«Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը միացնելու կառավարության որոշումը բողոքարկելու ենք դատարանում: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանը:
«Ղալաթ են արել: Իրենք իրենց որոշում են կայացրել, ինչի համար դատարանում են պատասխան տալու: Ես չեմ ճանաչում այդ կառավարությանը: Ես պատերազմից հետո այս կառավարությանը լեգիտիմ չեմ համարում, դա ինձ համար գոյություն չունի: Թող կառավարությունն այդ որոշման համար դատարանում պատասխան տա, թե ի՞նչ տրամաբանությամբ է նման բաներ անում: Փոխարենը երկիրը հետ բերի, այսպիսի որոշում է կայացնում»,- ասաց Արթուր Սահակյանը:
Ըստ կառավարության՝ այդ որոշումը կնպաստի նշյալ կազմակերպությունների մասնագիտական ռեսուրսների կենտրոնացման ու կարողությունների զարգացմանը, կխթանի ֆինանսական միջոցների ավելացմանը: Բարեփոխումները ենթադրում են նաեւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների օպտիմալացում: Որոշման անհրաժեշտությունը բխում է վերոնշյալ նպատակներից եւ միտված է «Գոյ» թատրոնի ստեղծագործական ներուժը առավել արդյունավետ եւ նպատակային գործադրելուն: