Այն ժողովուրդը, որը զրկված է մտածելու հնարավորությունից, որը կորցրել է իր ազգային ինքնասիրությունը, դատապարտված է պատմության թատերաբեմից հեռանալուն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, Կառավարության դիմաց ակցիայի ընթացքում ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը։
«Նրանք սպանում են հայի միտքն ու ոգին: Ինչ-որ մի համաշխարհային չակերտավոր երգիչ, որը կասկածելի սեռական կողմնորոշում ունի, հայտնի է իր սկանդալային բնավորությամբ, ըստ էության, հանցագործ է, 23 միլիոն դոլար ծախսել, բերել այստեղ իմ հարկերի հաշվին խրախճանք անել ժանտախտի պահին, նշանակում է՝ թքած ունենալ ժողովրդի մտածողության վրա: Մեր երեխաներին զրկում են Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան հասկանալուց, որոնք ազգային որակ են»,- նշեց գրականագետը:
Սրապիոնյանի խոսքով՝ հաջորդ սերունդը չի էլ հասկանալու՝ ո՞վ է Կոմիտասը, չի ունենալու ազգային մտածողություն. «Դրանով ավելի հետ կառավարելի է դառնալու եւ լուծելու է այս մարդկանց գերագույն գլխավոր նպատակը, այն է՝ իր տանը նստել, սպասել թուրքի ողորմածությանը»:
Նշենք, որ քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել Կառավարության դիմաց: Նրանք պահանջում են զարգացնել ռազմարդյունաբերությունը, այլ ոչ թե երկրում ստեղծված ծանր իրավիճակում համերգներ կազմակերպել: