f

Անկախ

Աստղիկ Բաբաջանյան․ հնագետը, որը կարծրատիպեր է կոտրել


Արագածոտնի մարզում գտնվող Դաշտադեմի ամրոցի պատմությունը, ճարտարապետությունը, բացառիկ այդ կառույցի նշանակությունը Հայաստանի պատմամշակութային ժառանգության մեջ և այդ համատեքստում միջնադարյան Հայաստանի քաղաքական, մշակութային և կրոնական հարաբերություններն են  ներկայացված լինելու գիտական մենագրության մեջ, որի վրա աշխատում  է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Աստղիկ Բաբաջանյանը։ «Հենց սա է հնագիտությունը, երբ պեղումների շնորհիվ ձեռք բերված գյուտերը և գրավոր սկզբնաղբյուրները համադրելով մեր պատմական անցյալի «փազլին» մի մասնիկ ես ավելացնում»,- ասում է նա։

 Իսկ մինչ գրքի հրատարակությունը Բաբաջանյանն իր հետազոտությունների արդյունքները գիտական աշխարհին է ներկայացնում հոդվածների և միջազգային և հանրապետական գիտաժողովներին մասնակցության միջոցով։ Ներկայումս  դրանց մեծ մասն ուղղված է Դաշտադեմի ամրաշինական համալիրի մաս կազմող դղյակի ճարտարապետության առանձնահատկությունները ներկայացնելուն։

 Դաշտադեմի ամրոցը գտնվում է Արագածոտնի մարզի Թալին քաղաքից 5 կմ հարավ՝ Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։ Այն միջնադարյան շրջանում եղել է Անի մայրաքաղաքի շուրջը ձևավորված ամրոցների շղթայի հանգույցներից մեկը։ Գտնվելով Դվինից Անի տանող քարավանային տարանցիկ ճանապարհների վրա՝ այն վերահսկում ու ապահովում էր այդ ճանապարհների անվտանգությունը:

 Աստղիկ Բաբաջանյանը գիտության ոլորտում է 2006-ից, զբաղվում է 11-17-րդ դարերի Հայաստանի պատմության և հնագիտության տարաբնույթ խնդիրների ուսումնասիրությամբ։ Մասնավորապես՝ ուշադրության կենտրոնում է պահում Մետաքսի ճանապարհի՝ Հայաստանով անցնող հատվածի հետ կապված հարցերը՝ ընդգծելով Հայաստանի դերը որպես Արևմուտքի և Արևելքի միջև սոցիալ-մշակութային փոխանակումների կարևոր խաչմերուկ։ Հետաքրքրությունների մյուս վեկտորն ուղղված է Բագրատունիների օրոք ձևավորված և հետագայում ամրապնդված պաշտպանական համակարգի, դրա դերի և ենթակառուցվածքների հետ կապի լուսաբանմանը, ինչպես նաև անդրադառնում է ուրբանիզացման գործընթացներին Արարատյան դաշտում։

 Պատմելով, թե ինչպես է ընտրել հնագետի մասնագիտությունն, ասում է, որ ուսանում էր ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Արվեստաբանության բաժնում, բայց շարունակ ձգտում էր բացահայտել մեր վաղ անցյալի թաքնված գաղտնիքները։  «Արվեստաբանության մեջ էլ ընտրել էի մեր պատմական հարուստ անցյալի միջնադարյան ժամանակաշրջանը՝ հետաքրքրվելով ճարտարապետական ու քանդակագործական հուշարձաններով։ Երբեմն դասերից փախչում էի, գնում հնագիտության դասընթացները լսելու։

2006-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտում ասպիրանտական թափուր տեղը տրվեց հնագիտությանը։ Ընդունվեցի։ Ու ինձ այլ ոլորտում այլևս չեմ պատկերացնում»,- ասում է նա։ Բաբաջանյանն ասում է, որ հնագիտությունը մի կողմից «ռոմանտիկ» մասնագիտություն է՝ հողի տակ թաքնված ու մինչ այդ անհայտ պատմական անցյալն ես բացահայտում, մասնակից ես դառնում պատմությունը վերստեղծելու պրոցեսին։ Բայց մյուս կողմից այն ուժեղ կամք և ֆիզիկական պատրաստվածություն է ենթադրում՝ օրերով ու ամիսներով գտնվելով տնից հեռու, աշխատում ես ոչ գրասենյակային պայմաններում, այլ բնական միջավայրում՝ կիզիչ արևի տակ։

 «Բայց պեղումների արդյունքները և գտածոների հետ աշխատելու բերկրանքը լրիվ կոմպենսացնում են այն դժվարությունները, որ հնագետը կարող է կրել պեղումների ընթացքում»,- ասում է նա։

  Խոսելով հնագիտության առանձնահատկության մասին՝ Բաբաջանյանը մի քանի գործոններ է մատնանշում։ «Ինձ համար հնագիտությունը, հումանիտար գիտություն լինելով հանդերձ, ինչ-որ չափով նաև ճշգրիտ գիտություն է։ Պատմության խորքային հարցերը բացահայտելու գործում հնագետը կիրառում է միջմասնագիտական մոտեցում՝ ներառելով ճշգրիտ գիտություններին բնորոշ մեթոդները։ Հնագետներն աշխատում են տարաբնույթ վայրերում՝ Հայաստանի տարբեր մարզերում և բնական լանդշաֆտներում, թանգարաններում, արխիվներում, լաբորատորիաներում։ Վերջնական արդյունքին հասնելու ընթացքում աշխատապայմանների փոփոխությունը՝ ի տարբերություն գրասենյակային միօրինակ միջավայրի,  սա է հատկապես ինձ գրավում,- ասում է նա։- Հենց եղանակները տաքանում են, արդեն սպասում ես, որ պետք է դուրս գաս,  բացահայտես նոր հուշարձաններ իրենց բնական միջավայրում։  Մշակութային օբյեկտների ու շրջակա միջավայրի կապը բացահայտելը կլանող է։  Մի անգամ պեղումների մասնակցած ու հողի տակից գտածոներ հանած մարդն այլևս իրեն այլ ոլորտում պատկերացնել չի կարող»։

 Իսկ որպես այս մասնագիտության մեկ այլ գրավիչ առանձնահատկություն՝ Բաբաջանյանը նշում է, որ հնագիտությունը երբեք ժամանակավրեպ չի դառնա։ Նա ընդգծում է՝ տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացմանը զուգընթաց որոշ մասնագիտություններ ժամանակավրեպ են դառնալու, մարդուն մի շարք ոլորտներում փոխարինում են արհեստական բանականությունները, բայց հնագետներին այդ վտանգը չի սպառնում։

 «Հնագիտությունն այդ առումով շատ գայթակղիչ է ու մրցունակ՝ մասնագիտություններ ընտրելու դաշտում, քանի որ այն միշտ կլինի, մարդկությանը միշտ հետաքրքիր է իմանալ իր անցյալը։ Այս մասնագիտությունը մեր նոր իրականության մեջ՝ պատերազմներ, քաղաքական նկրտումներ մեր հողերի նկատմամբ, ավելի արդիական է դառնում։ Հնագետներս կարող ենք մեր աշխատանքի շնորհիվ  հիմքեր  ու փաստեր ապահովել   մշակութային ժառանգության պահպանման ոլորտում՝ դիվանագետներին ու պետական այրերին հնագիտական արժեքավոր վկայություններ տրամադրելով ազգի հարուստ պատմության և ինքնության վերաբերյալ, ինչն էլ կարող է օգտագործվել  մշակութային ժառանգությունը խթանելու ու պահպանելու գործում թե՛ ներքին, թե՛ միջազգային մակարդակներում։ Բացի այդ հնագիտական ապացույցները և տեղեկատվությունը կարող են օգտակար լինել դիվանագիտական բանակցություններում և տարածքային վեճերի հետ կապված իրավական գործընթացներում»,- ասում է նա։

 Խոսելով ոլորտի դժվարությունների մասին՝ Բաբաջանյանը պատմում է, որ 2006-ին, երբ գիտությունն ընտրեց որպես ուղի, այլ աշխատանք ուներ, որով և ապրուստ էր վաստակում։  «Այն տարիներին այս ոլորտի սիմվոլիկ վարձատրությունը խոչընդոտ չէր, գումարի համար չէի աշխատում ինստիտուտում»,- ասում է նա՝ հավելելով, որ հետագայում արդեն ընտրության առջև է կանգնել, բայց ընտրել է գիտությունը։ Նա փաստում է՝ իր հետ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ ընդունված շատ երիտասարդներ ստիպված թողեցին գիտությունը, քանի որ ապրուստ վաստակելու խնդիր ունեին։ «Սակայն կարծում եմ,եթե  դժվարություններին դիմանալով կայացած մասնագետ դառնաս, հնարավորություններ կստեղծվեն։ Պետք է պարզապես նպատակասլաց լինել և հասնել մինչ այդ կետը։ Համոզված էի, որ պաշտպանելուց հետո նոր հնարավորություններ կբացվեն»,- ասում է նա։

2005-2006 թվակականներից սկսած հնագիտության ոլորտում միջազգային համագործակցությունները հատկապես աշխուժացան և դրսից եկող ֆինանսավորումը հնարավոր  դարձրեց  գիտությամբ զբաղվել և նաև ապրուստ վաստակել։ Բացի այդ միջազգային համագործակցությունների շրջանակում շփումները արտերկրի հնագետների և հարակից մասնագետների հետ, իսկ այդ շրջանակը բավական լայն աշխարհագրություն ունի ՝ Ճապոնիայից, Չինաստանից մինչև ԱՄՆ,  հնարավորություն է ընձեռում փորձի ու գիտելիքների փոխանակման համար։

 Բաբաջանյանը շեշտում է՝ գիտության ֆինանսավորման ավելացման վերջին տարիների միտման շնորհիվ գիտաշխատողի համար հնարավորությունները մեծացել են իր սիրելի գործով զբաղվելու համար։ Վստահ է՝ եթե իր մասնագիտության վերը ներկայացված գրավիչ կողմերը երիտասարդների շրջանում մատչելի ներկայացվեն, շատերը կընտրեն հնագիտությունը որպես կյանքի ուղի, ինչի շնորհիվ էլ կապահովվի անխափան սերնդափոխությունը հայագիտական այս ուղղությունում։

 Բաբաջանյանը նշում է, որ հնագիտության ոլորտում իր և այլ կին գիտաշխատողների համառ պայքարի շնորհիվ կարծրատիպեր են կոտրվել։ Եթե նախկինում հավասար մասնագիտական կարողությունների ու հմտությունների պարագայում նախապատվությունը տալիս էին տղաներին, գիտակցաբար և ենթագիտակցաբար մտահոգվելով, որ կանանց համար ավելի դժվար է երկարատև բացակայել տնից, պեղումների մասնակցել, դաշտային պայմաններում աշխատել, ապա այժմ միտումը փոխվում է։ Կանայք արդեն նաև արշավախմբեր են ղեկավարում։ Բաբաջանյանն ինքը Դաշտադեմի ամրոցի և մի քանի այլ հնագիտական արշավախմբերի ղեկավարն է։

 Խոսելով հնագիտության՝ որպես հայագիտական ուղղություն, դժվարությունների մասին՝ Բաբաջանյանը նշում է, որ մի կողմից կարևոր է ներհայաստանյան գիտական արդյունքները միջազգայնացնելը, բայց մյուս կողմից էլ բարձր գործակից ունեցող ամսագրերում տպագրվելը որոշակի դժվարությունների հետ է կապված, թեև անհնարին չէ։ Ասում է՝ մինչև քայլ առ քայլ միջազգայնացման ճանապարհին հանդիպող խոչընդոտները հաղթահարում են, ավելի շատ ժամանակ ու ջանքեր են ծախսում, ինչի հետևանքով էլ աշխատանքի արդյունավետությունն է նվազում՝ եթե կարող էր օրինակ՝ տարեկան 6 հոդված հրապարակել, երկուսն է հրապարակում։ Սակայն անչափ կարևորում է իր և հայագիտական ոլորտի աշխատանքների հրապարակումը միջազգային լսարաններում, քանի որ օտարերկրյա  հայագետները հաճախ անտեղյակ են Հայաստանում տպված նյութից և երբեմն կրկնում են մեր երախտավոր գիտնականների աշխատանքները, որոնք Հայաստանում տպագրվել էին դեռևս 50-60 տարի առաջ։ «Դրա համար կարևորում եմ, որ այն, ինչ անում ենք Հայաստանում, լուսաբանված լինի նաև միջազգային լսարանի համար։ Սակայն գիտության միջազգայնացման ճանապարհին անհրաժեշտ է ավելի շատ ներդրումներ։ Օրինակ՝ Ադրբեջանը  մեծ ռեսուրսներ է ծախսում կեղծ գիտություն զարգացնելու հարցում, ցավոք Հայաստանը ներդրումների առումով զգալի զիջում է, և մենք մեր նախաձեռնությամբ ենք տպագրվում դրսում»,- ասում է նա։

 Բաբաջանյանը կարևորում է նաև պետություն-գիտություն համագործակցությունը։ «Անհրաժեշտ է մշակված հատուկ քաղաքականություն և պետական պատվերներ հայագիտությանը և պետական-ազգային խնդիրները լուծելու համակարգված մոտեցում։ Օրինակ՝ պատերազմից հետո հրատապ է դարձել Արցախի պատմամշակութային անցյալի արժևորման և ինքնության հարցը (թեև այս խնդիրը պետք է վաղուց օրակարգի առաջին տեղում լիներ և հետևողական լուծվեր), որին պետք է լծված լիներ մեր ինստիտուտի մեծագույն մասը մյուս հայագիտական ուղղությունների հետ համատեղ։ Սակայն Արցախի խնդիրներով զբաղվում է փոքրիկ խումբ և անհատ նախաձեռնողներ»,- ասում է հնագետը։ Նա շեշտում է՝ զգացվում է, որ պետությունն ուզում է սերտացնել համագործակցությունը գիտության հետ, բայց ճանապարհները և մոտեցումները դեռևս շատ անորոշ են։

 Բաբաջանյանը նաև հիշեցնում է՝ կարևոր է գիտությանն ընդհանրապես զարկ տալը, ինչը և արվում է, բայց հայագիտական ուղղությունների նկատմամբ առանձնակի հոգածություն պետք է լինի։ «Հայաստանի անցյալի պատմության, մեր ինքնության, պատմամշակութային ժառանգության պահպանումը մեր գերակա շահերից մեկն է։ Իսկ դրա ուսումնասիրության շարունակականությունն անհրաժեշտ է ապահովել կրթության միջոցով, և ավելի ինտենսիվ խթանել այս մասնագիտությունների ընտրությունը»,- ասում է նա։

 

 Գլխավոր լուսանկարում՝ Ա․ Բաբաջանյանը Արուճի ամրոցում իտալացի գործընկերների հետ պեղավայր ընտրելիս

Երկրորդ լուսանկարում՝  Ա․ Բաբաջանյանը եկեղեցու խորանում բացված խաչքարը նկարագրելիս, Թեղուտ

գիտություն հնագիտություն Հնագիտության և ազգագրության ինստիտուտ խմբագրի ընտրանի գիտության զարգացում հայագիտություն Աստղիկ Բաբաջանյան կին գիտաշխատող Կինը և գիտությունը

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին