f

Անկախ

Հայաստանը UNIDO-ի CIP ինդեքսով առաջընթաց է գրանցել 23 հորիզոնականով 2012թ.-ի համեմատ


ՄԱԿ-ի Արդյունաբերության զարգացման հիմնադրամը (UNIDO) հրապարակել է Արդյունաբերական մրցակցային արդյունավետության 2023թ ինդեքսը (Competitive Industrial Performance - CIP), որը հաշվարկվել է 153 երկրների (այդ թվում՝ Հայաստանի) համար։ Ինդեքսը գնահատում է երկրի ապրանքներ արտադրելու և արտահանելու ունակությունը։ Այն իրենից ներկայացնում է արդյունաբերությանը և արտահանմանն առնչվող 8 ենթացուցիչների երկրաչափական միջին, և արժեքներ է ընդունում 0-ից 1 միջակայքում, որտեղ 0-ն` վատագույն, իսկ 1-ը լավագույն արժեքն է։

Արդյունաբերական մրցակցային արդյունավետության ինդեքսի վարկանիշային աղյուսակում Հայաստանը 0.014 միավորով զբաղեցնում է 93-րդ հորիզոնականը։ 2012 թվականի համեմատ Հայաստանն իր դիրքը բարելավել է 23 հորիզոնականով (տեղով), իսկ ինդեքսի աճը կազմել է 0.0027 միավոր: 2020 թվականի համեմատ (երբ տնտեսական անկումը կազմել էր 7.2%, իսկ արդյունաբերության ծավալը նվազել էր 8.9%-ով) Հայաստանն իր դիրքը բարելավել է 4 հորիզոնականով, իսկ ինդեքսն աճել է 0.0005 միավորով։ 2018 և 2019 թվականներին ինդեքսն ավելի բարձր է եղել քան 2023-ին, իսկ 2017-ին Հայաստանի ինդեքսը եղել է նույնքան, որքան հիմա։

Հայաստանի ինդեքսն ամենաբարձրն է եղել 1991 թվականին, սակայն մեր երկիրն այդ ժամանակ էլ (ինչպես և ներկայումս) զբաղեցրել է 93-րդ հորիզոնականը։

Ինդեքսի վարկանիշային աղյուսակում առաջատարը Գերմանիան է՝ 0.404 միավորով։ Գերմանիայի ինդեքսը շուրջ 29 անգամ գերազանցում է Հայաստանի ինդեքսին։

Հայաստանի ներկայիս ինդեքսը շուրջ 4.5 անգամ զիջում է համաշխարհային միջինին, որը կազմում է 0.061 միավոր։

Ինդեքսի վարկանիշային աղյուսակի 153 երկրներից 23 երկրների ինդեքսն ավելի քան 10 անգամ գերազանցում է Հայաստանի ինդեքսին։
 

                       

                        «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

 


                                                          

Բովանդակություն
 

Հապավումներ.. 2

Նախաբան.. 3

Հավաքների դիտարկումների արդյունքները.. 4

Հավաքների կարգավիճակը.. 4

Հավաքների կազմակերպիչները.. 5

Հավաքների թիվն ըստ ներկայացվող պահանջների բնույթի.. 6

Հավաքների թիվն ըստ մասնակիցների թվաքանակի.. 8

Հավաքների թիվն ըստ անցկացման ձևերի.. 10

Հավաքների թիվն ըստ անցկացման վայրի.. 11

Ոստիկանների քանակը և ոստիկանության վարչարարությունը հավաքների ընթացքում.. 13

Քրեական գործերի ընթացք.. 15

Առաջարկություններ.. 18

 

                                                                         

 

 

 

 

 

 

 

 

Հապավումներ

ԱԺԲ

Ազգային ժողովրդավարական բևեռ

ԱՄՆ

Ամերիկայի միացյալ նահանգներ

ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդ

ԵԱՀԿ

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն

ԵԽ

Եվրոպայի խորհուրդ

ԵՄ

Եվրոպական միություն

ԶԼՄ

Զանգվածային լրատվության միջոց

ԺՀՄԻԳ

Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ

ՀԿ

Հասարակական կազմակերպություն

ՀՀ

Հայաստանի Հանրապետություն

ՀՅԴ

Հայ հեղափոխական դաշնակցություն

ՄԱԿ

Միավորված ազգերի կազմակերպություն

ՆԳՆ

Ներքին գործերի նախարարություն

ՌԴ

Ռուսաստանի Դաշնություն

ՔԿ

Քննչական կոմիտե

 

