Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշմամբ չի կարող Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ ստորագրել։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը։
«Սահմանադրության 6-րդ հոդվածը օրինականության սկզբունքի մասին ասում է, որ պետական պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ եւ օրենքով։ Մենք պետք է պարզենք, թե արդյոք որեւէ մեկը լիազորված է օրենքով նման որոշում կայացնելու։ Դա կարող է լինել կարծիք, բայց օրինական ուժ չունի, քանի դեռ չի ամփոփվել որեւէ միջպետական պայմանագրով։ Նման պայմանագրերը պետք է վավերացվեն Ազգային ժողովի կողմից Սահմանդրական դատարանի՝ դրա սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնելուց հետո»,- ասաց Ալվինա Գյուլումյանը։
Գյուլումյանի խոսքով՝ հայտարարություններն այդ մարմինների քննության առարկան չեն կարող դառնալ։ Եթե որեւէ միջազգային պայմանագիր հակասում է մեր Սահմանադրությանը, ապա այն կարող է վավերացվել միայն այն դեպքում, երբ փոխվում է համապատասխան դրույթը կամ Սահմանադրությունը։
«Սակայն նույնիսկ փոխված Սահմանադրության պարագայում այդ նախաբանները պետք է հաշվի առնվեն՝ նման քայլի գնալուց առաջ»,- ընդգծեց նա։