f

Անկախ

Պատերազմը քանդեց բոլոր երազանքները․ Եղեգնուտի բնակիչ


44-օրյա պատերազմում պարտությունից հետո շարունակվող կորուստների շղթան հողերը հանձնելու հետևանքն է, համոզված է Արցախի Նոր Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի բնակիչ Մարիամ Փիլաֆյանը։ «Արցախը մեր  հայրենիքի  դարպասն էր, մենք դարպասները բացեցինք՝ թշնամուն ասելով՝ արի առաջ։ Ընդ որում դա պետք չէ բառացի ասել, եթե  դարպասը բաց է, բնականաբար թշնամին բնակարան է մտնելու»,- ասում է նա։

Փիլաֆյանը շեշտում է՝ թուրքը մեր դարավոր թշնամին է, և նրա հետ համերաշխ ապրելն անհնար է․ «Խաղաղության հնարավոր է հասել միայն զենքի ուժով, պատահական չեն ասել՝ միայն զենքով կա հայոց փրկություն, սա նաև մերօրյա ճշմարտություն է։  Որևէ թղթով խաղաղություն ապահովել հնարավոր չէ»։

Մարիամ Փիլաֆյանը համոզված է՝ փրկության բանալին հայրենասեր, ազգային մշակույթը և ինքնությունը կրող և գնահատող  սերունդներ դաստիարակելն է։ «Իսկ մինչ այդ սերնդի ձևավորվելը մեզ կփրկի հայոց ազգի բռնցքվելն  ազգային գաղափարի շուրջ՝ անկախ բնակության վայրից,- ասում է նա։-Օրհասական պահերին, երբ ազգը զգում է, որ կործանվում է, համախմբվում է։  Այս անգամ էլ այդպես կլինի։ Նաև  առաջնորդ է պետք, որը  կառաջնորդի բռունցքված ժողովրդին։ Բայն  նա դեռ չի գտնվել»։

Մարիամ Փիլաֆյանը մանկավարժ է։ Դեռ 2000-ականներին վերաբնակեցման ծրագրով ամուսնու ու երկու երեխաների հետ հաստատվել է Քաշաթաղի շրջանի Դիցմայրի գյուղում։ Երկու տարի այնտեղ աշխատելուց հետո ընտանիքով Երևան են վերադարձել՝ Դիցմայրիում կյանքի պայմանները շատ դժվար էին, կենցաղային խնդիրներն էլ՝ շատ։ Որոշ ժամանակ անց որոշել են հաստատվել Նոր Շահումյանի շրջանում։ Ճանապարհին կանգառ են կատարել  Եղեգնուտ գյուղի մոտ, որն էլ դաձել  է ճակատագրական՝ Եղեգնուտի գյուղապետը, տեղեկանալով, որ փորձառու մասնագետների ընտանիք է, հրավիրել  է այդ գյուղում հաստատվել։ «2005-2020թթ․ ապրել ենք Եղեգնուտում։ Այդ տարիների ընթացքում 2 երեխաները դարձան 7, ունեմ 2 աղջիկ, 5 տղա։ Տարրական դասարաններում դասավանդելուց բացի նաև տեխնոլոգիա եմ դասավանդել, եղել եմ շրջանային թերթի լրագրողը, մանկապատանեկան միջոցառումների կազմակերպիչը, Դադիվանքում անցկացվող «Ուրախ Զատիկ» ամենամյա փառատոնի հեղինակն ու նախաձեռնողը»,- պատմում է նա։

Փիլաֆյանը պատմում է, որ այնտեղ դժվարությամբ զրոյից տուն ու տնտեսություն են ստեղծել, իսկ 6-րդ երեխայի ծնվելուց հետո պետությունը նրանց նորակառույց տուն է հատկացրել։ «Այն ամբողջովին կահավորել էինք, գույքը Հայաստանից էինք տարել։ Բայց ամբողջությամբ հանել չկարողացանք։ Տնամերձ այգի էինք հիմնել 30-ից ավել ծառերով, լիարժեք ապրելու համար ամեն պայման ստեղծել էինք, անգամ բակում ինքնաշեն խաղահրապարակ ունեինք,- ասում է նա։- Միանշանակ մեր ապագան Արցախի հետ էինք կապում։ Ամուսինս  ձկնաբուծարան էր ուզում հիմնել, փոքր քարերով ավազան էր շարել գետի ափին, մեջը մանրաձուկ էր լցրել, որոշել էինք, թե էլ ինչ պետք է հիմնենք, մտածում էինք՝ մենք էլ գնալու տեղ չունենք, մերը սա է։ Բայց պատերազմը բոլոր երազանքները քանդեց»։

Պատերազմը ոչ միայն հայրենազրկեց տիկին Մարիամին, այլ նաև քանդեց նրա ընտանիքը և նրա անդամներին սփռեց երկրով մեկ։ «Պատերազմից հետո ամուսնալուծվեցինք։ Պատերազմը չլիներ, գուցե բաժանությունն էլ չլիներ։ Այժմ երեխաներիցս երեքն ինձ հետ են ապրում, երկուսը՝ հայրիկի, իսկ 23 և 25-ամյա երեխաներս՝ Արցախում»,- ասում է Փիլաֆյանը։ Նրա ավագ որդին և դուստրն ընտանիքների հետ ապրում են Ստեփանակերտում՝ հայրենազրկումից հետո այդպես էլ չհարմարվեցին կյանքի պայմաններին Հայաստանում։ 

«Տղաս այստեղ չհարմարվեց, ասաց՝ Արցախն է իրեն հարազատ, գնաց այնտեղ պայմանագրային ծառայության անցավ  ու մնաց։ Աղջիկս էլ Շուշիում էր ամուսնացած, խնամուս ընտանիքն էլ այստեղ չհարմարվեց, իրենք բարբառի հետ կապված խնդիր ունեին, ինչի պատճառով վատ վերաբերմունքի էին արժանանում, տեղափոխվեցին Ստեփանակերտ»,- պատմում է նա՝ հավելելով, որ իր երկու երեխաների ընտանիքներն էլ հաստատակամ են՝ անգամ շրջափակման ու դժվարությունների պայմաններում  կշարունակեն ապրել Արցախում և դուրս կգան միայն այն դեպքում, երբ լինեն զանգվածային ճնշումներ և կյանքն այնտեղ այլևս անհնարին լինի։ 

Փիլաֆյանը պատմում է՝ սկզբում ինքն էլ երբեմն խտրական վերաբերմունքի է արժանացել որպես արցախցի։ Բայց երբ տեղեկացել են, որ ժամանակին Երևանից է Արցախ տեղափոխվել, դիրքորոշումն էլ է փոխվել։ 

«Հիմա հույս ունեմ, որ սերտիֆիկատի միջոցով կկարողանամ տուն գնել։ Այն տունը, որ վարձում եմ, հին է, առնետներ են մտնում, ջրի խողովակ է պայթել, ջուր է լցվում տունը,  տանտերն էլ հրաժարվում է նորոգել։ Հույս ունեմ օր առաջ դուրս գալ այս տնից»,- պատմում է նա։ 

Սպասելի պատերազմն ու անսպասելի պարտությունը

Փիլաֆյանը պատմում է, որ պատերազմն իր համար սպասելի էր, պարզապես հստակ օրը չգիտեր։ «2020-ի օգոստոսին  ամեն օր անօդաչուները ճանճերի պես շրջում էին, անգամ  իջնում էին մինչև բակ, զգում էինք, որ ինֆորմացիա են հավաքում,  և ուշ թե շուտ պատերազմ է սկսվելու։ Զինավան ունեինք մեզ մոտ, ամուսինս այնտեղի էլեկտրիկն էր։ Մի անգամ հարցերել է, թե ինչու չեն կրակում, պատասխանել են՝ հրաման չունենք»,- պատմում է նա։ Հիշում է՝ սեպտեմբերի 26-ին երկու երեխաների հետ Շուշի էր գնացել՝ դստերը հյուր։ «Սեպտեմբերի 27-ի երեկոյան հետ պետք է գայինք, բայց չհասցրեցինք։ Պատերազմը վրա հասավ,  և փախանք Հայաստան»,- պատմում է նա՝ հավելելով, որ Քարվաճառի իր տանն այլևս չի եղել ու ոչ էլ հրաժեշտ է տվել հայրենի դարձած եզերքին։

 «Պարտությունը սպասելի չէր, չէինք պատկերացնում, որ նման ավարտ կունենա պատերազմը։ Մինչև հիմա կա այնպիսի մի զգացողություն, որ սա վատ երազ է, մղձավանջ,- ասում է Փիլաֆյանը։-  Ինձ համար այնքան  ցավալի չէր Քարվաճառի հանձնումը, որքան Շուշիի։ Մինչև հիմա չեմ հասկանում, թե դա ինչպես տեղի ունեցավ։ Շուշին իր  բարձրադիր դիրքով ու անառիկությամբ պետք է հայկական մնար։ Անգամ փեսաս պատերազմի առաջին օրն ասում էր՝ ո՞ւր եք դուրս գալիս, Շուշին անառիկ է։ Շուշին ամպերի մեջ էր՝ Աստծուն մոտիկ, ու ոչ մեկս չէր հավատում, որ կարող է այն  մի օր այլևս մերը չլինել»։

Խոսելով պատերազմում պարտության պատճառների մասին՝ Փիլաֆյանը մատնանշում է ներքին դավաճանությունը։ «Մենք ամեն ինչ ունեինք, մեզ զրկեցին զենքից ներքին դավաճանության արդյունքում։ Նաև կազմակերպվածության խնդիր կար։ Փաստացի,  զինվորները ավտոբուսներով գնում հասնում էին Արցախ, էնտեղ առաջնորդող, ուղղորդող  չկար, ստիպված հետ էին գալիս»,- ասում է նա։

Խոսելով հետպատերազմյան նոր իրողությունների մասին՝ Փիլաֆյանն ասում է․ «Նոր իրողության ամենասարսափելին այն է, որ այդքան տարածքներ կորցնելուց բացի նաև  այդքան զոհեր տվեցինք։ Եթե այդ տարածքները պետք է հանձնվեին, ինչո՞ւ մի քանի սերունդ լույսի պես տղաներ կորան։ Հողերը մի օր նորից հետ կբերենք, բայց տղաների կյանքերը՝ ոչ»։ Նա հավատում է՝ այս ամենը երկար չի տևի, նորից հայոց մեջ կծնվեն Մոնթեներ ու Նժդեհներ, ովքեր վերստին կազատագրեն մեր կորսված հայրենիքը։ «Դրա համար պարզապես ժամանակ է պետք։ Ես հավատում եմ, որ մի օր, թեկուզ օր ծերության, կրկին Եղեգնուտում կլինեմ»,- ասում է նա։ 


 

կորսված հայրենիք խմբագրի ընտրանի Արցախ Քարվաճառ Նոր Շահումյան Եղեգնուտ համայնք 44-օրյա պատերազմ Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին