f

Անկախ

Բեյրութցի հերոս կիները և երևանցի ոտնահարված ու ընկած կանայք


Օրերս մի լավ նվեր ստացա համալսարանական ընկերոջիցս՝ Մինաս Գոճայանից, որ նրա նոր լույս տեսած գիրքն է՝ «Փյունիկյան ափերեն» հուշագրության առաջին հատորը (Լոս Անջելես, 2022): Այս հերթական գրքով նա ներկայանում է որպես Մինաս Փյունիկ (Գոճայան) և այն  ձոնել է իր ընկերներին ու դասընկերներին, ավագ ընկերներին, ուսուցիչներին, հայ և օտար բարեկամներին, ընտանիքին, հարազատներին, Հայաստանի և սփյուռքի ազգականներին ու բոլոր աշակերտներին:

Երբ զննում էի բովանդակության ցանկը, շատ հետաքրքրեց հեղինակի կյանքի լիբանանյան հանգրվանին՝  ծննդավայրին  վերաբերող մասում տեղ գտած «Մեր թաղի հերոս կիները» վերնագիրը: Ի՞նչ հերոս կանանց մասին է խոսքը, որ մենք չգիտենք: Գայթակղությունն այնքան մեծ էր, որ ընթերցանությունը սկսեցի ոչ թե սկզբից՝ սովորության համաձայն, այլ տվյալ հատվածից: 

Ովքե՞ր էին բեյրութցի հերոս կանայք

Այս հուշը սառը պատերազմի ժամանակներից մնացած մի պատառիկ է, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմից աչքերը հազիվ բացած մարդկությունն ու երկրագունդը, ինչպես հեղինակն է գրում, երկուսի էին բաժանված, և « ցուրտ պատերազմ» կոչված հրեշի արյունոտ մագիլները  զոհեր էին խլում երկու կողմերից էլ:

Հայ մարդիկ, որոնք տեսել էին արդեն մի քանի աքսոր, դարձել էին գաղթական, նրանց  աչքերը դեռ  չէին ցամաքել Առաջին աշխարհամարտում խոշտանգված, անհետ կորած ու անգերեզման մնացած հարազատների կսկիծից, գրում է հեղինակը, նոր աղետի առաջ էին կանգնած, որին «եղբայրասպան կռիվներ» անունն են տվել պատմության գրքերում ու մամուլի էջերում:

Այդ ժամանակ գրքի հեղինակը, ինչպես և իր հասակակիցները՝ 8-10 տարեկան տղաները, քիչ բան են հասկացել, թե ինչու են համաքաղաքացիները բաժանվել Բեյրութի Նահր գետի այս ափին ապրող «ասոնքի» և մյուս ափին գտնվող «անոնքի», բայց հստակ իմացել են, որ անոնք «մարդ են սպանում և տերտեր են ծեծում»: Այդ քաղաքացիական պատերազմի հետևանքներից մեկն էլ այն էր, որ կռվախնձոր և քաղաքական շահարկումների առարկա էր դարձել Հայաստանյայց առաքելական եկեղեցին:

Մի օր էլ իրարանցում է սկսվում թաղի կանանց մեջ: Վրդովված կանայք անիծում էին գործող նախագահին և մի քանի հոգևորականների, որոնք լիբանանյան բանակի հետ մտել էին Անթիլիասի մայրավանքը և ծեծելով քշել էին մեր հոգևորականներին:

Անառիկ էին մնացել Նոր Հաճընի Սուրբ Գևորգն ու Խալիլ Պատաու հայաշատ թաղի Սուրբ Հարություն եկեղեցին: «Մեր թաղի քաղաքականացած այրերուն-կանանց համար անխոցելի բերդեր էին անոնք, մանաւանդ որ մեր փափակասուն կանայք պատրաստ էին իրենց արեան գնով պաշտպանելու Էջմիածնական «ամրոցները»,- գրում է հեղինակը:

Մի օր էլ կայծակի արագությամբ լուր է տարածվում, թե բանակը մտնելու է իրենց թաղը, գրավելու է եկեղեցին և այն հանձնելու է «անոնց»: Թաղի մայրերն ու հարսները, աղջիկներն ու տղաները գիշերը պատրաստվում են ինքնապաշտպանության և առավոտյան իջնում են փողոց: Նրանց պայքարին նպաստում է մի զուգադիպություն: Օրեր առաջ Բեյրութի քաղաքապետարանը որոշել էր թաղի զուգահեռ փողոցները օժտել մայթերով և այդ նպատակով թաղը լցրել էր մեծ քանակի քարերով, որոնք շարվելու էին մայթերզրերին:

Կանայք արագ են կողմնորոշվում և թաղի բոլոր մուտքերը փակում են այդ քարերով: Հաջորդ առավոտյան թաղը լցվում է ճիչերով. «Ճէյշը (բանակը) եկավ, ով որ վախկոտ չէ, թող գա ետեւէս»: Մինասի մայրը նույնպես, առանց ամուսնուն սուրճ տալու, անմիջապես իջնում է փողոց և միանում քաղաքականացած կանանց, որոնք անեծքների տարափ էին տեղում  բանակին:

Բանակի մեքենաները կանգ են առնում թաղի՝ Խալիլ Պատուի մատույցներում, և դրանցից ցատկում են սաղավարտավոր զինվորները: «Մենք՝ անզօր պատանիներս, մեր եղունգները կը կրծէինք ու գալիք սարսափելի տեսարանի մը ահը կ՛ապրէինք»,- հիշում է հեղինակը:

Մայրը բղավելով հորդորում է որդուն շուտ տուն գնալ և որպես ինքնապաշտպանական զենք թափահարում է իր հողաթափը: Նրան հետևում են մյուսները: Ապա լսվում է ցույցի առաջնորդի՝ «հերոս Զիզիի» քրոջ ձայնը, որը առաջարկում է բոլորին պառկել ասֆալտին. «Այս «ասկեարները» մեր թաղերը մտնել ուզեննէ մեր մարմիններուն վրայէն պէտք է անցնին»: Ապա դիմում է աստիճանավոր սպային. «Եթէ քաջ տղամարդ էք, եկէք կնիկներուն դեմ պատերազմելու»:

«Մամայիս պիտի մեռցնեն»,- ճչում է Մինասի դասարանցին՝ Էլիզը և գնում փաթաթվում է գետնին պառկած մորը: Նրան հետևում են մյուս  աղջիկներն ու պատանիները, ինչպես և Մինասը:

Բանակայինները շվարում են, ոմանք էլ ծիծաղում են՝ մատնացույց անելով պառկած կանանց: «Յայտնի էր, որ զինուորները չէին ուզեր անզէն ու «տկար կնիկներուն» վրայ յարձակիլ արագահարուածներով կամ մահակներով»: Այնուհետև կանանց առաջին շարքերին են մոտենում սպաները և հարցնում են նրանց, թե ուր են իրենց ամուսինները, նրանց հետ են ցանկանում խոսել: Կանանցից մեկը իր իմացած արաբերենով հասկացնում է, որ իրենց ամուսիններին հասնելու համար ստիպված կլինեն իրենց վրայով անցնել: Սպաները հրամայում են զինվորներին բարձրանալ մեքենաները. «Մենք աս կնիկներուն հետ չափուելու չենք եկած»:

«Քանի մը վայրկեանէն թաղին մատոյցներէն հեռացան մեր սիրելի Լիբանանի պատուախնդիր զինուորները. քիչ ետք լսուեցան մեր թաղի Ս. Յարութիւն եկեղեցւոյ կոչնակին ղօղանջները: Աւարայրէն նեշնչուած փափկասուն տիկնանց հերոսական արարքին շնորհիւ Ս. Յարութիւնն ու Ս. Գէորգը մնացին Էջմիածնի հաւատարիմ հոգեւոր ամրոցներ»,- ամփոփում է հեղինակը:

Այսպես ահա օտար երկրի պատվախնդիր բանակն ընկրկում է հայ կանանց «բանակի» առջև:

Ովքե՞ր են երևանցի ոտնահարված ու ընկած կանայք

Եվ հավանաբար ինչ կգրի այսօրվա պատանին առաջացած տարիքում մեր մայրերի պայքարի մասին հարազատ ազգային պետության իշխանավորների դեմ:

- 2018 թ. մեր երկրում հեղափոխություն եղավ, իշխանությունը փոխվեց: Սկզբում բոլորը ոգևորված էին, բայց շուտով ժողովուրդը կիսվեց,  բաժանվեց «սևերի» ու «սպիտակների»: Սևերը հակահեղափոխականներն էին, որոնք բացատրում ու ապացուցում էին, որ նոր եկած իշխանությունը երկիրը տանում է պատերազմի ու կործանման, իսկ սպիտակները նոր իշխանավորներն ու նրանց համակիրներն էին:  Հետզհետե վախի մթնոլորտ տարածվեց, որովհետև սպիտակները բռնում ու կալանավորում էին աչքի ընկնող սևերին… Երկու տարի հետո իսկապես պատերազմ սկսվեց, Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հարձակվեց  Արցախի վրա և հաղթեց: Հազարավոր զինվորներ զոհվեցին, եռակիները հաշմանդամ դարձան: Մենք կորցրեցինք Հադրութը, Շուշին, առհասարակ Արցախի մեծ մասը, հետագայում, առանց պատերազմի, նորանոր տարածքներ… Մեզ Արցախին կապող միակ ճանապարհն անցավ Ադրբեջանին, որը փակեց այն, և արցախցիները մնացին շրջափակված, Հայաստանից ու աշխարհից կտրված, մատնված սովի ու ցրտի: Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ հարձակվում էր նաև բուն Հայաստանի վրա և ամեն անգամ մի պատառ էր պոկում:

Արցախյան պատերազմից հետո սկսվեց Հայրենիքի փրկության շարժումը, որը պահանջում էր վարչապետի հրաժարականը՝ պատճառաբանելով, որ երկիրը պարտության մատնած ղեկավարը չի կարող մնալ իր աթոռին, և նրա իշխանության մնալը նորանոր աղետներ կբերի մեզ, վերջնականապես կկործանի: Բայց այդ շարժումը երկար չտևեց, ջլատվեց, երբ այդ շարժման մեջ եղած որոշ կուսակցություններ անջատվեցին ու մասնակցեցին արտահերթ ընտրություններին ու պարտվեցին:  Դրանից հետո էլի մի քանի անգամ բողոքի ցույցեր եղան, բայց դրանք էլ աստիճանաբար  նվազեցին ու գրեթե մարեցին: Հիմա էլ պառակտվել էին ընդդիմադիրները՝ բաժանվելով արևմտամետների, ռուսամետների, ազգայնականների ու հականախկինների, ընդհանրապես ոչ ոք ոչ ոքի չէր վստահում: Մեր բարեկամներից շատերն այլևս մեր տուն չէին գալիս, մենք էլ նրանց տուն չէինք գնում, քանի որ մեր ծնողները հայտնվել էին հակառակորդ քաղաքական «բանակներում»…

Գրեթե «բաժանման» շեմին էին նույնիսկ տատս ու պապս: Տատս հերթական լուրից հետո իրար էր զարնում խոհանոցի սպասքը, անիծում էր «սատանային» (գիտեինք, թե ինչ անձի մասին է խոսքը) և խոժոռ նայելով պապիս՝ հանդիսավոր հայտարարում էր. «Էս երկրում տղամարդ չի մնացել, դրա համար էլ էս օրին ենք»: Պապս էլ մեկ առ մեկ  թվարկում էր այն կանանց, որոնք հակառակ բանակում էին. մարդու իրավունքների կին պաշտպանին, իշխող կուսակցության պատգամավոր կանանց, կին դատախազներին ու դատավորներին, որոնք անօրինական կալանավորում էին հայրենիքի փրկության համար հանդես եկողներին, կին պաշտոնյաներին, «գրանտակեր» կանանց, իրենց սիրելի վարչապետի մարմնի տարբեր մասերը լիզել փափագող փողոցային կանանց և մանավանդ գլխավորին՝ «սատանայի» կնոջը… Եվ նա էլ հանդիսավոր հայտարարում էր. «Երկրի կանայք որ էս լինեն, նրանց կողակից  ու ծնած-դաստիարակած տղամարդիկ էլ էս կլինեն»:

Փողոցներում մնացին սևազգեստ մայրերի ցույցերը, որոնք մինչ այդ սգի մեջ էին և դիարանից դիարան էին վազում զավակներից գոնե մի մասունք ստանալու ու գերեզման ունենալու փափագով: Մի մասն էլ իրենց գերի ընկած զավակներին էին սպասում:

Երբ զոհվածների մայրերը փորձեցին փակել գործող վարչապետի ճանապարհը, որպեսզի չայցելի Եռաբլուր (հայրենիքի համար զոհվածների գերեզմանոցը) և իր ներկայությամբ չպղծի իրենց զավակների հիշատակը, որոնք, իրենց կարծիքով, զոհ էին գնացել նրա կործանարար քաղաքականությանն ու կառավարմանը, վարչապետի թիկնապահ ոստիկանական գունդը չտեսնված բռնություններ գործադրեց սգավոր կանանց նկատմամբ՝ բառի բուն իմաստով ոտքերից ու ձեռքերից բռնած քարշ տալով դեպի ոստիկանական մեքենաները: Հետագայում այդ տեսարանները սովորական դարձան:

Մի քանի անգամ էլ հասարակությունը ցնցվեց, երբ վարչապետի արագընթաց ավտոշարասյունը մեքենայի տակ գցեց անցումով անցնող երիտասարդ հղի կնոջը, և վրաերթի ենթարկող թիկնապահը փաստացի պատասխանատվության չենթարկվեց, երբ հայրենիքի սահմանը պաշտպանող  15 զինվոր առեղծվածային կերպով այրվեց իր իսկ կացարանում, երբ Մալիշկա գյուղում վարչապետի կողմը հովանոց նետած կնոջ դեմ քրեական գործ հարուցվեց,  երբ իշխանության կազմակերպած սադրանքի միջոցով մի որդեկորույս կնոջ էլ կալանավորեցին… Դժվար է հիշել բոլոր ամոթալի դեպքերը...

Մեր ընտանեկան խնջույքների ժամանակ մեր հայրիկները միշտ հատուկ կենաց էին խմում կանանց և մայրերի պատվին և մեզ էլ պատվիրում էին բարձր պահել տղամարդու պատիվը՝ մեծարել ու պաշտպանել մայրերին, քույրերին, ընկերուհիներին և առհասարակ բոլոր կանանց: Հիմա նրանց աչքի առաջ հայրենակից «իրավապահները» ամեն օր նվաստացնում էին  հայրենակից սգավոր կանանց, և նրանք չէին կարողանում դրա դեմն առնել…

Իշխանություններին  իրենց մարմնով ու զենքով պաշտպանող հայ ոստիկաններն ու զինվորները, հանուն իրենց աշխատավարձի, փաստացի անցնում էին հայ կանանց մարմինների վրայով, և իշխանության աթոռներից կառչած կանայք, որոնց բարոյական անկումը համեմատելի չէր անգամ մարմնավաճառ կանանց հետ, աչք էին փակում դրա առաջ…

Շարունակությո՞ւնը

Այստեղ ապագա հուշագիրը կանգ կառնի: Կա՛մ կջնջի գրածը, որովհետև դժվար կլինի գրել վերջաբանը, դրա դառնությունը, խցելով  կոկորդը, շնչահեղձ կանի նրան, կա՛մ  շունչ կառնի ու կշարունակի՝ արձանագրելով, որ ժողովրդի մեջ առաջացած  տարբեր խմբերը՝ տարբեր անուններով, ուժ գտան միավորվելու և գահընկեց անելու թշնամական իշխանությունը, վերացնելու ազգակործան քաղաքականության հետևանքները…

Թե այս երկուսից որը կլինի ապագա  հուշագրության շարունակությունը, առայժմ անհայտ է, մենք՝ այսօրվա դեպքերի վկաներս ու մասնակիցներս, ստիպված ենք ամեն օր արձանագրել, որ շարունակվում է հարևան թշնամի երկրների  հաղթարշավը, քանի որ պետության գլխին շարունակում է մնալ  թշնամիներին սպասարկող հակահայ իշխանությունը, հայ տղամարդիկ ու կանայք կորցրել են իրենց նախասահմանումը, կորցրել են ինքնապաշտպանության բնազդը, ուստի և հավաքականության ու միասնականության բանալին, որը մեկ անգամ չէ, որ բացել է երկրի փրկության դուռը:

Այսպես ահա այս ընթերցանությունը գոհունակության  ու խռովքի իրարամերժ հույզեր հարուցեց: Չգիտես՝ երախտաիգությո՞ւն հայտնես Մինասին ոչ շատ վաղ անցյալի պատմության այս սիրուն, մխիթարող հուշը պահելու համար, թե՞ կշտամբես ակամա այսօրվա անմխիթար իրավիճակի վիշտը խորացնելու համար: Մի՞թե մեր անցյալի հիշատակության արժանի մեծ ու փոքր անցքերն այլևս ոգեշնչելու փոխարեն միայն և միայն ընկճելու են՝ դրդելով խոստովանել, որ այն, ինչ կատարվել ու կատարվում է այսօր մեզ հետ, մե՛ր պատմությունը չէ, սա մե՛նք չենք, մենք դավաճանել ենք ինքներս մեզ…    

 

 

 

Հայաստան Հայրենիքի փրկության պայքար անկախ կին

Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Ավելին
Ավելին