 

Նախաբան

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շարունակում է խաղաղ հավաքների մշտադիտարկումը Հայաստանի Հանրապետությունում։ Հավաքների մշտադիտարկումը իրականացվում է անմիջական դիտորդության, ինչպես նաև ԶԼՄ և այլ աղբյուրների հրապարակումներից ստացված տեղեկությունների համադրմամբ։

Կոմիտեի կողմից խաղաղ հավաքների մշտադիտարկման ամբողջական մեթոդաբանությունը հասանելի է 2021 թ․ նոյեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածի վերաբերյալ զեկույցում[1]։ Սույն զեկույցում ամփոփված են 2023 թ․ ապրիլ-հունիս ամիսներին Երևանում անցկացված հավաքների մշտադիտարկման ընդհանուր արդյունքները։

 

Հավաքների դիտարկումների արդյունքները

2023 թ․ ապրիլ - հունիս ամիսներին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից դիտարկվել է 40 հավաք՝ Երևանում։

Հավաքների կարգավիճակը

Դիտարկված հավաքների մեծամասնության՝ 23 հավաքի պարագայում մասնակիցների քանակը չի գերազանցել 100-ը, որի դեպքում իրազեկում ներկայացնելը անհրաժեշտ չէր։

Իրազեկված են եղել դիտարկված հավաքներից 12-ը։ Ինչպես նախորդ ժամանակահատվածներում[2], ԱԺԲ կողմից Երևանի քաղաքապետարան ներկայացվել էին իրազեկումներ՝ հաշվետու ժամանակահատվածի գրեթե բոլոր օրերին Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ[3]։ Նույն վայրում մայիսի 13-ից մինչև 30-ը հավաքներ անցկացնելու իրազեկումներ էր ներկայացրել հասարակական գործիչ, լրագրող Նաիրի Հոխիկյանը, ով պատրաստակամություն էր հայտնել իր կազմակերպած հավաքները անցկացնել այն ժամերին, երբ ԱԺԲ իրազեկումներով նախատեսված էր երթ[4]։ Վերը նշված բոլոր իրազեկումները Երևանի քաղաքապետարանի կողմից ընդունվել են ի գիտություն, սակայն, հաշվետու ժամանակահատվածում ԱԺԲ-ն Ազատության հրապարակում հավաք չի անցկացրել։

Հունիսի 26-ին Երևանի քաղաքապետարանը սահմանափակում էր կիրառել ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանի կողմից իրազեկված հավաքի վայրի նկատմամբ՝ առաջարկելով Հանրապետության հրապարակի փոխարեն այն անցկացնել Մատենադարանի մոտ[5]։ Քաղաքապետարանը որոշումը պատճառաբանել էր այն հանգամանքով, որ նախատեսված հավաքի օրը՝ հուլիսի 5-ին, Հանրապետության հրապարակում տեղի էին ունենալու ՀՀ Սահմանադրության օրվան նվիրված տոնական միջոցառումներ։ Է․ Ղազարյանը որոշումը բողոքարկել էր ՀՀ վարչական դատարան, որն իր հերթին քաղաքապետարանի կիրառած սահմանափակումները անվավեր էր ճանաչել[6]։ Հատկանշական է, որ նախորդ հաշվետու ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանը կրկին համանման սահմանափակում էր կիրառել Է․ Ղազարյանի կողմից հրավիրված մեկ այլ հավաքի նկատմամբ[7], որը նույնպես դատարանի որոշմամբ ճանաչվել էր անվավեր[8]։

Հավաքների կազմակերպիչները

Դիտարկված հավաքներից 8-ը կազմակերպվել են կուսակցությունների, դաշինքների և միությունների կողմից։ Դրանցից 2-ը կազմակերպվել են ԱԺԲ-ի կողմից, 5-ը՝ ՀՅԴ և վերջինիս երիտասարդական կազմակերպության, իսկ մեկը «Հայաստան» դաշինքի պատգամավորների կողմից։

Քաղաքական նախաձեռնություններից առավել ակտիվ է եղել ընդդիմադիր «Միասին» շարժումը, որը կազմակերպել է 5 հավաք։ Դիտարկված հավաքներից ևս 5-ը կազմակերպվել են Նաիրի Հոխիկյանի և վերջինիս աջակիցների կողմից։ Հավաքներ են կազմակերպել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի և Կրթության, գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի աջակիցները՝ վերջիններիս կալանավորման դեմ։

 

 

Աջ կողմում՝ ապրիլի 4-ին «Միասին» շարժման կազմակերպած հավաքը ԱԺ նստավայրի առջև, ձախ կողմում՝ մայիսի 15-ին Գ Խաչատուրովի աջակիցների կազմակերպած հավաքը Հակակոռուպցիոն դատարանի առջև։

Դիտարկված հավաքներից 5-ը կազմակերպվել են «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության կողմից, մեկը՝ «Անմահ գունդը արտասահմանում» պատմամշակութային հասարակական կազմակերպության կողմից։

Թվով 7 հավաքներ են կազմակերպվել ընդհանուր սոցիալական և իրավական շահեր ունեցող խմբերի կողմից՝ փաստաբանների համայնքի, Գեղարքունիքի Ազատ գյուղի կացարանի հրդեհի արդյունքում զոհված զինծառայողների հարազատների, Արցախի տեղահանված քաղաքացիների և Ֆիրդուսի թաղամասի բնակիչների կողմից։

 

 

 

Պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ծնողների հավաքը ՀՀ կառավարության նստավայրի առջև՝ մայիսի 4-ին։

Հավաքների թիվն ըստ ներկայացվող պահանջների բնույթի

Ինչպես նախորդ ժամանակահատվածում, դիտարկված հավաքների մեծ մասի պարագայում բարձրացված պահանջները այս կամ այն կերպ առնչվել են Ադրբեջանի կողմից Արցախի ընթացիկ շրջափակմանը[9]։ «Միասին» շարժման նախաձեռնող անդամների պահանջը ՀՀ իշխանությունների հեռացումն էր և Արցախի ճանաչումը։ Արցախի ինքնորոշման, շրջափակման վերացման և առհասարակ  արցախահայերին աջակցություն հայտնելու հարցերը Նաիրի Հոխիկյանի և վերջինիս աջակիցների կողմից մայիս ամսին անցկացված հավաքների օրակարգում էին։ Հունիսի 27-ին մեկօրյա նստացույց իրականացնելով Ֆրանսիայի, ՌԴ և ԱՄՆ դեսպանատների, ինչպես նաև ՄԱԿ և ԵՄ ներկայացուցչությունների գրասենյակների առջև ՀՅԴ անդամները պահանջում էին հասցեատերերին գործուն քայլեր ձեռնարկել Արցախի ապաշրջափակման ուղղությամբ։ Մայիսի 10-ին համանման պահանջով հավաք են անցկացրել պատերազմի արդյունքում Արցախից տեղահանված քաղաքացիները։ Հասարակական և քաղաքական մի շարք գործիչների կողմից կազմակերպվել են խորհդանշական հավաքներ՝ ապրիլի 29-ին «Սպանված քաղաքացու օրը» խորագրով հավաքը, որը նվիրված էր իշխանությունների գործունեության պատճառով զոհված անձանց, ինչպես նաև ԱԺ նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի կողմից հունիսի 23-ին ՄԱԿ-ի ներկայացուցչության առջև իրականացված հավաքը, որի ընթացքում մասնակիցները փորձել են կազմակերպության միջոցով Արցախի երեխաների համար մանկական սնունդ փոխանցել, քանի որ շրջափակման պայմաններում դեպի Արցախ ապրանքաշրջանառությունը դադարել է։

Դիտարկված հավաքներից երկուսը կազմակերպվել են Ֆիրդուսի թաղամասի բնակիչների կողմից՝ ընդդեմ անհամաչափ փոխհատուցումների և չարաշահումների, որոնք տեղի են ունեցել իրենց բնակարանները՝ որպես հանրային գերակա շահի տարածք ճանաչելու գործընթացում։

Իրավական բնույթի պահանջներ են ներկայացվել դիտարկված հավաքներից 13-ի պարագայում։ «Որդիների կանչ» ՀԿ անդամները ապրիլի 13-ին Քննչական կոմիտեից պահանջում էին պատժել 2022 թ․ սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում որդեկորույս ծնողների դեմ բռնություններ իրականացրած ոստիկաններին։ Մայիսի 17-ից կազմակերպության անդամները և համակիրները մի շարք հավաքներ և երթեր են իրականացրել պատերազմի ընթացքում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանին ազատ արձակելու պահանջով, որը մեղադրվում էր ՀՀ վարչապետի որդուն առևանգելու մեջ[10]։ Շարունակել են հավաքներ անցկացվել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող զորամասում տեղի ունեցած հրդեհի զոհերի հարազատների կողմից, ովքեր պահանջում են բազմակողմանի քննությամբ պարզել դեպքի ողջ մանրամասները։

Դիտարկված հավաքներից երեքը կազմակերպվել են գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի և Կրթության, գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի աջակիցների կողմից՝ պահանջելով կալանքից ազատ արձակել վերջիններիս[11]։ Եվս երեք հավաք կազմակերպվել է փաստաբանական համայնքի կողմից՝ 2023 թվականին ոստիկանության բաժիններում փաստաբանների նկատմամբ տեղի ունեցած բռնությունների դեմ[12]։

Դիտարկված հավաքներից երկուսը կազմակերպել  են ՀԱԵ կողմից՝ ապրիլի 8-ին և մայիսի 27-ին։ Դրանք թեև կրել են կրոնական միջոցառման բովանդակություն, սակայն իրազեկված են եղել որպես հավաք։

   

Մայիսի 20-ին «Որդիների կանչ» ՀԿ կողմից կազմակերպած երթը և հաջորդ օրը ՀՀ կառավարության առջև անցկացված նստացույցը՝ ի պաշտպանություն Գ Հակոբյանի։

 

Հավաքների թիվն ըստ մասնակիցների թվաքանակի

Ապրիլ-հունիս ամիսներին անցկացված հավաքների մեծ մասի պարագայում մասնակիցների թիվը չի գերազանցել 100-ը։ Դրանք էին ԱԺԲ, ՀՅԴ կողմից կազմակերպված հավաքները, Ազատ գյուղի հրդեհի զոհերի հարազատների, Արցախից տեղահանվածների, պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների հարազատների կողմից անցկացված հավաքները, ինչպես նաև մի շարք հասարակական և քաղաքական գործիչների կողմից իրականացված խորհրդանշական հավաքները, Ֆիրդուսի թաղամասի բնակիչների հավաքները։

Հավաքներից 16-ի պարագայում մասնակիցների թիվը եղել է 100-ից ավելի։ Նշված հավաքներից էին մայիսի 15-ին Գ․ Խաչատուրովին և հունիսի 15-ին Ա․ Աշոտյանին ազատ արձակելու պահանջով վերջիններիս աջակիցների կողմից կազմակերպված հավաքները, ինչպես նաև հունիսի 20-ին ՀՀ ՆԳՆ առջև փաստաբանների համայնքի կողմից կազմակերպված հավաքը։ «Միասին» շարժման հավաքների մասնակցությունը եղել է 400-600 միջակայքում, Նաիրի Հոխիկյանի կողմից կազմակերպված հավաքների պարագայում մասնակիցների քանակը տատանվել է 150-ից 500-ի միջև։ Մոտ 600 մասնակից է ներկա գտնվել «Որդիների կանչ» ՀԿ կողմից մայիսի 20-ին անցկացված հավաք-երթի ընթացքում՝ ի աջակցություն Գ․ Հակոբյանի։

Հաշվետու ժամանակահատվածում դիտարկված հավաքներից առավել մեծ թվով մասնակիցներ են ներկա գտնվել ապրիլի 23-ին՝ դեպի Ցեղասպանության հուշահամալիր ՀՅԴ կողմից կազմակերպված ջահերով երթի ընթացքում (մոտ 6800 մասնակից)։

 

 

Ապրիլի 23-ին ՀՅԴ կողմից կազմակերպված ջահերով երթը՝ Հանրապետության հրապարակում։  

Հավաքների թիվն ըստ անցկացման ձևերի

Դիտարկված հավաքների մեծ մասն անցկացվել է որոշակի վայրում (27 հավաք), 9-ի դեպքում տեղի է ունեցել նաև երթ, 4-ն անցկացվել է միայն երթի ձևով։

«Որդիների կանչ» ՀԿ անդամները և աջակիցները մայիսի 20-ից մինչև 23-ը ՀՀ կառավարության նստավայրի առջև իրականացրել են նստացույց՝ պահանջելով ազատ աձակել Գ․ Հակոբյանին։ Հունիսի 27-ին ՀՅԴ անդամները մեկօրյա նստացույց են իրականացրել Ֆրանսիայի, ՌԴ և ԱՄՆ դեսպանատների, ինչպես նաև ԵՄ ներկայացուցչության գրասենյակի առջև՝ պահանջելով գործուն քայլեր ձեռնարկել Արցախի ապաշրջափակման ուղղությամբ։ Հունիսի 26-ին փաստաբանների համայնքը հայտարարել էր մեկօրյա գործադուլ՝ իր բողոքն արտահայտելով փաստաբանների նկատմամբ ոստիկանության բաժիններում կիրառած բռնությունների դեմ։

 

Հավաքների թիվն ըստ անցկացման վայրի

Հաշվետու ժամանակահատվածում դիտարկված բոլոր հավաքներն անցկացվել են Երևան քաղաքում։ Որոշ երթերի պարագայում մասնակիցները կանգ են առել տարբեր մարմինների նստավայրերի առջև, հետևաբար՝ դրանք հաշվարկվել են որպես առանձին հավաքի վայրեր։

Արախի շրջափակումը դադարեցնելու պահանջով մի շարք հավաքներ և երթեր են կազմակերպվել միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների (ՄԱԿ, ԵՄ) և օտարերկրյա պետությունների դեսպանատների առջև (Ֆրանսիայի, ՌԴ, ԱՄՆ)։

Ազատության հրապարակում հավաքներ են կազմակերպվել Նաիրի Հոխիկյանի և «Միասին» շարժման կողմից։ Շարժման անդամները ապրիլի 4-ին հավաք են անցկացրել ԱԺ նստավայրի առջև՝ ընդդեմ իշխանությունների վարած քաղաքականության, ինչպես նաև ի աջակցություն նախաձեռնության անդամ Է․ Ղազարյանի, որն այդ ընթացքում, որպես ՄԻՊ թեկնածու, ներկա էր Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին։

Նաիրի Հոխիկյանի կողմից մայիսի 8-ին Ազատության հրապարակում կազմակերպված հավաքը։

Դիտարկվել են պետական մարմինների նստավայրերի և վարչական շենքերի առջև անցկացված 17 հավաքներ, որոնցից 7-ը՝ ՀՀ կառավարության նստավայրի առջև։ Դրանք էին Ազատ գյուղի զորամասի հրդեհի պատճառով զոհված զինծառայողների հարազատների, Արցախից տեղահանված քաղաքացիների հավաքները, ապրիլի 5-ին ԱԺԲ կողմից՝ հայ ռազմագերիների վերադարձի պահանջով կազմակերպված հավաքը, ինչպես նաև մայիսի 4-ին մի շարք քաղաքական և հասարական գործիչների, պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ցույցը։ Մայիսի 20-ից մինչև 23-ը Կառավարության նստավայրի առձև նստացույց են անցկացրել «Որդիների կանչ» ՀԿ անդամները և աջակիցները՝ պահանջելով ազատ արձակել Գ․ Հակոբյանին։

Նույն պահանջով վերջիններս մայիսի 18-ին և 19-ին հավաքներ են անցկացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի առջև՝ որտեղ քննվում էր Գ․ Հակոբյանի խափանման միջոցի հարցը։ Ավելի վաղ «Որդիների կանչ» ՀԿ անդամները հավաքներ են անցկացրել նաև Քննչական կոմիտեի առջև՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում իրենց անդամների՝ որդեկորույս ծնողների նկատմամբ բռնություններ կիրառած ոստիկաններին։

Հակակոռուպցիոն դատարանի առջև հավաքներ են անցկացվել Գ․ Խաչատուրովի և Ա․ Աշոտյանի աջակիցների կողմից՝ ընդդեմ վերջիններիս կալանավորման։ Ֆիրդուսի թաղամասի բնակիչները հունիսի 12-ին հավաք են կազմակերպել ԲԴԽ առջև՝ պահանջելով իրենց բնակարաններից վտարման վերաբերյալ գործերի արդարացի քննություն։

Փաստաբանների համայնքի ներկայացուցիչները հավաքներ են կազմակերպել ՀՀ դատախազության, ՆԳՆ վարչական շենքերի առջև՝ իրենց բողոքն արտահայտելով ոստիկանության բաժիններում իրենց գործընկերների նկատմամբ կիրառած բռնությունների դեմ։

 

Փաստաբանների համայնքի կողմից ՀՀ ՆԳՆ առջև կազմակերպված հավաքը՝ ընդդեմ իրենց գործընկերների նկատմամբ բռնությունների։

Ոստիկանների քանակը և ոստիկանության վարչարարությունը հավաքների ընթացքում

Դիտարկված հավաքներից 17-ի պարագայում ներգրավված ոստիկանության ծառայողների թիվը չի գերազանցել 30-ը, 16-ի դեպքում տատանվել է 30-ից 100-ի սահմաններում, իսկ 7-ի պարագայում եղել է 100-ից ավելի։

Առավել մեծ թվով ոստիկաններ են ներկա գտնվել մայիսի 20-ին՝ «Որդիների կանչ» ՀԿ կողմից ի աջակցություն Գ․ Հակոբյանի իրականացրած հավաք-երթի ընթացքում։ Կառավարության նստավայրի և դրա հարակից տարածքում ոստիկանների ընդհանուր թիվը գերազանցել է 300-ից։

Դիտարկված մի շարք հավաքների պարագայում ոստիկանների թիվը եղել է հավաքի մասնակիցների թվից մեծ։ Դրանք էին Կառավարության առջև կազմակերպված ընդդիմադիր հավաքները, ինչպես նաև նույն «Որդիների կանչ» ՀԿ կողմից կազմակերպված հավաքները՝ Շենգավիթի ոստիկանության բաժնի և Քննչական կոմիտեի առջև։

 

Ոստիկանության ծառայողների շղթան՝ «Որդիների կանչ» ՀԿ կողմից մայիսի 20-ին ՀՀ կառավարության նստավայրի առջև կազմակերպված հավաքի ընթացքում։

 

Քրեական գործերի ընթացք

2022 թ․ ապրիլ-հունիս ամիսներին անցկացված հավաքների ընթացքում ոստիկանության կողմից կիրառած բազմաթիվ բռնությունների[13] վերաբերյալ գործերով, կրկին, որևէ առաջընթաց հաշվետու ժամանակահատվածում չի արձանագրվել։ Մինչ շարունակվում են 50-ից ավելի ցուցարարների նկատմամբ տարբեր հոդվածներով քրեական հետապնդումները, որևէ ոստիկան չի ներգրավվել որպես մեղադրյալ և չի կրել պատասխանատվություն, անգամ առերևույթ, որոշ դեպքերում՝ տեսախցիկների առջև ցուցարարների նկատմամբ կիրառած բռնությունների համար։ Նույնը վերաբերում է 2022 թ․ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի մոտ հավաք իրականացնող որդեկորույս ծնողների նկատմամբ բռնություններ կիրառած ոստիկանների գործին[14]։ Հատկանշական է, որ ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանը, ում դեմ կազմակերպված էր նշված հավաքը, մեղադրյալների բացակայության վերաբերյալ լրագրողի հարցին ասուլիսի ընթացքում տվել էր հետևյալ պատասխանը։

«Հիշատակեցիք «Եռաբլուր»-ի դեպքը, իսկ դուք համոզվա՞ծ եք, որ ոստիկանությունը ապօրինություն է թույլ տվել: Եթե հանցագործություն չկա, այդ գործը ո՞նց, ի՞նչ հիմքով գնա դատարան[15]»

2022 թ․ մայիսի 17-ին «Դիմադրություն» շարժման հավաքներից մեկի ընթացքում ձերբակալված Իգոր Խաչատուրովի դեմ շուրջ մեկ տարի տևած քրեական հետապնդումը դադարեցվեց՝ արդարացման վճռով։ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին մեղադրվում էր ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ՝ նույն ոստիկանի ցուցմունքի հիման վրա։

Շարունակվում են հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմի հիմքով գործերի քննությունը։ Նշված հոդվածով մեղադրվող ՀՅԴ անդամներ Արտավազդ Մարգարյանի և Գառնիկ Մանուկյանի գործով նախաքննությունը ավարտվել է և մեղադրական եզրակացությունը ուղարկվել է դատախազին[16]։ Դատաքննության փուլում է Ավետիք Չալաբյանի նկատմամբ նույն հոդվածով ավելի վաղ սկսված քրեական հետապնդումը։

 Եզրակացություն

Նախորդ տարիներին հավաքների ազատության իրավունքի կոպիտ միջամտություններին և ոստիկանական ապօրինություններին իրավական և քաղաքական գնահատական չի տրվել, իսկ ուժային կառույցների որևէ ծառայող հավաքների մասնակիցների նկատմամբ բռնությունների համար քրեական պատասխանատվության չի ենթարկվել։ Այս համատեքստում հնարավոր չէ հաշվետու ժամանակահատվածում նույնաբովանդակ խախտումների բացակայությունը դիտարկել որպես առաջընթաց, հաշվի առնելով նաև այն, որ 2023 թ․ առաջին կիսամյակում անցկացված հավաքները չեն կրել նույն ծավալը և խտությունը, ինչպես նախորդ տարիներին։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն բազմիցս անդրադարձել է հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմի՝ մարդու իրավունքների միջազգային չափանիշներին չհամապատասխանելու հարցին և առաջարկել դադարեցնել դրա գործողությունը[17]։ Այդուհանդերձ, այն շարունակվում է կիրառվել ընդդիմադիր հավաքների մասնակիցների և կազմակերպիչների նկատմամբ։ Հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ նշված հանցակազմին Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից իրենց միացյալ հրատապ կարծիքում անդրադարձ չի կատարվել։ Հանցակազմը ուղղակիորեն հակասում է վերջիններիս կողմից մշակված Խաղաղ հավաքների ազատության ուղեցույցին, որի 52-րդ պարբերությունում նշված է հետևյալը՝ «Հավաքներին մասնակցության խրախուսումը չպետք է իրավական կարգավորման ենթարկվի, քանի դեռ նման խրախուսանքի տրամադրումը չի հակասում օրենքով նախընտրական քարոզչության ֆինանսավորման վերաբերյալ սահմանված, համաչափ սահմանափակումներին»[18]։ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը, որը նախատեսում է հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմը, չի վերաբերում նախընտրական քարոզչության ֆինանսավորման սահմանափակումներին և փաստացի կիրառվում է որպես գործիք՝ ընդդիմադիր հավաքների կազմակերպիչների և մասնակիցների դեմ։

Հաշվի առնելով խաղաղ հավաքների ազատության ընթացիկ մշտադիտարկման արդյունքները, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն արձանագրում է, որ նախորդ ժամանակահատվածներում ներկայացված առաջարկությունները շարունակում են մնալ արդիական։

Առաջարկություններ

Ոստիկանությանը

  1. Ձեռնպահ մնալ հավաքների ազատության իրավունքի խախտումներից։ Հավաքների ազատության իրավունքի ցանկացած միջամտություն պետք է նախատեսված լինի օրենքով և հիմնավորված լինի համաչափության սահմանադրական սկզբունքով։
  2. Իրենց իրավասության շրջանակներում աջակցել խաղաղ հավաքների ընթացքին։ Օրենքի խախտմամբ անցկացվող, սակայն խաղաղ բնույթ ունեցող հավաքների նկատմամբ միջամտության կամ դրանք դադարեցնելու անհրաժեշտության դեպքում նվազագույնի հասցնել ուժի կիրառումը և առաջնորդվել համաչափության սկզբունքով:
  3. Բացառել հավաքների վայրերում ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշան չկրող ոստիկանների ներկայությունը։
  4. Պատշաճ քննության առնել հավաքների ազատության իրավունքի ցանկացած անհամաչափ միջամտության, անհամաչափ ուժի և բռնությունների գործադրման դեպքերը,  պատասխանատվության ենթարկել լիազորություններն անցած և կոպիտ խախտումներ թույլ տված իրավապահ համակարգի ծառայողներին։

ՀՀ ԱԱԾ-ին և քննչական մարմիններին

  1. Բացառել անձանց նկատմամբ քրեական հետապնդումը՝ վերջիններիս կողմից խաղաղ հավաքների կազմակերպման և դրանց մասնակցելու իրական պատճառով։

 

ՀՀ Կառավարությանը և Ազգային ժողովին

  1. Դադարեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմի գործողությունը և առկա խմբագրությամբ այն ներկայացնել ԵԽ Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ փորձագիտական կարծիք ստանալու նպատակով։

 

 

 


[1] Տես Հայաստանի Հելսինկյան կոմիտեի Խաղաղ հավաքների ազատության մշտադիտարկում (նոյեմբեր-դեկտեմբեր 2021 թ.) զեկույցը, էջ 4, https://bit.ly/3uQiVCA

[2] Տե՛ս Հայաստանի Հելսինկյան կոմիտեի Խաղաղ հավաքների ազատության մշտադիտարկում (հոկտեմբեր-դեկտեմբեր 2022 թ.) զեկույցը, էջ 6, https://bit.ly/3L9hbNh

[3] Տե՛ս Երևանի քաղաքապետարանի կայքի «Հանրային հավաք» բաժինը՝ համապատասխան ամիսների տվյալներով (իրազեկումները ներկայացվել են Հովհաննես Հովհաննիսյանի կողմից) https://www.yerevan.am/hy/publicmeetings/

[4] https://www.yerevan.am/uploads/media/default/0002/20/1f4593d97000c954a7005744a893cb3ccd52b767.pdf

[5] https://www.yerevan.am/hy/public-meeting/sahmanvel-e-sahmanap-akowm-hh-k-aghak-ats-i-edgar-ghazaryani-s-t-howlisi-5-in-havak-ants-kats-nelow-/

[6] Տե՛ս թիվ ՎԴ/5064/05/23 գործով ՀՀ Վարչական դատարանի որոշումը։

[7] Տե՛ս Հայաստանի Հելսինկյան կոմիտեի Խաղաղ հավաքների ազատության մշտադիտարկում (հունվար-մարտ 2023 թ.) զեկույցը, էջ 4, https://bit.ly/43zC1eL

[8] Տե՛ս թիվ ՎԴ/0387/05/23 գործով ՀՀ Վարչական դատարանի որոշումը։

[9] Ադրբեջանը 2022 թ․ դեկտեմբերի 12-ից փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, չկատարելով փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումը՝ ապահովել Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով։ Պարբերաբար հրադադարի ռեժիմի խախտումներ թույլ տալով՝ ապրիլի 23-ին Ադրբեջանը անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում, ամբողջությամբ դադարեցնելով հումանիտար բեռների տեղափոխումը Արցախ, խոչընդոտելով անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությանը։

[10] Գայանե Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդման, գործի վերաբերյալ արձանագրված խնդիրների մասին առավել մանրամասն տես  Դիտորդ #1. Արտահերթ զեկույց (2023 թ․ առաջին կիսամյակ), էջ 12-13, https://bit.ly/3pLEkhc

[11] Գրիգորի Խաչատուրովի և Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների մասին առավել մանրամասն տես վերը նշված զեկույցի 10-11 էջերը։

[12] Նույն տեղում, էջ 8-9

[13] Տե՛ս Հայաստանի Հելսինկյան կոմիտեի Խաղաղ հավաքների ազատության մշտադիտարկում (ապրիլ-հունիս 2022 թ.) զեկույցը, էջ 28-34, https://bit.ly/3KSDcyC

[14] Տե՛ս Հայաստանի Հելսինկյան կոմիտեի Խաղաղ հավաքների ազատության մշտադիտարկում (հոկտեմբեր-դեկտեմբեր 2022 թ.) զեկույցը, էջ 17, https://bit.ly/3L9hbNh

[15] «Գլխավոր դատախազն ու Աննա Հակոբյանը և Մարիամ Փաշինյանը ընկերուհիներ չեն. ՀՀ վարչապետ», Հայկական ժամանակ, 22․05․2023 թ․, https://armtimes.com/hy/article/260625

[16] «Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է», Հետք, 03․06․2023 թ․,  https://hetq.am/hy/article/156757

[17] Հանցակազմի վերլուծությունը տե՛ս «Խաղաղ հավաքների ազատության մշտադիտարկում (ապրիլ-մայիս 2022 թ.) Հրատապ զեկույց»-ում, էջ 12-14, https://drive.google.com/file/d/1tEIiQw6-teV-hY_COYn7wSW3nyTw-wwr/view?usp=sharing , ինչպես նաև՝ «Խաղաղ հավաքների ազատության մշտադիտարկում (ապրիլ - հունիս, 2022 թ.) Զեկույց»-ում,  Էջ 34-38, https://drive.google.com/file/d/1nZhpCa_NFKCZRD41g81rTJpTMkBLSPAs/view?usp=sharing 

[18] Խաղաղ հավաքների ազատության ուղեցույց (3-րդ հրատ.), Վենետիկի հանձնաժողով եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, CDLAD(2019)017, 52-րդ պարբերություն,

UNIDO-ի CIP ինդեքս Լույս հիմնադրամ Հայաստան

Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Ավելին
Ավելին