Թուրքիայի բնապահպանության և քաղաքաշինության նախարար Մեհմեդ Օժասեքին հայտարարել է, որ հաջորդ շաբաթ իշխանությունները կսկսեն Ստամբուլը նախապատրաստել հնարավոր երկրաշարժին։ Այս մասին գրել է ТАСС-ը։
Սեյսմոլոգներն ավելի վաղ զգուշացրել էին Ստամբուլում ցնցումների վտանգի մասին։
«Մենք հանդիպել ենք Էքրեմ Իմամօղլուի (Ստամբուլի քաղաքապետ - Tert.am) և շրջանների ղեկավարների հետ Ստամբուլում հնարավոր երկրաշարժի վերաբերյալ, մենք սկզբունքային համաձայնության ենք եկել։ Աշխատանքը սկսում ենք հաջորդ շաբաթ»,- ասել է Օժասեկին մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ Ստամբուլում կա 5 միլիոն 800 հազար շինություն։ Դրանցից 1․5 միլիոնը ռիսկային գոտում է, 600 հազարը՝ բարձր ռիսկային գոտում։ Նախարարը չի ներկայացրել երկրաշարժի նախապատրաստման մանրամասները։
Հուլիսի 12-ին թուրք սեյսմոլոգ Նաջի Գյորյուրը կանխատեսել էր 7,2-7,6 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ Մարմարա ծովում, որտեղ տեղակայված է 17 միլիոնանոց քաղաքը։