ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանդես են եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության պաշտպանության օգտին՝ խորը մտահոգություն հայտնելով զինված հակամարտության և դրա «սարսափելի ու ողբերգական հումանիտար հետևանքների» վերաբերյալ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Հունիսի 22-ի հանդիպման արդյունքներով հրապարակված համատեղ հայտարարության մեջ նրանք կոչ են անում «հարգել միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, ինչպես նաև տարածքային ամբողջակությունն ու ինքնիշխանությունը»։ «Առաջնորդներն ընդգծել են պատերազմի լուրջ և աճող ազդեցությունը համաշխարհային տնտեսական համակարգի, այդ թվում՝ սննդի, էներգետիկ անվտանգության և մատակարարման կարևոր շղթաների վրա:
Նրանք կոչ են արել ակտիվացնել ջանքերը պատերազմի հետևանքները մեղմելու համար, հատկապես զարգացող երկրներում»,- ասվում է փաստաթղթում։ Նշվում է նաև, որ երկու երկրները պարտավորվում են շարունակել Ուկրաինային հումանիտար օգնությունը։ Սպիտակ տանը Ջո Բայդենի հետ համատեղ ասուլիսում Նարենդրա Մոդին նաև խոստացել է ձգտել խաղաղություն հասնել Ուկրաինայում։ «Ուկրաինայում իրադարձությունների ամենասկզբից Հնդկաստանը շեշտը դրել է վեճերի լուծման, երկխոսության և դիվանագիտության վրա։
Մենք լիովին պատրաստ ենք ցանկացած ներդրում ունենալ խաղաղության վերականգնման գործում»,- ասել է նա։ Հավելենք, որ Մոդին հունիսի 20-ին պետական այցով ժամանել է ԱՄՆ։ Նյու Յորքում նա այցելել է ՄԱԿ-ի կենտրոնակայան, որից հետո ուղևորվել Վաշինգտոն՝ Ջո Բայդենի և այլ պաշտոնյաների հետ բանակցությունների։