f

Անկախ

Տերեշկովան, Հայաստանը և … Բաղրամյանի արցունքները


Հունիսի 16-ին լրացավ առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովայի տիեզերք թռչելու 60-ամյակը, ուստի պատահական չէ, որ այս օրերին նա հայտվել է ռուսական լրահոսների առաջին տողերում: Ռուսաստանում արժանիորեն նշում են այդ տարեդարձը:  Այդ առիթով Ռուսաստանի մի շարք հայկական շրջանակներ անդրադարձան տիեզերագնացի ու Հայաստանի առնչություններին և զետեղեցին նրա Հայաստան կատարած այցի մասին պատմող վավերագրական ֆիլմը (տե՛ս օրինակ՝ https://t.me/alphanewsam/1463):

Այդ կադրերում անընդհատ Տերեշկովայի կողքին երևում է Ջեմմա Հասրաթյանը, որն այն ժամանակ Հայաստանի կոմերիտմիության Կենտկոմի երկրորդ քարտուղարն էր և պաշտոնապես նա էր ուղեկցում տիեզերագնացներին:

Ջեմմա Հասրաթյանն իր հուշագրությունում՝  «Իմ կյանքը երկու հազարամյակների խաչմերուկում» (Երևան, 2020) գրքում, առանձին անդրադարձել է այդ օրերին՝ հիշելով հետաքրքիր մանրամասներ, որոնք բնականաբար կադրից դուրս են մնացել: Ստորև ներկայացնում ենք այդ հատվածը (էջ 91-96) աննշան կրճատումներով, ինչպես նաև ֆիլմը:

…ՀամԼԿԵՄ Կենտկոմի ուղեգրով Հայաստան ժամանեցին առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան և նրա ամուսինը՝ տիեզերագնաց Անդրիան Նիկոլաևը: Կազմվել էր այցելությունների ծրագիրը, համաձայնեցվել Հայաստանի կոմկուսի և կոմերիտմիության Կենտկոմների հետ: Հայաստանի կոմերիտմիության Կենտկոմի առաջին քարտուղար Ստեփան Պողոսյանը բացակայում էր հանրապետությունից, ուստի ես պետք է ուղեկցեի տիեզերագնացներին Հայաստանում գտնվելու ողջ ընթացքում:

Տիեզերք թռչելուց հետո դա Վալենտինա Տերեշկովայի առաջին ուղևորությունն էր, և բնականաբար մեծ էր նրա նկատմամբ հետաքրքրությունը  ոչ միայն Հայաստանի բնակչության, այլև կուսակցական և կոմերիտական աշխատողների շրջանում: Օդանավակայանում Վալենտինա Տերեշկովային և Անդրիան Նիկոլաևին դիմավորեցին կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը, Հայաստանի Մինիստրների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանը, կոմկուսի Կենտկոմի քարտուղար Գեորգի Տեր-Ղազարյանցը, կուսակցական, խորհրդային և կոմերիտական աշխատողներ: Բաց սրահով մեքենան և ավտոշարասյունը օդանավակայանից շարժվեց դեպի Երևան: Ամբողջ խճուղու երկարությամբ դիմավորում էին Երևանի բնակիչները՝ ջերմորեն ողջունելով և ծաղիկներ մատուցելով հյուրերին:

Տիեզերագնացներին տեղավորեցին Հայաստանի կառավարության ընդունելությունների տանը: Ծրագիրը շատ հագեցած էր, նախատեսված էին հանդիպումներ Երևանում, Լենինականում (Գյումրի), Կիրովականում (Վանաձոր) երիտասարդության և աշխատավորների հետ, հանդիպում Վիկտոր Համբարձումյանի հետ Բյուրականի աստղադիտարանում և այցելություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ընդունելություն կաթողիկոս Վազգեն Առաջինի մոտ, ծանոթություն Սարդարապատի համալիրին, հանդիպում պիոներների հետ Ծաղկաձորում՝ կոմունալ տնտեսության աշխատողների արհմիության պիոներական ճամբարում, այցելություն Սևան և Դիլիջան:

Տերեշկովայի և Նիկոլաևի այցելության բոլոր օրերի ընթացքում Հայաստանի բնակչության ուշադրությունը սևեռված էր զանգվածային լրատվության միջոցներին: Բոլոր տարիքների աշխատավորները ակտիվորեն հետաքրքրվում էին հյուրերով, լսում և կարդում մամուլում նրանց ելույթները, վիճում և մեկնաբանում:

Կարծիքները տարբեր էին, բայց հիմնականում՝ շատ ջերմ, դրական և հիացական: Ե՛վ տղամարդիկ ու կանայք, և՛ երիտասարդներն ու տարեցներն ավելի շատ քննարկում էին Վալենտինա Տերեշկովայի թռիչքը տիեզերք, հիացմունքով խոսում նրա մասին և մեծ հետաքրքրություն դրսևորում նրա թռիչքի, նրա և դստեր նկատմամբ:

Հիշում եմ՝ վարսավիրանոցում մամուլից տեղեկանալով, որ տիեզերագնացներին ես եմ ուղեկցում, շրջապատել էին ինձ և հարցուփորձ էին անում նրանց մասին: Գրեթե բոլոր ներկաները ակնածանքով էին խոսում Վալենտինայի մասին, տիեզերք թռչելու նրա խիզախության մասին, հետաքրքրվում էին նրա աղջկանով՝ Ալյոնուշկայով, երբ հանկարծ այդտեղ ներկա Հայաստանի ժողովրդական արտիստուհի Տաթևիկ Սազանդարյանն ասաց. «Բայց դա ի՞նչ հերոսություն է, որպես փորձնական ճագար դրել են խցիկը, և նա թռել է: Այդպես տիեզերք ուղարկեցին Բելկային և Ստրելկային»:

Վարսավիրանոցում քար լռություն տիրեց, բոլորի հայացքներն ուղղվեցին ինձ: Խախտելով լռությունը՝ ասացի, որ Տաթևիկ Սազանդարյանը խորապես սխալվում է, տիեզերագնաց կարող է դառնալ միայն այն մարդը, որը մասնագիտական խոր գիտելիքներ ունի տիեզերագնացության ոլորտում, բարձր կարգապահություն և կամքի մեծ ուժ. «Կարելի է տարբեր կերպ չարախոսել: Նրա հետ շփվելով այս օրերին՝ միայն մի բան կասեմ, որ Վալենտինա Տերեշկովան այնպիսի հատկություններ ունի, որոնք կարող է ունենալ յուրաքանչյուր տիեզերագնաց՝ անկախ սեռից: Դրա հետ մեկտեղ Վալենտինան բավական կանացի և մարդամոտ է, նա ունի որակներ, որոնք, ցավոք, ոչ բոլորս ունենք: Եվ մենք՝ կանայք, պետք է ուրախ լինենք, որ հասարակության կանացի հատվածի ներկայացուցչին հաջողվեց տիեզերք թռչել: Եվ հիանալի է, որ թռիչքից հետո նա երեխա ունեցավ՝ Ալյոնուշկային: Նա հոյակապ մայր է»: Վարսավիրանոցում ներկա կանայք և աշխատողները ողջունեցին իմ պատասխանն այնպես, կարծես դա վերաբերում էր մեզանից յուրաքանչյուրին:

Այո, տարբեր խմբերի մարդիկ տարբեր կերպ էին ընկալում  Տերեշկովայի սխրանքը, բայց մեծ մասը հիանում էր նրա սխրանքով: Հիշում եմ՝ վերջին օրը վարսահարդար Քնարիկը, ավարտելով Վալենտինայի սանրվածքը և հրաժեշտ տալով նրան, հանեց վզից ոսկե շղթան և նվիրեց նրան: Վալենտինան երկար ժամանակ չէր համաձայնում վերցնել այն, բայց երբ բացատրեցի, որ հրաժարվելը կարող է վիրավորել Քնարիկին, նոր միայն համաձայնեց ընդունել նվերը:

Վալյան շատ էր հետաքրքրվում հայ ժողովրդի սովորություններով, կյանքով, կենցաղով: Անդրիանի հետ հաճախ վիճում էր մեր ժողովուրդների մշակույթների նմանության ու տարբերությունների առնչությամբ: Իմանալով, որ աղջիկս՝ Հասմիկը, 3 տարեկան է, Վալենտինան խնդրեց նրան բերել ամառանոց: Նա գրկեց աղջկաս և ասաց, որ 3 տարի անց իր Ալյոնուշկան էլ 3 տարեկան կլինի, և նվիրեց Հասմիկին դստեր լուսանկարը ինքնագրով: [պահպանվել է Հասմիկի լուսանկարը Տերեշկովայի գրկում-խմբ.]

Տիեզերագնացների այցը Հայաստան անցնում էր հայկական հյուրընկալությամբ, ծրագիրը հագեցած և հետաքրքիր էր: Բոլոր քաղաքներում, ուր այցելում էինք, Կիրովական (Վանաձոր) և Լենինական (Գյումրի) մեկնելիս և ամբողջ ավտոճանապարհին մեզ ջերմորեն դիմավորում էր բնակչությունը:

Կիրովականի քաղաքային կուսակցական կազմակերպությունն այդ ժամանակ ղեկավարում էր կուսակցության քաղկոմի առաջին քարտուղար Հրանտ Ոսկանյանը, որ շատ զուսպ և բարեկիրթ մարդ էր: Կոմերիտմիության քաղկոմի հետ նա շատ խիտ ծրագիր էր պատրաստել: Կիրովականցիները դիմավորեցին տիեզերագնացներին ջերմորեն և մեծ ցանկությամբ ցույց տալու այն ամեն լավը, ինչ կար քաղաքում՝ քիմկոմբինատը և արհեստական ալմաստի՝ կորունդի արտադրամասը, արհեստական թելերի կոմբինատը, առողջարանները և պիոներական ճամբարները: Կոմկուսի և կոմերիտմիության քաղկոմները կազմակերպել էին հանդիպում բնակչության հետ և համերգ Կիրովականի քիմկոմբինատի մշակույթի պալատում:

Կիրովականից հետո մենք շարունակեցինք ճանապարհը դեպի Լենինական: Ավանդապահ լենինականցիները հյուրերին ընդունեցին քաղաքի դարպասների մոտ, տեղափոխեցին նրանց ֆայտոն և քշեցին քաղաքով մեկ: Դժվար է նկարագրել լենինականցիների համաժողովրդական հյուրընկալությունն ու ոգևորությունը: «Բարի գալուստ» բացականչությունները հայերեն և ռուսերեն հնչում էին ամբողջ ճանապարհին: Լենինականի ընդունելությունը ջերմ էր մանավանդ այն պատճառով, որ լենինականցի տեքստիլագործները Վալենտինային ընկալում էին որպես «յուրայինի», որպես գործընկեր ջուլհակուհու: Հյուրերին ուղեկցում էին կուսակցության քաղկոմի առաջին քարտուղար Գևորգ Ղարիբջանյանը, քաղաքապետ Սուրեն Մատնիշյանը, կուսակցության և կոմերիտմիության քաղկոմների քարտուղարներ, քաղաքի բազմաթիվ հաստատությունների ղեկավարներ:

Լենինականի տեքստիլ կոմբինատի տնօրեն Գառնիկ Դարբինյանի ուղեկցությամբ նախկին ջուլհակուհի Վալենտինա Տերեշկովային և Անդրիան Նիկոլաևին ցույց տվեցին կոմբինատը, մանկապարտեզը և կոմբինատի ջերմոցային տնտեսությունը, որտեղ հյուրերին հյուրասիրեցին թարմ վարունգով:

Երեկոյան կազմակերպվեց հանդիպում քաղաքի ակտիվի հետ, որտեղ ելույթ ունեցան Վալենտինա Տերեշկովան և Անդրիան Նիկոլաևը: Լենինականցիները ջերմորեն ընդունեցին տիեզերագնացների ելույթները, երեկոյի ընթացքում նրանց հասցեին հնչում էին անկեղծ ողջույնի խոսքեր և տիեզերքի յուրացման հետագա աշխատանքում մեծ հաջողությունների մաղթանքներ: Լենինականցիներն աշխույժ հետաքրքրվում էին նրանց զավակով և հարցեր էին տալիս, թե ինչպես է Վալենտինան հասցնում զբաղվել երեխայով, առողջություն էին մաղթում երեխային, իսկ ընտանիքին՝ երջանկություն: Ողջույններից ու ելույթներից հետո տեղի ունեցավ հայկական երգ ու պարի մեծ համերգ: Շաբոյանի պարային խումբը հիացրեց հյուրերին:

Ուշ երեկոյան Լենինականի հյուրանոցում հյուրերն իրենց տպավորություններն էին հայտնում: Նրանց շատ էր դուր եկել քաղաքի ժողովուրդը, հատկապես՝ երեխաները, իսկ իրենց անմիջականությամբ ու անկեղծությամբ՝ տեքստիլ կոմբինատի կանայք:

Հետաքրքիր էր տիեզերագնացների հանդիպումը Բյուրականի աստղադիտարանում Գիտությունների ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումյանի և աստղադիտարանի գիտնականների հետ: Պետք է ասեմ՝ գլխավորը, որ մնաց հիշողությանս մեջ այդ հանդիպումից, տիեզերագնացների պրոֆեսիոնալիզմն էր և գիտելիքները տիեզերքի ու տիեզերագնացության մասին: Նրանք ծանոթացան գիտնականների աշխատանքին, աստղագիտության ձեռքբերումներին, պատմեցին իրենց տպավորությունները Հայաստանում եղած օրերի մասին:

Անդրիան Նիկոլաևը և Վալենտինա Տերեշկովան Հոկտեմբերյանում (ներկայիս Արմավիր) այցելեցին Սարդարապատի հուշահամալիր, այնուհետև՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այստեղ տիեզերագնացներն այցելեցին Մայր տաճար, ծանոթացան եկեղեցու ցուցահանդեսին և եկեղեցուն նվիրված գեղանկարներին, ապա նրանց ընդունեց ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը, որը ցույց տվեց ոսկեձույլ հայերեն այբուբենը և խոսեց եկեղեցու դերի մասին հայ ժողովրդի պատմության մեջ:

Ջերմ եվ անմոռանալի էր տիեզերագնացների հանդիպումը պիոներների հետ Ծաղկաձորում:

Մենք շրջեցինք Ծաղկաձորում, հյուրերը հիացան գեղեցիկ բնությամբ: Պիոներների հետ հանդիպումը տեղի ունեցավ «կոմունալնիկների»՝ կոմունալ տնտեսության աշխատողների արհմիության պիոներական ճամբարում: Պիոներների համար դա հուզիչ տոն էր: Ինձ թվում է՝ մեծ հաշվով դա ավելի շատ զգացմունքների հանդիպում էր, քան խոսքերի: Վալենտինան շատ պատկերավոր և հուզառատ ելույթ ունեցավ, խոսեց այնքան անմիջական, որ նրան հասկացան անգամ այն պիոներները, որոնք այնքան էլ լավ չգիտեին ռուսերեն: Այնուհետև ողջույնի խոսքով պիոներներին դիմեց տիեզերագնաց Անդրիան Նիկոլաևը: Վալենտինային և Անդրիանին ընդունեցին պիոներական շարքերը: Հանդիպումը շատ տպավորիչ ու հուզառատ էր թե՛ երեխաների, թե՛ հյուրերի համար:

Աչքիս առաջ հառնում է այն տեսարանը, թե ինչպես այն ժամանակ այդտեղ՝ պիոներական ճամբարում, տրիբունայում կանգնած էին տիեզերագնացները: Այսօրվա պես հիշում եմ. Վալենտինան սպիտակ պիջակով ու դարսերով կիսաշրջազգեստով էր, և երբ պիոներները կապեցին փողկապը, նա նմանվեց ջոկատավարի, ամբողջ շրջակայքը լցվեց երեխաների բացականչություններով: Դա տոն էր և՛ երեխաների, և՛ մեծերի համար:

Սևանում տիեզերագնացները հանգրվանեցին կառավարական, ինչպես այն ժամանակ անվանում էին, կլոր ամառանոցում, որ այն ժամանակների համար բավական քաղաքակիրթ ու շատ հարմարավետ էր: Մոտորանավակով զբոսնելուց հետո, ինչի շնորհիվ հյուրերը կտրեցին-անցան ամբողջ Սևանն ու ծանոթացան նրա խնդիրներին, կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը հանդիսավոր ճաշ կազմակերպեց հյուրերի պատվին, որին մասնակցեցին Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը, Խորհրդային բանակի և ռազմածովային նավատորմի գլխավոր քաղաքական վարչության պետ, բանակի գեներալ Ալեքսեյ Եպիշևը, Հայաստանի կոմկուսի Կենտկոմի քարտուղար Գեորգի Տեր-Ղազարյանցը: Մասնակիցների շրջանակը շատ նեղ էր, հյուրերը պատմեցին Յակով Նիկիտիչին իրենց տպավորություններն այդ ուղևորությունից, աշխատավորների և երիտասարդության հետ ունեցած հանդիպումներից և հատկապես նշեցին Սևանի գեղեցկությունն ու Հայաստանի հոյակապ բնությունը:

Չեմ կարող բառ առ բառ հիշել, բայց կարծեմ Սևանի գեղեցիկ, ինքնատիպ բնության մասին խոսակցության ժամանակ Հովհաննես Բաղրամյանը խոսեց Լեռնային Ղարաբաղի աննման գեղեցկության մասին և սահուն անցավ Հայաստանի հետ այն միավորելու թեմային: Հովհաննես Բաղրամյանի դեմքին այդ պահին ես արցունքներ տեսա: Յակով Նիկիտիչը շատ նրբանկատ և դիվանագիտորեն հարթեց իրավիճակը և պաշտպանելով Հովհաննես Քրիստափորովիչին՝ պարզաբանեց Լեռնային Ղարաբաղի խնդիրը՝ մեկնաբանելով և հիմնավորելով պատմական փաստերով:

Ես մեկ անգամ չէ, որ հանդիպել եմ Հովհաննես Բաղրամյանի հետ թե՛ Էջմիածնի ընտրական տեղամասից նրան ԽՍՀՄ Գերագույն սովետի պատգամավոր ընտրելու կապակցությամբ, և թե՛ հանրապետության պիոներների ու աշխատավորների հետ հանդիպումների ժամանակ: Մասնակցել եմ Էջմիածնի աշխատավորների հետ Հովհաննես Բաղրամյանի հանդիպմանը: Վկա եմ եղել, թե ինչպես էր ընտրողների և պիոներների հետ հանդիպման ժամանակ հուզվում, ինչպես էին հաճախ թրջվում նրա աչքերը: Բայց այստեղ՝ Սևանում, ուրիշ արցունքներ էին: Մարշալին այդքան հուզված տեսնում էի առաջին անգամ: Նրան դժվարությամբ հաջողվեց թաքցնել ափսոսանքը Եպիշևի՝ խնդիրը լսելու և հասկանալու չկամության համար և ցավը սեփական ժողովրդին օգնելու անկարողության պատճառով:

 

 

 

Հայաստան Վալենտինա Տերեշկովա անցյալից Ջեմմա Հասրաթյան խմբագրի ընտրանի

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին