Եվրամիությունը մտադիր է սահմանափակել ռուսական ադամանդների առեւտուրը՝ Մոսկվայի հանդեպ պատժամիջոցների խստացման շրջանակում։ Այս մասին ուրբաթ Հիրոսիմայում կայացած մամուլի ասուլիսում, «Յոթնյակի» գագաթաժողովից առաջ, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Մենք կսահմանափակենք ռուսական ադամանդների առեւտուրը։ Ռուսական ադամանդները առհավետ չեն»,- ասել է նա։ Նա միեւնույն ժամանակ նշել է, որ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վերաբերյալ բանավեճը շարունակվում է։ Միշելը նաեւ խուսափել է ուղիղ պատասխան տալ այն հարցին, թե արդյոք Բելգիայի կառավարությունը տվել է ռուսական ադամանդների առեւտրի վերաբերյալ վերջնական համաձայնություն միջոցների խստացմանը։
Եվրոպական խորհրդի ղեկավարն ասել է, որ ԵՄ-ն ներկայում «աշխատում է, որպեսզի փակի սողանցքները [պատժամիջոցների ռեժիմում] եւ շարունակի Ռուսաստանը կտրել կրիտիկական մատակարարումներից»։ Նրա խոսքով՝ «Ուկրաինայի հզոր ռազմական, քաղաքական, հումանիտար եւ ֆինանսական աջակցությունը» կշարունակվի։
ԵՄ միակողմանի պատժամիջոցների գլխավոր հակառակորդներից մեկը ռուսական ադամանդների հարցում Բելգիան է, որը մտավախություն ունի, որ եթե պատժամիջոցներն ամբողջ աշխարհի մակարդակով չլինեն, ապա ռուսական արտահանումը կգնա Մերձավոր Արեւելք եւ Հնդկաստան, իսկ Անտվերպենի ադամանդի բիզնեսը վիթխարի վնասներ կկրի, որոնք թագավորությունն առայժմ գնահատել չի կարող։