f

Անկախ

ԵՍ ՈՒ ԱՐՑԱԽԸ (Հիշողություններ)


Արցախի համար այս ծանր օրերին, որոշեցի ներկայացնել իմ առաջին և երկրորդ  այցերը Արցախ աշխարհ և թե ինչ է նշանակում ինձ համար Արցախը։

Մաս I

 

Հայրս սովորություն ուներ, ամռան ամիսներին ինձ, քրոջս, հետագայում եղբորս հետ ճամփորդել Հայաստանի տարբեր շրջաններ, մեզ ցույց տալ մեր երկրի գեղատեսիլ վայրերն ու պատմական հուշարձանները։ Տարիներ անց միայն հասկացա, այդ ճամփորդությունների իմաստը։ Հայաստանի ամեն շրջան, քաղաք, գյուղ  այցելելիս, այդ վայրերն ու բնակիչներն, արդեն դառնում էին մեզ հարազատ։ Եվ երբեք, մեր մտքով իսկ չէր անցնի, այ այս գյուղից, շրջանից, սարից հրաժարվենք, որ «խաղաղ» ապրենք։

1968 թվականի ամառն էր, ես 13 տարեկան պատանի էի։ Հայրս որոշեց իմ ու քրոջս հետ ճամփորդել, այս անգամ դեպի հարավ։ Այսօրվա պես հիշում եմ այդ հեքիաթային ճամփորդությունը։ Առաջին կանգառը Եղեգնաձորում էր։ Մի քանի օր մնացինք Եղեգնաձորի հյուրանոցում, ամեն օր արշավի գնալով տարբեր հուշարձաններ տեսնելու՝ Պռոշաբերդ, Սմբատաբերդ, Նորավանք, Սպիտակավոր վանք, Սուրբ Խաչ եկեղեցի, Թանահատի վանք, որտեղ եղել է Գլաձորի համալսարանը, Արենիի վանք, Սելիմի քարվանսարա, Հերհերի վանք, Եղեգիսի ձորի հին քաղաքի  ավերակներ։ Բոլոր ճանապարհները դժվարանցանելի էին, գրունտային։ Ծանոթի միջոցով գտանք Ուազ (Վիլիս) մեքենա տաքսի։ Հիշում եմ նաև վարորդի անունը՝ Լենիկ (Լենինի մտերմիկ ձևը)։ Ամեն ճամփորդության համար հայրս ժամի և գումարի համար պայմանավորվում էր Լենիկի հետ և ինչ-որ պահից, Լենիկն արդեն, ոչ թե պայմանավորված տեղում մեզ սպասում էր, այլ արդեն հետաքրքրված մեզ հետ  քայլում, բարձրանում էր՝ տեսնելու պատմական հուշարձանները։ Հատկապես, տպավորված է դեպի Նորավանք արշավը։ Այն ժամանակ դեռ չկար այսօրվա բարեկարգ, ասֆալտապատ ճանապարհը։ Նորավանք հասնելու համար, պետք էր լեռնային, գրունտային կիրճի եզրով անցնող, խիստ վտանգավոր, անբարեկարգ ճանապարհով հասնել Ամաղու գյուղ , այնտեղից արդեն, ոտքով իջնել ձոր և բարձրանալ դեպի Նորավանք։ Եղանք նաև Նախիջևանին սահմանամամերձ Խաչիկ գյուղում։ Մեկ օր հանգստացանք Ջերմուկում։ Չեմ կարող մոռանալ, երբ ճաշելու գնացինք Ջերմուկի մի «Վետերոկ», որտեղ  մարմնեղ երաժիշտ կին, քամանչա նվագելով, երգում էր աշուղական երգեր։ «Վետերոկի» այցելուները, հիմնականում վարորդներ էին, որոնք, օղու բաժակը ձեռքերին, կարմրատակած աչքերով, ամեն երգին արձագանքում էին․ «Ջան, Տոտա ջան, ջան» և խորտիկներ ուղարկում աշուղուհու սեղան։ Հաջորդ կանգառը Սիսիանն էր։ Այցելեցինք Շաքիի ջրվեժ, Սիսիանի եկեղեցի։ Հաջորդ կանգառը Գորիսն էր։ Եղանք Տաթևի վանքում, տեսանք Սատանի կամուրջը։ Տպավորված էի հատկապես   հին Գորիսի և Խնձորեսկի, ժամանակին բնակելի քարանձավներով։ Զարմանքով տեսանք, որ այն տարիներին Խնձորեսկի որոշ քարանձավները դեռևս բնակելի էին։ Խնձորեսկի ձորում այցելեցինք Մխիթար սպարապետի գերեզմանին։

Գորիսից ուղևորվեցինք Արցախ և մի քանի օր մնացինք Ստեփանակերտի հյուրանոցում։ Ստեփանակերտում մեզ դիմավորեց և այդ օրերին տարբեր վայրեր ուղեկցեց, հորս նախկին ուսանողներից մեկը՝ Ալյոշան (ազգանունը չեմ հիշում), ով  աշխատում էր Ստեփանակերտի քաղխորհրդում, կարծեմ ՝ մշակույթի բաժնի վարիչ։

Այցելեցինք Գանձասար, Ամարաս, այլ վայրեր։ Գնացինք հինավուրց հայոց բերդաքաղաք Շուշի, որը 1920թ․ հայկական ջարդերից հետո, բնակեցվել էր հիմնականում  ադրբեջանցիներով։ Երբ քայլում էինք Շուշիի փողոցներով, տեղացիները կասկածանքով էին մեզ նայում, հետևում մեր տեղաշարժին։ Ազդված էի, հատկապես երբ մոտեցանք Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն։ Եկեղեցին կիսավեր վիճակում էր, տարածքը ցանկապատված , որպես տրակտորների կայան։ Եկեղեցուն նայեցինք ցանկապատերի արանքից․․․ահավոր ազդված և հուզված էինք։

Ստեփանակերտում մեզ ցույց տվեցին մի երիտասարդի, որը ականատես լինելով մի տեսարանի,մի քանի օրվա ընթացքում դարձել էր սպիտակահեր։ Մեզ պատմեցին այդ սարսափազդու պատմությունը, երբ մի ադրբեջանցի խոշտանգել և սպանել էր անչափահաս հայ տղայի։ Բաքվից եկած դատարանը, Ստեփանակերտում արդարացրել էր հանցագործին։ Զայրացած արցախցիները հարձակվել էին հանցագործին տեղափոխող մեքենայի վրա։ Բոլոր երիտասարդներին  խոշտանգել և կալանավորել էին Բաքվից եկած ոստիկանական ուժերը։

Երբ վերադարձանք Երևան, իհարկե հիշելով մեր ողջ հրաշալի ճամփորդությունը, անընդհատ հուզմունքով մտածում էի Արցախի մասին։

Արցախից վերադառնալուց հետո, հայրս մանրամասն պատմեց Արցախի պատմությունը, սկսած Արցախի մելիքություններից, վերջացրած 1921 թվականի Կավբյուրոյի որոշումով։ Որպես արցախցիների ոգու ուժի նկարագրություն, հայրս պատմեց, հետագայում ինքս կարդացի, Սարդարապատի ճակատամարտից հետո անգլիացի  ականատեսների հուշերը։ Ճակատամարտից հետո նրանք այցելում են վրանային հոսպիտալներ։ Քանի որ Սարդարապատում կռվող ջոկատները, հիմնականում, տեղային համալրումներ ունեին, այնպես էլ վրաններում պառկած էին նույն ջոկատների վիրավոր զինվորները։ Այցելուները հատկապես տպավորված էին արցախահայերի վրան-հոսպիտալի այցելությունից։ Ըստ նրանց գրառումների, հարցին, թե ինչպես են իրենց զգում, նույնիսկ ամենածանր վիրավորները, առանց տրտջալու, պատասխանում էին․

-Ի՞նչ կապ ունի ես ինչպես եմ, կարևորը հաղթեցինք, չէ՞, պահեցինք դիրքերը։

Մաս II

Հաջորդ այցելությունս դեպի Արցախ 1984 թվականին էր։ Ասպիրանտ էի Լենինգրադի (Սանկտ- Պետերբուրգ) Համամիութենական Երկրաբանական գիտահետազոտական ինստիտուտում։ Ինստիտուտի հրաբխագիտական բաժնի երկրաբանական արշավախմբի կազմում, մասնակցեցի Արցախում  Յուրայի դարաշրջանի հրաբխականության ուսումնասիրությանը։ Արշավախումբն Արցախում աշխատեց շուրջ մեկ ու կես ամիս։ Եղանք Արցախի համարյա բոլոր վայրերում, մի քանի օր այս գյուղի մոտակայքում էինք խփում մեր վրանային ճամբարը, ապա տեղափոխվում այլ վայր։ Առաջին ճամբարը Հադրութի շրջանում էր, շրջկենտրոնից ոչ հեռու։ Ճամբար խփեցինք նաև  Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում և այլ վայրերում։ Արշավախմբում միակ հայը ես էի։ Երբ հերթական ճանբարը պետք է խփեինք Մարտունու շրջանի  Մուշկապատ գյուղի մոտակայքում, արդեն հոգնած վրանային կյանքից, արշավախմբի անդամներին առաջարկեցի փորձել որպես կացարան օգտագործել գյուղի դպրոցը, քանի որ դպրոցական արձակուրդներ էին։ Բոլորը զարմացած նայեցին՝ «ինչպե՞ս»։ Գնացի գյուղամեջ և հարցրի, թե դպրոցի տնօրենին ինչպես կարող եմ տեսնել։ Ծանոթանալով դպրոցի տնօրենի հետ, ներկայացրեցի առաջարկությունս։ Տնօրենն ուրախությամբ համաձայնեց և արշավախումբը տեղավորվեց դպրոցի շենքում, արշավախմբի ամեն անդամ տեղավորվեց առանձին դասասենյակում։ Մի խոսքով, դաշտային կոմֆորտ՝ առանձին համարներով, հոսող ջրով, զուգարաններով։ Այդ օրվանից արշավախմբի անդամներն ինձ կոչեցին արշավախմբի արտաքին գործերի նախարար։ Այսպես ասած, մենք էլ «պարտքի տակ չմնացինք»։ Դպրոցի համար կազմեցինք Մուշկապատ գյուղի շրջակայքի երկրաբանական քարտեզ, պայմանական նշաններով, կապակցված հրաբխային ապարների նմուշների հավաքածուով։ Դպրոցի տնօրենն անչափ գոհ էր։ Մուշկապատի բնակիչները ոգևորված էին, որ արշավախմբի կազմում հայաստանցի կա և ամեն օր մեզ թարմ բանջարեղեն էին բերում։ Արշավախմբում աշխատելը մասնագիտական տեսակետից, ինձ համար ավելի քան օգտակար էր։ Բացի մասնագիտական քննարկումներից, երեկոները զրուցում էինք տարբեր հարցերից։ Երբ ճամբարը Վանք գյուղի մոտակայքում էր, այցելեցինք Գանձասարի եկեղեցին։ Արշավախմբի բոլոր անդամները տպավորված էին։ Երեկոյան, նստած խարույկի շուրջը զրուցում էինք։ Արշավախմբի գիտական ղեկավար, ճանաչված գիտնական-հրաբխագետ Ալլա Սերգեևնա Օստրաումովան շրջվեց դեպի ինձ և հարցրեց․

-Ավետիք, չեմ հասկանում, Ղարաբաղում առկա են հին հայկական պատմական հուշարձաններ, պարզ երևում է, որ սա պատմական Հայաստանի մաս է։ Ինչպե՞ս է պատահել, որ Ղարաբաղը հայտնվել է Ադրբեջանի կազմում։

Որքան հնարավոր էր, ներկայացրեցի Արցախի պատմությունը, նաև թե ինչպես 1921թ․ Կավբյուրոյի երկրորդ որոշումով Արցախը տրվեց Ադրբեջանին։ Հետևեց Ալլա Սերգեևնայի, իսկապես զայրացած խոսքը․

-Ինչպիսի անարդարություն, բավական չէ, որ կորցրեցիք Արևմտյան Հայաստանը, հետո էլ՝ Ղարաբաղը։

Մեկ րոպե լռություն տիրեց և հետևեց և  արշավախմբի վարչական ղեկավար Ալեքսանդր Ավդեևի «սալդաֆոնական» արձագանքը․

-Բա մենք որքան կորուստներ ունեցանք՝ Ֆինլանդիան, Լեհաստանը։

Ինչպես նշեցի, այդ արշավախմբում ստացա մասնագիտական մեծ աճ և փորձառություն։

Սակայն , ավելի քան տպավորված և հուզված էի արցախցիների հետ շփվելուց։ Ամեն բնակավայր մտնելիս կամ դաշտային աշխատանքների ժամանակ՝ լեռներում, երբ հանդիպում, շփվում էինք  արցախցիների հետ, բնականաբար, նրանք հետաքրքրվում էին, թե ովքեր ենք, ինչով ենք զբաղվում։ Զրույցի ժամանակ, երբ պարզվում էր, որ արշավախմբի կազմում հայաստանցի հայ կա, շատերի աչքերը լցվում էին և բոլոր, այո՛ բոլոր արցախցիները հավատում էին, որ վաղ թե ուշ, Հայաստանի հետ միավորվելու են։

Արցախյան այս երկրորդ այցելությունից հետո, վերջնականապես սիրահարվեցի Արցախին և որոշեցի, հնարավոր բոլոր ջանքերս գործադրեմ Արցախի ազատագրման համար։

 

Ավետիք Իշխանյան

 

հիշողություններ Արցախի Հանրապետություն Ավետիք Իշխանյան Հայաստան անցյալից խմբագրի ընտրանի

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին