«Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդները մտադիր են խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն այս շաբաթ Ճապոնիայում կայանալիք գագաթաժողովում, հաղորդում է Reuters-ը։
Քննարկումների ընթացքին ծանոթ պաշտոնյաների խոսքով՝ ձեռնարկվող միջոցներն ուղղված են լինելու էներգետիկայի եւ արտահանման դեմ, որոնք նպաստում են Մոսկվայի ռազմական ջանքերին:
Աղբյուրները հայտնել են, որ մայիսի 19-21-ի հանդիպումների ընթացքում կհայտարարվեն նոր միջոցներ, որոնք ուղղված կլինեն երրորդ երկրների օգնությամբ պատժամիջոցները շրջանցելուն, ինչպես նաեւ Ռուսաստանում էներգիայի արտադրության կրճատմանը եւ ռուսական զինված ուժերին աջակցող առեւտրի սահմանափակմանը:
Բացի այդ, ամերիկացի պաշտոնյաները նաեւ ակնկալում են, որ «Մեծ յոթնյակի» անդամները կհամաձայնվեն հարմարեցնել պատժամիջոցների նկատմամբ իրենց մոտեցումը, որպեսզի, գոնե որոշակի կատեգորիաների ապրանքների դեպքում, ամբողջ արտահանումն ավտոմատ կերպով արգելվի, եթե դրանք ներառված չեն հաստատված ցուցակում:
Չնայած դաշնակիցները համաձայնության չեն եկել ավելի կոշտ մոտեցման լայն կիրառման շուրջ, ամերիկացի պաշտոնյաներն ակնկալում են, որ ռուսական ռազմական սեկտորների համար առավել զգայուն հատվածներում «Մեծ յոթնյակի» անդամները ապրանքների արտահանման արգելքի կանխավարկած կմտցնեն, եթե դրանք չընդգրկվեն «սպիտակ ցուցակում»: