Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Իսրայել կատարած այցի ընթացքում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Վարչապետները հանդիպում են ունեցել ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ ընդլայնված կազմով, հաղորդում է վրացական Առաջին ալիքը:
Կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության հիմնական ուղղությունները և առկա համագործակցության հետագա խորացման հեռանկարները:
Ղարիբաշվիլին նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին:
«Ես ուրախ եմ հանդիպել վարչապետ Նեթանյահուի հետ Իսրայել կատարած այցի ժամանակ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Հաջորդ տարի մենք սկսում ենք ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Դրանով ամրապնդվում են մեր կապերը տնտեսության, պաշտպանության և անվտանգության ոլորտներում։ Ես շնորհակալ եմ Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում Իսրայելի աջակցության համար»,-ասել է Ղարիբաշվիլին։