f

Անկախ

Սատանայի հետ էլ պայմանագիր կկնքեմ, եթե իմանամ, որ այդ դեպքում չենք կորցնի Արցախը. քարվաճառցի


«Մեր ամենամեծ թշնամին անտարբերությունն է: Չգիտեմ, թե ինչպես է եղել, բայց մենք փոխվել ենք ու սկսել ենք իրար չսիրել, ինչն էլ մեզ տանում է դեպի կործանում ամեն բնագավառում: Երբ սովորենք մեր կողքինին սիրել ու հանդուրժել, լինենք միասնական, ներկայիս իրավիճակը կփոխվի»,- կարծում է Արցախի Նոր Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ, 53-ամյա  Անուշ Նալթակյանը: Նա համոզված է՝ պայքարելու և հայրենիքը փրկելու համար ուշ չէ. դեռ կարող ենք պահպանել Արցախի մնացորդները և Հայաստանը: «Միակ բանը, որ հնարավոր չէ հետ բերել, մարդու կյանքն է»,- ասում է նա:

«Մենք մինչ օրս շարունակում ենք կորցնել, քանի որ Արցախի մեր հողերը հանձնեցինք։ Ես սատանայի հետ էլ պայմանագիր կկնքեմ, եթե իմանամ, որ այդ դեպքում չենք կորցնի Արցախը, եթե եղածը կորցրեցինք, կորուստները շղթայական կշարունակվեն,- ասում է նա:- Ինձ չի հետաքրքրում, թե ով ինչի համար է մեղավոր: Եթե կա մեկը, ով կարող է մեզ այս ճահճից հանել ու փրկել այս խայտառակ վիճակից, երբ կտոր առ կտոր հայրենիք ենք կորցնում, ես կկանգնեմ նրա կողքին»: Նա շեշտում է՝ արցախյան առաջին պատերազմում ևս շատ զոհեր ենք ունեցել, շատ կանայք այրի են մնացել, բազում երեխաներ անհայր են մեծացել, բայց այն ժամանակ գիտեինք, որ այդ մարդիկ զոհվել են հանուն հայրենիքի: Մինչդեռ ստեղծված իրավիճակում զոհերի հետ համակերպվելն ավելի բարդ է: «Մի քիչ կոպիտ է հնչվում, բայց վարչապետի կնոջ ասածն է ստացվում՝ անտեղի կորուստ»,- ասում է նա: 

Նալթակյանը վստահ է՝ մի օր մեր կորսված հայրենիքը կրկին կազատագրվի: Բայց ասում է՝ վստահ չէ, որ ինքն այդ ամենը կտեսնի: «Երբ մեկը վստահ ասում է, որ Քարվաճառը նորից հայկական է լինելու, ուզում եմ այդ մարդու ճակատը համբուրել: Բայց ինքս այդ հավատը կորցրել եմ»,- ասում է նա՝ հավելելով, որ տան պատին լուսանկար է փակցված Քարվաճառից, և օրնիբուն կորսված հայրենիքի տեսարաններն աչքի առաջ են:

«Երբեմն երազում եմ, որ թռչուն դառնամ, գնամ Քարվաճառով շրջեմ, կարոտս առնեմ, հետ գամ»,- ասում է նա:

Նալթակյանն ամուսնու և երկու որդիների հետ Քարվաճառ է տեղափոխվել 1999-ին: Նրա հայրը՝ Դավիթ Առուստամյանը, արմատներով Մարտակետի շրջանի Հաթերք գյուղից էր: Իր ներդրումն էր ունեցել Քաշաթաղի վերաբնակեցման գործում, ապա ձեռնամուխ եղել Քարվաճառի վերաբնակեցմանը: Ինքն էլ հայրենի գյուղին մոտ գտնվող Քարվաճառում էր հաստատվել՝ դառնալով դպրոցի առաջին տնօրենը: «Ամուսինս քաղաքաշինության ոլորտի ինժեներ է, ես քիմիայի ուսուցչուհի, մտածեցինք, որ մենք էլ կարող ենք այնտեղ կայանալ, և Չարենցավանից Քարվաճառ տեղափոխվեցինք»,- պատմում է նա: Հիշում է՝ սկզբնական տարիներին ապրելու որևէ պայման չկար. «Դիզելային շարժիչով երեկոյան երկու ժամ լույս էին տալիս: 2002-ից նոր էլեկտրականություն ունեցանք: Խանութ չկար: Սպասում էինք, թե երբ պետք է Վարդենիսից ապրանք բերեն, վաճառեն, որ գնեինք, անգամ ալյուրը: Բայց ժամանակի ընթացքում այնքան զարգացավ Քարվաճառը, այնքան սիրեցինք մեր քաղաքը, որ չէինք պատկերացնում, որ երբևէ կարող ենք այն թողնել»:

Իսկ երբ 2004-ին Քարվաճառում ծնվել է Նալթակյանի դուստրը, այն էլ ավելի սիրելի է դարձել որպես իր դստեր ծննդավայր:

«Ես դպրոցում էի դասավանդում: Հետո եղել եմ կազմակերպիչը: Սկզբում դպրոցում աշակերտները  քիչ էին, 30-40 երեխա, իսկ պատերազմից առաջ մոտ 145 երեխա ունեինք դպրոցում: Սկզբում դժվար էր: Բայց երբ զարգացում է տեղի ունենում, դժվարը մոռանում ես, հարմարվում ես լավին ու սկսում ես սիրել»,- ասում է  նա:

Նալթակյանը շեշտում է՝ այնքան էին կապվել Քարվաճառի հետ, որ ամուսիններով մտածում էին՝ եթե անգամ իրենց երեխաներն ուզենան այլ տեղ տեղափոխվել, իրենք կմնան Արցախում: «Բայց երեխաներս էլ կապված էին Քարվաճառի հետ, տղաս էլ, հարսս էլ աշխատում էին, հաստատվել  էինք ու չէինք մտածում, որ երբևէ կարող ենք հետ գալ»,- ասում է նա։

Ասում է՝ հատկապես 2014-ի դիվերսիայից հետո որոշակի վախ կար, բայց միևնույն է, տիրոջ նման ապրում էին Քարվաճառում: 

«1999-ի անլույս Քարվաճառից հետո ունեցանք էլեկտրականություն, բարձր լարման հոսանք, բջջային կապ, ենթակառուցվածքներ, զինկոմիսաիատ, զորամաս, ոստիկանություն, հիվանդանոց, դպրոց: Այնպիսի  հետաքրքիր զարգացման կոր ապրեց, որ մենք մոռանում էինք, որ եղել է ժամանակ, երբ  մեքենայով ջուր են բերել ու բակում բաժանել, որ մարդիկ խմելու ջուր ունենան»,- ասում է նա՝ հավելելով, որ իր հայրը տարիներ շարունակ պայքարում էր նաև Քարվաճառ-Նորաբակ այլընտրանքային ճանապարհի կառուցման համար, որով Քարվաճառից մինչև ՀՀ տարածք հնարավոր կլիներ հասնել 30 րոպեում: Վերջին տարիներին Արցախի իշխանությունները նաև այդ ուղղությամբ էին քայլեր ձեռնարկում:

«Հայրս հեռատես մարդ էր, ինչ ասում էր, հերթով իրականացան: Այդ ճանապարհն էլ մեզ պետք եկավ, քանի որ պատերազմի ժամանակ հիմնական ճանապարհը կրակի տակ էր»,- ասում է նա: 

Շեշտում է՝ Քարվաճառը միայն երաժշտական դպրոց չուներ: Մնացած ամեն զբաղմունք ապահովված էր տեղի երեխաներին՝ պարի խմբակ, վիքիակումբ, սպորտային խմբակներ. «Քարվաճառի համար ամեն ինչ արվել է, որ մեր երեխաները հետ չմնան։ Հիմա նայում եմ մեր երեխաների հաջողություններին, հրաշք բալիկներ են, բազմակողմանի զարգացած։ 

Քարվաճառում ապագա կար, ու այն բոլորը տեսնում էին որպես խաչմերուկ, քանի որ Հայաստանն ու Արցախը կապող ամենամոտ ճանապարհն էր: Բոլորը մտածում էին, որ մի քիչ էլ զարգանա, Քարվաճառը մի հոյակապ տեղ է լինելու, որտեղ բոլորը գալու են իրենց հանգիստն անցկացնեն»:

Նա մատնանշում է նաև մարդկային ջերմ հարաբերությունները: Թեև տարբեր բնակավայրերից էին հաստատվել Քարվաճառում, բայց համախմբված էին ու սիրով էին ապրում: 

«Այնտեղ այնքան հեշտ եմ ադապտացվել: Բայց հիմա վերադարձել եմ Չարենցավան ու  այնքան ստրեսային վիճակների մեջ եմ,-- ասում է նա։- Մարդիկ շատ են փոխվել, ո՞նց  կարելի է այսքան փոխվել, այսքան չարանալ: Մարդիկ այստեղ դաժանացել են, երևի կյանքը դժվար է եղել, դրանից է, որ անգամ հարևանին լավը չեն կամենում»։

Հարցին, թե ամենից շատ ինչն է կարոտում,  Նալթակյանն ասում է. «Ամեն ինչն էլ կարոտում եմ, մեր դպրոցի ճանապարհը, մեր Քարվաճառի կենտրոնական փողոցը, էն քարն ու թուփն էլ կարոտում եմ։ Սկզբնական շրջանում դժվարանում էի փորել, հողագործությամբ զբաղվել, բայց հետո մեծ հաճույքով էի անում։ Այ դա էլ եմ կարոտել, այն հոգնածությունը։ Մարդկանց նույնպես։ Հիմա մի քարվաճառցի եմ տեսնում, այնքան ջերմ է մեր վերաբերմունքը: Քարվաճառը յուրահատուկ էր նաև բնությամբ. լեռ էր, լանջը կարծես դանակով կտրված լիներ և այդ կտրվածքի վրա Քարվաճառն էր՝ շուրջբոլորը ձորեր էին  և երկու կողմից գետեր էին հոսում»: 

Հիշելով պատերազմը՝ Նալթակյանը պատմում է, որ այդ օրերին Հայաստանից հյուրեր ունեին, գեղատեսիլ վայրերն էին ցույց տալիս: «27-ի առավոտյան հարսս բաղնիքից լացելով դուրս եկավ, ասաց քույրը Ստեփանակերտից զանգել է, պատերազմ է։ Չհավատացինք։ Դես ու դեն զանգեցինք, իմացանք, որ մեր զորամասին էլ են հարվածել: Բնակչությունն ապաստանեց դպրոցի նկուղում։ Այս անգամ  հենց առաջին օրը պատերազմի շունչը զգացել ենք»,- ասում է նա։ 

Նրա րկու որդիներն ու ամուսինն առաջնագծում են եղել, ինքն էլ մեծամասամբ տանն է եղել: 

«Ամուսինս գրավված Շուշիից  ոտքով է դուրս եկել, մի զինվոր էլ, որին վիրակապել է, իր Աստվածաշունչն է տվել նրան որպես պահապան, որ կարողանա  դուրս գալ քաղաքից։ Հիմա այդ զինվորին ենք փնտրում, որ Աստվածաշունչը վերադարձնենք»,- ասում է նա:

Նալթակյանը վստահեցնում է՝ մտքի ծայրով էլ չէին կարող անցկացնել, որ կարող ենք պարտվել և անառիկ մնացած Քարվաճառն էլ կորցնել:

«Նոյեմբերի 9-ին Չարենցավանում էի, վեր կացա, տեսնեմ հարսս լացում է, թե Քարվաճառը հանձնել են: Չհավատացի: Պոստերում գտնվող տղաս էլ չէր հավատացել լուրին, մինչև ինտերնետ էր ունեցել ու լուրերը կարդացել: Ասում էր՝ ձմեռվա համար պատրաստություն էին տեսել, որ պատերազմի շարունակվելու դեպքում կարողանան պայքարել,- պատմում է Նալթակյանը:- Հիշում եմ՝ տղայիս ընկերն իջավ պոստերից, հրաժարվում էր հեռանալ, տնեցիքին դուրս էր հանել, ինքը մնում էր։ Հենց տնեցիք դուրս եկան, շունը բակում սատկեց։ Փոքր տղաս մնաց, որ համոզի այդ տղային դուրս գալ։ Որդիս էլ մտադիր էր  մեր տունը պայթեցնել, նոր դուրս գալ։ Բայց չի կարողացել իր հոր ձեռքով կառուցածն ավերել»։

 Հայրենազրկումից հետո Նալթակյանի ամուսինն Արցախ է տեղափոխվել՝ աշխատելու: Ասում է՝ առաջարկում էր, որ ընտանիքով այնտեղ հաստատվեն: Բայց ի վերջո Չարենցավանում են հաստատվել: «Երկու տարուց ավել է անցել, բայց դեռ առաջ նայել ու համակերպվել չեմ  կարողանում: Հիմա իմ մասնագիտությամբ եմ աշխատում՝ քիմիական լաբորատորիայում, քննություն եմ հանձնել, սերտիֆիկատ ստացել, բայց  շատ դժվարություններ եմ հաղթահարում։ Պատերազմից հետո ծնվել են երրորդ ու չորրորդ թոռներս։ Ընդ որում, մի թոռս ծնվել է պատերազմից ուղիղ ինն ամիս անց։ Նրանք օգնում են, որ չկոտրվեմ»,- ասում է նա՝ հույսը չկորցնելով, որ մի օր պատուհանից դուրս նայելով Քարվաճառը կտեսնի, ոչ թե պատի լուսանկարին նայելով:


 

կորսված հայրենիք Քարվաճառ Նոր Շահումյան Արցախ 44-օրյա պատերազմ Հայաստան Անուշ Նալթակյան խմբագրի ընտրանի

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին