Շատ ժամանակ չեմ ծախսում՝ մտածելու, թե ինչ է ասում իմ ռուս գործընկերը։ Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը՝ մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի արձագանքը, որը թերահավատորեն է վերաբերվել Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքների վերաբերյալ պետքարտուղարի լավատեսական գնահատականին, քանի որ դրանք «հակասում են Երեւանի եւ Բաքվի հայտարարություններին»։
«Սակայն ես կարող եմ ասել, որ քանի որ դա վերաբերում է շատ կարեւոր հարցի՝ խաղաղությանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, դա այն է, ինչով մենք շարունակելու ենք ակտիվորեն զբաղվել։ Մենք հավատում ենք, որ կա առաջ ընթանալու ճանապարհ։ Մենք կարծում ենք, որ այդ բանակցությունները արգասավոր էին եւ երկխոսության շարունակման հիմք են դրել»,- ընդգծել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։