջոցներին:
«Այսօր մենք կարող ենք վստահորեն աշխարհին ներկայացնել Իրանը որպես առաջադեմ և տեխնոլոգիական երկիր, ինչը մեր երիտասարդ գիտնականների ջանքերի և հմուտ ձեռքերի շնորհիվ է, և դա ձեռք է բերվել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի գլխավորությամբ»,- ասել է Ռաիսին։