f

Անկախ

Կնքահայրը․ Ալեն Սիմոնյանի որդու սնանկացած քավորը 40 մլն դոլարանոց համալիրի փայատեր է. «Հետք»


Ծաղկաձոր քաղաքում կառուցվում է 40-50 միլիոն դոլար գնահատված մի համալիր, որի մեկնարկը տրվել է 2021 թ.-ի խորհրդարանական ընտրություններից հետո։

«Հետքը» պարզել է, որ բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցապատման մեջ փայ (բաժնեմաս) ունի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրը, որը դատարանի վճռով սնանկ է ճանաչված։

Համալիրի կառուցման բիզնեսում ներգրավված են «Ռան օյլ» ընկերության նախկին սեփականատեր Ռոբերտ Գալուստյանը, Երևանի նախկին ՀՀԿ-ական փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստեր հետ բիզնես հիմնած Լևան Չիկովանին։

Ինչպես արդեն նշեցինք, նրանց հետ բիզնեսի մեջ է Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրը՝ Էդգար Ավագյանը, որը երբևէ կառուցապատման բիզնեսում չի եղել, երկար տարիներ աշխատել է հայաստանյան տարբեր հեռուստաընկերություններում, հիմնականում՝ մենեջեր, այսօր էլ աշխատում է Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած «Ֆրինյուզ» ՀԸ-ում։

Բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցապատման փաստաթղթերում խախտումներ է գտել վարչապետին ենթակա Տեսչական մարմինը։ Նույն մարմինը, սակայն, չի տեսել մեկ այլ խախտում, որը «Հետք»-ն է պարզել։

2022 թ․-ի ապրիլին Ծաղկաձոր քաղաքի հրապարակի հարևանությամբ գտնվող նախկին «Արշալույս» պիոներական ճամբարի տարածքը շենք-շինություններով վաճառվել է։ Գույքի գնորդները երեքն են՝ Ռոբերտ Գալուստյանը՝ նավթամթերքի ներմուծմամբ զբաղվող «Ռան օյլ» ընկերության նախկին սեփականատերը, Կարեն Դավթյանը՝  2006-2009 թթ. Երևանի ՀՀԿ-ական փոխքաղաքապետը, Լևան Չիկովանին՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստեր գործընկերը։ 3.2 մլն դոլարով ձեռք բերված հողամասը 1.6 հեկտար տարածք է, որի վրա առկա էին խորհրդային տարիներին կառուցված երկհարկանի շենքեր։

Անշարժ գույք ձեռք բերելուն զուգահեռ՝ 2022 թ.-ի մարտին, հիմնադրվում է «Պալլադա Ծաղկաձոր» ՍՊԸ-ն։ Ընկերության հիմնադիր բաժնետերերը չորսն են՝ Ռոբերտ Գալուստյանը, Կարեն Դավթյանը, Լևան Չիկովանին և Էդգար Ավագյանը (բոլորը` 25-ական % բաժնեմասով)։ Մեկ տարի անց Կարեն Դավթյանն իր բաժնեմասը փոխանցել է իրեն փոխկապակցված անձին՝ Գեղամ Կիրակոսյանին։

Էդգար Ավագյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընկերն է, նրա որդու կնքահայրը։ Ի դեպ, մկրտության արարողությանը ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Առաջին հայացքից սովորական բիզնես գործունեություն է։ Պարզապես հարց է ծագում, թե ինչպե՞ս է դրանում ներգրավվել Էդգար Ավագյանը, ո՞րն է նրա և մյուս բաժնետերերի ընդհանրությունը, կամ ինչպե՞ս է հեռուստատեսային աշխատանքով զբաղված անձը հայտնվել 40–50 միլիոն դոլար գնահատված բիզնես նախագծում։ Գուցե քավոր-սանիկական կապե՞րն են այս ծրագրում իր ներդրումը։

Էդգար Ավագյանը դատարանի վճռով սնանկ է ճանաչվել դեռևս 2017 թ.-ին և մինչ օրս ֆինանսական առողջացման չի գնացել։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքի հետ կապվող «Ֆրինյուզ» հեռուստաընկերության փաստացի ղեկավար Էդգար Ավագյանը տարբեր տարիների աշխատել է մի շարք հայկական հեռուստաընկերություններում։

2016 թ.-ին Էդգար Ավագյանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել «Արարատբանկը», քանի որ բանկում 2012 թ.-ից Ավագյանը 28 հազար դոլարի վարկ է ունեցել, որը 2015-ից հետո պատշաճ չի մարել։  2017 թ.-ին դատարանը վճռել է Էդգար Ավագյանին սնանկ ճանաչել։ Նշանակվել է սնանկության կառավարիչ, կազմվել է պարտատերերի ցուցակ։ Բացի «Արարատբանկից», պարտատեր է ճանաչվել նաև «Ամերիաբանկը»։ Առաջին բանկի պարտքը կազմել է 26 հազար դոլար և 100 հազար դրամ, իսկ երկրորդ բանկինը՝ 17 հազար դոլար և 955 եվրո։

Սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյանը «Հետք»-ին հայտնեց, որ Էդգար Ավագյանի անունով գրանցված ավտոմեքենաներ են եղել, որոնք վաճառվել և ուղղվել են պարտքերի մարմանը, սակայն պարտավորություններն ամբողջությամբ մարված չեն։ Այդուհանդերձ, նախորդ ամիս Էդգար Ավագյանի ներկայացուցիչը սնանկության գործով կառավարչին բանավոր հայտնել է, որ Էդգար Ավագյանը ցանկանում է մարել պարտքերը, ֆինանսապես առողջանալ։

«Պալլադա Ծաղկաձորը» խախտումներով է կառուցվում

Հունիսի 26-ին Ծաղկաձորի քաղաքապետարանում մասնակցեցինք «Պալլադա Ծաղկաձոր» բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի 9 մասնաշենքից 2-ի կառուցման վերաբերյալ հանրային լսմանը։ Այդ լսումը նախորդում էր համայնքի ղեկավարի կողմից շինթույլտվություն տրամադրելուն։ Այսինքն՝ հունիսի 26-ի դրությամբ ո՛չ «Պալլադա Ծաղկաձոր» ՍՊԸ-ն, ո՛չ հողամասի սեփականատերերը բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու շինթույլտվություն չունեին։ Սակայն, մի քանի ամիս է՝ «Պալլադա Ծաղկաձորի» շինհրապարակում եռուզեռ է, համալիրի հիմքերն են դրվում, մի մասնաշենքի երկու ստորգետնյա հարկերը կառուցվել են։

Պարզվում է՝ Ծաղկաձորի ՔՊ-ական քաղաքապետ Նարեկ Հարությունյանը դեռևս 2022 թ.-ի սեպտեմբերի 27-ին կառուցապատողներին շինթույլտվություն է տվել համալիրի ստորգետնյա հարկերի հիմնակմախքի կառուցման համար։ Ինչպե՞ս է դա հնարավոր եղել։

Ուսումնասիրելով «Պալլադա Ծաղկաձոր» համալիրի քաղաքաշինական փաստաթղթերը՝ պարզեցինք, որ Ծաղկաձորի քաղաքապետը 2022 թ.-ի սեպտեմբերին կառուցապատողներին ստորգետնյա հարկերը կառուցելու թույլտվություն է տվել այն պայմաններում, երբ դեռ չէին ստացվել ՇՄԱԳ և համալիր փորձաքննությունների դրական եզրակացությունները։ ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացությունը կառուցապատողին տրվել է 2023 թ.-ի փետրվարին, իսկ պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը տրվել է 2023 թ.-ի հուլիսի 6-ին։

Այսինքն` Ծաղկաձորի քաղաքապետ Նարեկ Հարությունյանը, առանց վերը նշված փորձաքննությունների դրական եզրակացությունների, շինթույլտվություն է տրամադրել։ Համեմատության համար բերենք մեկ այլ կառույցի փուլային շինարարության օրինակ։ Երևանի Տերյան 107 հասցեի բազմաֆունկցիոնալ համալիրը նույնպես փուլային շինթույլտվությամբ է կառուցվել։ Սկզբում կառուցվել են ստորգետնյա հարկերը՝ մինչև 0 նիշ, հետո՝ մնացածը։ Սակայն, Երևանի այդ ժամանակվա քաղաքապետը ստորգետնյա հարկերի շինթույլտվությունը տրամադրել է՝ ունենալով ինչպես ՇՄԱԳ, այնպես էլ պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը։

Ինչո՞ւ է Ծաղկաձորի քաղաքապետն այդպես վարվել, ինչո՞ւ է օժանդակել կառուցապատողներին։ Համայնքապետ Նարեկ Հարությունյանը մեր հանդիպման ժամանակ չկարողացավ տալ այս հարցերի պատասխանները։

Բացատրությունը ենթադրաբար հետևյալն է՝ քաղաքաշինական փաստաթղթերը հաստատելը ժամանակատար է, կարող է նույնիսկ մեկ տարուց ավելի տևել, իսկ կառուցապատողները վարկեր են վերցնում և ցանկանում են արագ ավարտին հասցնել շինարարությունը, շուտ իրացնել տարածքները, մեծ եկամուտներ ստանալ։

ՇՄԱԳ և համալիր փորձաքննությունների դրական եզրակացություններին սպասելու փոխարեն՝ Ծաղկաձորի քաղաքապետն ընտրել է այլ ճանապարհ։

«Պալլադա Ծաղկաձորի» նախագծային փաստաթղթերի ուսումնասիրությամբ և հանրային լսման ժամանակ կառուցապատողի ներկայացուցչի հայտարարություններից պարզ դարձավ, որ համալիրը նախատեսված է մոտ 3000 մարդու համար։ Պատկերացնելու համար, թե դա ինչ թիվ է,  նշենք, որ Ծաղկաձոր քաղաքում բնակվում է է 1503 մարդ։ Համալիրում նախատեսված է կառուցել մոտ 700 բնակարան/հյուրանոցային համար։ Ըստ ընկերության ներկայացուցչի՝ ներդրման ծավալը գնահատվում է 40-50 միլիոն ԱՄՆ դոլար։ Շինարարությունը նախատեսում են ավարտել 4 տարվա ընթացքում։

Համալիրը 9 մասնաշենքից բաղկացած ներքին բակով կառույց է։ Հողամասի ռելիեֆային առանձնահատկությունից ելնելով՝ մասնաշենքերը նախագծված են տերասաձև և ունեն տարբեր հարկայնություններ, սակայն կառույցի արտաքին ճակատներից յուրաքանչյուրը ռելիեֆից 8 հարկի բարձրություն ունի։ Համալիրն ունի երկու ստորգետնյա հարկ՝ նախատեսված են 465 մեքենայի համար: Վերգետնյա հարկերի առաջին, երկրորդ և մասնակի վերջին հարկերը նախատեսված են հասարակական (սրճարաններ, խանութներ, կինոթատրոն, ռեստորան, լողավազան, մարզասրահ, սպա և այլն) տարածքների համար: Երրորդից սկսած՝ նախատեսվում են բնակելի հարկեր, որոնցում կտեղակայվի 690 բնակարան։ Այսպես է նշված նախագծային փաստաթղթում։

Տեսչական մարմինը տուգանել է Ծաղկաձորի քաղաքապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ենթակայությամբ գործող Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում չեն կարծում, որ «Պալլադա Ծաղկաձոր» համալիրը խախտումներով է կառուցում։ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեց, որ կառուցապատումն իրականացվում է համապատասխան թույլտվությամբ։ Գլխավոր խնդիրը թողած՝ Տեսչական մարմինը նախորդ տարի այլ խախտում է արձանագրել, որի համար Ծաղկաձորի քաղաքապետին 100 հազար դրամով տուգանել է։ Ըստ տեսչական մարմնի՝ կառուցապատվող տարածքում քանդման աշխատանքներն իրականացվել են առանց «քանդման և ապամոնտաժման աշխատանքների կազմակերպման նախագծի»։ Տեսչական մարմնից տրամադրել են Ծաղակաձորի քաղաքապետի թույլ տված խախտման համար կատարված վճարման անդորրագրի պատճենը՝ որպես հավաստում, որ իրավախախտը վճարել է տուգանքը։

Ալեն Սիմոնյանն ինչպես Ալեն Սիմոնյանը

Պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, նրա որդու քավոր Էդգար Ավագյանին։ Մինչ հոդվածի հրապարակումը Էդգար Ավագյանից պարզաբանում չստացանք։

ԱԺ նախագահին ուղղված գրության մեջ նշեցինք, թե ինչ ենք պարզել մեր ուսումնասիրությամբ և ինչ եզրահանգման ենք եկել․ «Հաշվի առնելով կառուցապատող ընկերության՝ առանց օրինական հիմքերի կառուցապատում իրականացնելու փաստը, Ծաղկաձորի քաղաքապետարանի անգործությունը, վարչապետին ենթակա ՔՏՀԱ տեսչական մարմնի մեղմ վարքագիծը, կառուցապատող ընկերությունում 25% բաժնեմաս ունեցող Էդգար Ավագյանի և ձեր փոխկապակցվածությունը՝ մենք եզրահանգում ենք, որ վերջինս ձեզ է ներկայացնում նշված ընկերությունում կամ ձեր հեղինակությունն է օգտագործվում անխոչընդոտ ապօրինի կառուցապատում իրականացնելու համար»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պատասխանը սպառնալից է։

«Ի պատասխան Ձեր հարցի, նշենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վերոգրյալից տեղյակ չէ, որևէ մասնակցություն չունի, որևէ ձևով տվյալ հարցին առնչություն չունի։ Բամբասանքներ, զրպարտություններ, հերյուրանքներ չենք մեկնաբանում և խնդրում ենք զերծ մնալ Ալեն Սիմոնյանի անունը հրապարակումների դիտողականությունը բարձրացնելու կամ սեփական աշխատանքն արդարացնելու անհաջող շահարկման փորձերից։ Նման փորձերն ունենալու են իրավական հետևանքներ. մենք հետամուտ ենք նման դեպքերի հանդեպ»,- Ալեն Սիմոնյանի պատասխանը մեզ փոխանցեց նրա մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

Ալեն Սիմոնյան «Պալլադա Ծաղկաձոր» ՍՊԸ Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին