Իրադարձությունները Հարավային Կովկասում ծավալվում են սրընթաց, և ելնելով Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններից՝ սպասվում է Լեռնային Ղարաբաղի վերջնական հանձնումը Ադրբեջանին: Դրանից հետո անպայման կդրվի Արցախում խաղաղապահների և Գյումրիում ռուսական ռազմաբազայի գտնվելու նպատակահարմարության հարցը:
Ինչպես երևում է, նոր լայնամասշտաբ պատերազմ սկսվելու սպառնալիքը և դրան նախապատրաստվելը Բաքվում ոչ միայն վախեցրել են պաշտոնական Երևանին, այլև արագացրել են Նիկոլ Փաշինյանի կապիտուլյացիայի իրականացումը, որի պայմանները նախօրոք որոշվել են անցած տարվա հոկտեմբերին Պրահայում հակառուսական շաբաշի ժամանակ:
Դա արվում է Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ-ի առաքելության տեղակայումը չթողնելու նպատակով, քանի որ դա կնշանակեր հանրապետությունում Ռուսաստանի ռազմական ներկայության ուժեղացում և Արցախի խաղաղապահների ու գոյություն ունեցող ռազմաբազայի հետ համակցված՝ կամրապնդեր Մոսկվայի դիրքերն առհասարակ Անդրկովկասում:
Որպեսզի նման սցենար չիրականանա, որին Երևանը նախապես՝ մարտի 20-ին արտգործնախարար Արարատ Միրզոյանի Մոսկվա կատարած այցի ժամանակ համաձայնել էր, տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի վերջնական հանձնումը Բաքվի կողմից 1991 թվականի ՀԽՍՀ սահմանները ճանաչելու փոխարեն:
Դա արվում է իբր բուն Հայաստանը և հատկապես Սյունիքի շրջանը ադրբեջանական բանակով հնարավոր օկուպացնելուց փրկելու նպատակով, որտեղ Բաքուն և Անկարան նախատեսում են «զանգեզուրյան միջանցք» բացել: Դրա համար մեջտեղ եկավ հայկական վարչապետի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը այն հույսով, որ Իլհամ Ալիևը ընդառաջ կգա և կհաստատի նույնը Հայաստանի նկատմամբ:
«Ես հիմա ուզում եմ հաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն: Խաղաղությունը հնարավոր է, եթե մենք մեր միջազգային հարաբերություններում արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետություն ենք ճանաչում 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը, ավելի կոնկրետ՝ Հայկական ԽՍՀ տարածքը, և մենք որևէ այլ երկրից որևէ տարածքային պահանջ չունենք և չենք ունենալու»,- հայտարարեց Փաշինյանն իր դիրքորոշումը խաղաղ կարգավորման վերաբերյալ:
Նա վստահ է, որ այլ տարբերակի դեպքում Հայաստանին ոչ ոք չի թողնի զարգանալ, հետևաբար և պետք է հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հավակնություններից, ինչը կնշանակի չճանաչված հանրապետության վերացում՝ համապատասխան հետևանքներով տեղի հայ բնակչության համար: Ըստ էության՝ Փաշինյանը պարտադրում է հասարակական կարծիքին այդ կեղծ երկընտրանքը, որպեսզի հասնի իր նպատակին:
Նման գաղափարները, ի դեպ, լրիվ հակառակ են խաղաղ կարգավորման ռուսական պլաններին, որոնցում նախատեսվում է Արցախը, ինչպես և հայ բնակչությունը պահել խաղաղապահների պաշտպանության տակ՝ այդ խնդրի լուծումը թողնելով երկարաժամկետ հեռանկարին:
Ադրբեջանում, իհարկե, նույնպես շահագրգռված են արագ լուծել «հայկական հարցը» և Արցախի, նույնիսկ որպես ինքնավարության, վերացման խնդիրը: Ուստի Իլհամ Ալիևն արդեն վերջնագիր է ներկայացրել՝ հայտարարելով, որ Ղարաբաղի շրջանում ապրող հայերը պետք է ընտրեն՝ «կա՛մ ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ բնակության այլ վայր փնտրեն»: Հաշվարկը, իհարկե, կատարվում է այն նկատառումով, որ ողջ բնակչությունը կհեռանա Ղարաբաղի տարածքից:
Ընդ որում, Երևանում համաձայն են նաև դրան, քանի որ կառավարությունում արդեն քննարկվում են միջազգային կազմակերպություններին և արևմտյան գործընկերներին խնդրանքով դիմելու հնարավորությունները, որպեսզի օգնեն բուն Հայաստանում Ղարաբաղից տեղահանվածների համար նոր բնակավայրեր կառուցելու հարցում: Այդ մասին բաց խոսում են հանրապետության և՛ շատ պատգամավորներ, և՛ քաղաքական գործիչներ:
Բայց մեծ հարց է, թե կգնա արդյոք նման փոխանակության Ադրբեջանի իշխող վերնախավը՝ սահմանափակվելով միայն Արցախով, չէ՞ որ պաշտոնական քարոզչության մեջ Հայաստանի շատ տարածքներ և Սյունիքի մարզն արդեն անվանում են «Արևմտյան Ադրբեջան»: Կարող է պատահել, որ Իլհամ Ալիևի զավթողականության հետագա պլանները շատ ավելի հեռուն գնան, և չճանաչված հանրապետության լուծարումը սոսկ լրացուցիչ ազդակ դառնա նոր հարձակումների համար:
Հենց այդ պատճառով էլ հայկական վարչապետը խորամանկում է՝ փորձելով նստել մի քանի աթոռների վրա և Բաքվից չստանալով վերջնական պատասխան իր առաջարկություններին՝ շարունակում է չարաշահել իր եզերքներում ՀԱՊԿ առաքելության հնարավոր տեղակայման հարցը: Նրան պետք է այդ գործոնը թե՛ որպես ապահովագրություն, թե՛ որպես Իլհամ Ալիևի վրա ճնշում գործադրելու գործիք:
«Ոչ միայն Ռուսաստանը, այլև Հայաստանն է պատրաստ, որ ՀԱՊԿ առաքելություն տեղակայվի Հայաստանում։ Մենք մեր մտահոգությունների կամ ցանկությունների շրջանակը գծել ենք: Մեր ցանկությունն այն է, որ առաքելությունը լինի արդյունավետ: Սա կարեւոր է և՛ Հայաստանի, և՛ ՀԱՊԿ-ի, և՛ տարածաշրջանի համար: Մենք շարունակում ենք քննարկումներն այդ ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը՝ պատասխանելով ՌԴ-ի՝ Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելությունը տեղակայելու պատրաստակամությանը վերաբերող հարցին:
«Տե՛ս, եթե չհամաձայնես առաջարկված տարբերակին, Ադրբեջանի սահմանին կհայտնվեն նոր ռուսական ուժեր»,- կարծես փորձում է ասել իր գործընկերոջը Փաշինյանը:
Իսկ վախենալու պատճառ հայկական վարչապետն ունի: Չնայած Երևանի պարտվողական տրամադրությանն ու Բաքվի օգտին վերջնական կապիտուլյացիայի գնալուն՝ ադրբեջանական կողմը շարունակում է մեծացնել ուժերը: Այսպես, ըստ ադրբեջանական ընդդիմության հաղորդման, որը դեռևս ոչ ոք չի հերքել, Իլհամ Ալիևը հանձնարարել է մոբիլիզիացիայի և զինակոչի պետական ծառայության ղեկավար Մուրսալ Իբրահիմովին ձեռնամուխ լինել պահեստայինների զորահավաքին:
Դա հենց խոսում է այն մասին, որ Բաքուն չի պատրաստվում բավարարվել ձեռք բերածով, և Փաշինյանի այդ ամբողջ խաղը՝ հրահրված Վաշինգտոնից, կարող է հանգեցնել բուն Հայաստանի մի հատվածի գրավմանը և ինքնիշխանության կորստին: Դրան է տանում նաև նրա բանաձևը, թե «երկրի հետագա ճակատագիրը կախված է Անկարայի և Բաքվի հետ հարաբերություններից»: Եվ այդպիսի ազգային աղետի նախերգանքը իշխող լիբերալ վերնախավի՝ հայ-թուրքական սահմանը բացելու ցանկությունն է, թե իբր դա «պատուհան» կբացի դեպի Եվրոպա:
Բավական ճշգրիտ է այդ դեգերումների մասին ասել հայկական «Ծիծակ» տելեգրամյան ալիքը.
«Փաշինյանը անկյուն է քշվել: Նա առևտուր է անում՝ հասկանալով, որ հակառուսական հիստերիան ուժեղացնելը կարող է դառնալ իր «կարապի երգը»: Դրա հետևանքով է Արցախը որպես փրկագին տալով փրկվելու հուսահատ փորձը: Բայց ինչպես ասվում է մի այլ երգում «нам не нужно твое золото и корона твоя из клена»: ԱՄՆ-ն Կովկաս է եկել ամբողջ Հայաստանի համար, իսկ Փաշինյանի համար նախատեսված է Ֆաուստի դերը, որը սատանային կծախի և՛ իր, և՛ Հայաստանի հոգին»:
Եվ Արևմուտքը հատուկ է տանում այս գործընթացը նման հանգուցալուծման, քանի որ Արցախի վերացումը և Թուրքիայի հետ սահմանների բացումը հնարավորություն է տալիս դուրս մղելու ռուսական ուժերը Հայաստանից և Ղարաբաղից: Չէ՞ որ կոմպրադորական վերնախավը դրանից հետո կպահանջի հեռացնել թե՛ խաղաղապահներին, որոնք արդեն ոչ ոքի և ոչինչ պաշտպանելու խնդիր չեն ունենա, թե՛ ՌԴ զինված ուժերի բազան Գյումրիում:
Իսկ «զանգեզուրյան միջանցքի» բացման վրա, որի շնորհիվ հետո Թուրքիայով դեպի Եվրամիություն կհոսեն ղազախական նավթը և Կենտրոնական Ասիայի ռեսուրսները, Բրյուսելում և Վաշինգտոնում պատրաստ են աչք փակել և անգամ համաձայնել ադրբեջանական բանակով Հայաստանի Սյունիքի մարզի գրավմանը: Դե իսկ «կայունության պահպանման» համար ՀՀ-ից մնացած տարածքում անպայման արդեն ՆԱՏՕ-ի բազաները կտեղակայվեն, և անպայման չէ, որ դրանք հենց թուրքական ուժերը լինեն:
Ցավոք, հայկական ընդդիմության ուժերը բավական չեն տվյալ ծրագրերը խափանելու, ինչպես նաև երկրում ընդվզողների կրիտիկական զանգված համախմբելու համար: Դա ցույց տվեցին 2021-2022 թթ. իրադարձությունները, և դա հիմնականում պայմանավորված է պատերազմի պարտությունից հետո բնակչության զգալի մասի բարոյազրկմամբ և պասիվությամբ, ինչպես նաև տնտեսության անկումով ու անհրաժեշտ ներուժի բացակայությամբ:
Դրան է հանգեցրել նաև այն հանգամանքը, որ Հայաստանի աշխարհաքաղաքական վերակողմնորոշումը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմը ընթացել է երկար տարիներ «բազմավեկտորության ուղու» անվան տակ, և այժմ մենք տեսնում ենք սոսկ այդ գործընթացի ավարտը: Հենց այդ պատճառով էլ Փաշինյանը Բեռլինում Շոլցի հետ հանդիպումից հետո համարձակ խստացնում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները՝ դիմելով «գորշ ներմուծման» կանխմանը:
Այսօր Հայաստանի խորհրդարանում սկանդալներ և Փաշինյանի կողմնակիցների ու ընդդիմադիր պատգամավորների ծեծկռտուքներ են տեղի ունենում, մինչդեռ այժմ անհրաժեշտ է գործողությունների և պահանջների միասնական ծրագիր, որը կհամախմբի երկրի խայտառակ կապիտուլյացիայի և Արցախի հանձնման դեմ հանդես եկող բոլոր ուժերին: Եվ եթե հանրապետության ներսում մոտ ապագայում արմատական փոփոխություններ չլինեն, ապա ամբողջ ժողովրդի համար ներկայիս կործանարար քաղաքական ուղու ողբերգական հետևանքները անխուսափելի կլինեն:
Այնուր Կուրմանով
Աղբյուրը՝ Политнавигатор