f

Անկախ

Հավատում եմ, որ էլի ոտքի կկանգնենք. Քարվաճառի բնակիչ


Չնայած հայրենազրկմանը և ունեզրկմանը՝ Արցախի Շահումյանի շրջանի բնակիչ, 51-ամյա Կարինե Սողոմոնյանը չի զղջում, որ ժամանակին Քարվաճառում է հաստատվել ու իր  ներդրումն է  ունեցել շրջանում մշակույթի զարգացման, երեխաների մշակութային դաստիարակության գործում: Ասում է՝ այնտեղ իր քրտնաջան աշխատանքով արդյունքի է հասել, եղել է գնահատված, տեսել է իր աշխատանքի արդյունքները, ինչն ամենամեծ ոգևորությունն է եղել: 

«Քույրս Քարվաճառում էր հաստատվել 2003-ին: Մշակույթի կենտրոնի տնօրենն էր: Ինձ 2010-ին հրավիրեց որպես պարուսույց աշխատելու: Ես էլ 2011-ի հունվարից Երևանից Քարվաճառ տեղափոխվեցի»,- պատմում է նա՝ հավելելով, որ այնտեղ ապրելու 9 տարիների ընթացքում այդպես էլ իր սեփական բնակարանը չի ունեցել, ապրել է քրոջ տանը: «2020-ին նոր տներ էին կառուցում, որպես մասնագետի ինձ էլ պետք է տուն հատկացնեին: Բայց պատերազմը վրա հասավ»,- հիշում է նա:

 

Խոսելով Քարվաճառում պարի համույթը կայացնելու դժվարությունների մասին՝ Սողոմոնյանն ասում է, որ պարի խմբակը սկսել է 4 աշակերտով, հետո դարձել են 6-ը:

«Ինձ ասացին, որ մայիսի 9-ին իմ համույթը պետք է ելույթ ունենա և քոչարի պարի: Սկսեցի աշխատել: Մայիսի 9-ին իմ սաները քոչարի պարեցին, բոլորը շատ հավանեցին: Ու այդտեղից սկսվեց իմ ստեղծագործական ուղին»,- ասում է նա: Սաների թիվն աստիճանաբար ավելացել է, ունեցել է 2-3 խումբ՝ ըստ տարիքային խմբերի: Ասում է՝ սկզբնական տարիներին անգամ տարազ չունեին, ելույթների ժամանակ սև հագուստ էին հագնում երեխաները՝ վրայից միանման ժիլետներ:

«Մշակույթի նախարարությունը մեզ տարազներ հատկացրեց: Հնամաշ էին, բայց գոնե բեմական հագուստ էին: Առանց հագուստի պարը չի երևում»,- ասում է նա: Դժվարություններ է ունեցել նաև երաժշտություն ձեռք բերելիս: Հիշում է՝ մինչև ինտերնետ ունենալը սրանից-նրանից խնդրում էր, որ ունեցած երաժշտական սկավառակներն իրեն տան: 

 

«Դժվար էր նաև աշակերտների հետ: Հատկապես տղաներն ամաչում էին պարել: Հրաժարվում էին կիպ հագուստ հագնել: Սկզբնական շրջանում անգամ ամաչում էին բեմ դուրս գալ: Բացատրական աշխատանքներ էի տանում թե երեխաների, թե ծնողների հետ»,- ասում է Սողոմոնյանը՝ հավելելով, որ տարիների ընթացքում ամեն դժվարություն էլ կարողացել է հաղթահարել և անգամ ունեցել է աշակերտ, որը խմբակի շրջանակներում ստացած գիտելիքներով ու հմտություններով ընդունվել է Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան պարարվեստի ուսումնարան: 

 

«Սովորաբար պար բերամդրելիս դասականը չեն սովորեցնում: Բայց ես  ամեն ինչ սովորեցնում էի՝ դասական պարեր, ժամանակակից, ազգագրական: Այնպես էի անում, որ  երեխաները չհոգնեն և տարբեր ուղղությամբ զարգանան»,- ասում է նա՝ հավելելով, որ տարբեր մրցույթներ են մասնակցել ու արժանացել պատվոգրերի: 

 

«Եվ նռան, և մեղրի, և բերքի փառատոններին ենք մասնակցել: Ամեն տարի հունվարի 28-ին համերգով ենք հանդես եկել Եղեգնուտի զինավանում, իսկ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, Քարվաճառի մշակույթի տանն ենք ելույթ ունեցել: Միշտ օգոստոսից վերսկսում էինք դասերը, որ հասցնենք պատրաստվել համերգին»,- ասում է նա: 

 

 «2019-ին Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել եմ երախտագիտության մեդալով մշակույթի զարգացման գործում իմ ներդրումն ունենալու համար»,- ասում է նա: 

 

Ափսոսանքով է հիշում՝ պատերազմից առաջ Քարվաճառի մշակույթի տունը վերանորոգվել էր, ուներ նոր ու հարմարավետ բեմ և դահլիճ: Բայց այդպես էլ չհասցրեցին վերանորոգված դահլիճում համերգ տալ. կորոնավիրուսն, ապա պատերազմը խանգարեցին: 

 

«Իմ պարի երեխեքն ուրիշ էին  իրենց քայլվածքով, կեցվածքով, վարքով: Ես նաև էթիկա էի սովորեցնում, երազում էի Օպերայի և բալետի ազգային թատրոն բերել սաներիս: Ափսոս, չստացվեց: Ինքս աղջիկ չունեմ, մի տղա ունեմ: Իրենց հետ որպես իմ աղջիկների  եմ վարվել: Հունիսին ճամբար էի կազմակերպում, պարից բացի նաև աերոբիկայով էինք զբաղվում: Ուսումնական տարին ամփոփում էինք էքսկուրսիայով բնության գրկում»,- ասում է նա:

Խոսելով պատերազմի  մասին՝ Սողոմոնյանն ասում է, որ այն գոնե իր համար անսպասելի էր: «Այդ առավոտյան քնած էինք դեռ, երբ հարևանը դուռը ծեծեց և ասաց, որ պատերազմ է սկսվել: Քրոջս տղան արագ հագնվեց և զինկոմիսարիատ գնաց: Մենք ապաստարան տեղափոխվեցինք, որը մշակույթի տան նկուղում էր: Բայց հենց առաջին օրը պատերազմի շունչը զգացինք: Այդ նույն օրն էլ մի «ուրալ»-ով դուրս ենք եկել՝ մտածելով, որ մի քանի օրից կհանդարտվի ու կվերադառնանք: Բայց այլևս վերադառնալ չկարողացանք: Քարվաճառը վերջին անգամ տեսել եմ սեպտեմբերի 27-ին»,- ասում է նա: 

 

Խոսելով պարտության մասին՝ ասում է՝ այն սպասելի չէր: Վստահեցնում է՝ տեղի ունեցածի վերաբերյալ իր դիրքորոշումն ունի, սակայն բարձրաձայնել չի ցանկանում՝ մեկ անգամ չէ, որ բանավեճերի մեջ է ներքաշվել իր տեսակետի պատճառով: 

 

Վստահ է՝ կգա օրը, երբ Քարվաճառն ու մնացյալ կորսված տարածքները կրկին հայկական են լինելու: «Այնտեղ ամեն քարը հայկական է, ամեն քարը խաչքար է: Արցախը միշտ եղել է ու կլինի հայկական: Վերջը լավ է լինելու, իսկ թե ինչպես, չգիտեմ, պազարպես հավատում եմ: Հավատում եմ հայ ազգին ու իմ հայ զինվորին, մենք կանք ու միշտ լինելու ենք,- ասում է նա: -Պատմություն է ցույց տալիս, որ ինչ էլ եղել է, մենք էլի ոտքի ենք կանգնել, վկան 1915-ն է: Հավատում եմ, որ էլի ոտքի կկանգնենք»: 

 

Կարինե Սողոմոնյան 44-օրյա պատերազմ կորսված հայրենիք Քարվաճառ խմբագրի ընտրանի Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին