f

Անկախ

Արևմուտքը խախտել է չեզոքությունը հայ-ադրբեջանական հակամարտությունում. EurAsia Daily


Ապրիլի11-ին Անդրկովկասից ողբերգական նորություններ  ստացվեցին: Այդ օրը Հայաստանի տարածքում հայ և ադրբեջանցի զինվորների բախումներ տեղի ունեցան, որոնց հետևանքով երկու կողմն էլ անդառնալի կորուստներ կրեցին: Այդ էսկալացիան հերթական անգամ վկայում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս հեռու են իսկական զինադադարից: Ավելին, ներկայումս հայ-ադրբեջանական հակամարտությունն աշխարհագրորեն դուրս է եկել Ղարաբաղի սահմաններից, իսկ քաղաքական առումով երկու անդրկովկասյան երկրների հակամարտությունը սերտ միահյուսվել է համընդհանուր աշխարհի վերաձևմանը:

Բառացիորեն հայ և ադրբեջանցի զինվորականների բախումից մի օր առաջ՝ ապրիլի 10-ին, ամերիկյան Politico պարբերականում Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ Եվրամիության քաղաքականության մասին հետաքրքիր նյութ հրապարակվեց (EU’s hopes of using Azerbaijan as a gas station at risk of exploding): Եվրամիության արտաքին քաղաքականության գերատեսչության աշխատակիցներից մեկը, անանուն մնալու  պայմանով, մեկնաբանել է Ադրբեջանի բացասական վերաբերմունքը Հայաստանի տարածքում տեղակայված ԵՄ առաքելությանը.

«Մենք Բաքվի հետ այլ սցենարի հույս ունեինք։ Մենք Ադրբեջանին ենք փոխանցում պարեկային ծառայության և այլոց վերաբերյալ բոլոր համապատասխան տեղեկությունները, քանի որ որևէ խնդիր չենք ուզում»:

Այս խոստովանությունը կարելի է սենսացիոն համարել: Եվրոպացի պաշտոնյայի խոսքով ստացվում է, որ ԵՄ առաքելությունը զբաղվում է լրտեսությամբ Ադրբեջանի օգտին: Հետևաբար ԵՄ-ն ի սկզբանե չեզոք դիրք չի ունեցել երկու երկրների հակամարտությունում: Դրան ավելացնենք նաև առավել կարևոր հանգամանքներ, որոնք բացահայտում են եվրոպական քաղաքականության էությունը Անդրկովկասում: Նախ՝ թե՛ ԵՄ-ն, թե՛ նրան անդամ երկրները չեն պատրաստվում Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն կամ Հայաստանի տարածք ճանաչել: Եվրոպական քաղաքական գործիչների համար Շուշին և Ստեփանակերտը Ադրբեջանի նույնպիսի քաղաքներ են, ինչ Գյանջան կամ Շամախին: Երկրորդ՝ 2022 թ. ի վեր Եվրոպական միությունը և Ադրբեջանը ԱՄՆ-ի հավանությամբ աշխուժացրել են համագործակցությունը էներգետիկայի ոլորտում: ԵՄ-ն ցանկանում է Ադրբեջանի օգնությամբ նվազեցնել իր կախվածությունը ռուսական էներգակիրներից:

Անշուշտ, հայ եվրոատլանտիստները ջանում էին ամեն կերպ փառաբանել ԵՄ-ի և նրա առաքելության դերը, որոնք իբրև թե զսպում են Ադրբեջանին: Սակայն ապրիլի 11-ի դեպքերը ցայտուն կերպով ցույց տվեցին, որ ԵՄ առաքելությունը որևէ կարգին բան չէր կարող ձեռնարկել: Դա հերքելու ճար չունենալով՝ հայ եվրոատլանտիստները սկսում են գլուխ տանել՝ մատնանշելով Ռուսաստանի և Ադրբեջանի բացասական վերաբերմունքը ԵՄ առաքելությանը: Դրանով է զբաղվում նաև եվրոպացի պաշտոնյան Politico-ին մեկնաբանություն հաղորդելիս.

«Ադրբեջանը և Ռուսաստանը հիմնականում նույն բանն են ասում, թե ԵՄ առաքելությունը ռազմա-հետախուզական գործողություն է դիտորդության քողի տակ… Նրանք հենց սկզբից փորձում էին վարկաբեկել առաքելությունը, որը բացառապես քաղաքացիական է ու չզինված, և մենք գրեթե ոչինչ չենք կարող անել»:

Հայտնի է, որ կիսաճշմարտությունը ստի վատագույն տեսակն է: Ապրիլի 11-ի իրադարձություններն ապացուցեցին ԵՄ առաքելության անպիտանիությունը:

Ընդ որում, Ադրբեջանը և Ռուսաստանը քննադատում էին առաքելությունն իրենց պատճառներով: Պաշտոնական Բաքում ձգտում է հեռանկարում Հայաստանը վերաձևավորել որպես «Արևմտյան Ադրբեջան», որպեսզի մեկընդմիշտ լուծի «հայկական հարցը»: ԵՄ-ն էլ հավասարակշություն է պահպանում՝ ցուցադրելով բարեհաճությունը պաշտոնական Բաքվին, բայց և չվանելով հայ եվրոատլանտիստներին: Ստացվում է, որ ԵՄ-ի գաղտնի քաջալերմամբ Ադրբեջանն աստիճանաբար կրծում է Հայաստանի տարածքները: Ինչպես գիտենք, եվրոպական երկրները մտադիր չեն Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վարած քաղաքականության դեմ խիստ տնտեսական պատժամիջոցներ սահմանել: Եվրախորհրդարանի բանաձևերը և որոշ քաղաքական գործիչների ճամարտակությունները (հատկապես Ֆրանսիայից) չի կարելի լուրջ միջոց համարել Ադրբեջանի դեմ:

Իսկ Ռուսաստանն իրավացիորեն ԵՄ առաքելությունը համարում է ապակառուցողական ուժ, որը ցանկանում է Հայաստանի տարածքն օգտագործել հակառուսական և հակաիրանական նախագծերում: Չմոռանանք, որ եթե Ադրբեջանը բռնակցի Սյունիքը, Իրանը կհայտնվի թշնամական թուրք-սուննիական օղակում: Կոպիտ ասած՝ թուրք-ադրբեջանական տանդեմը կրակում է Հայաստանի վրա, բայց թիրախը Իրանն է: Պատահական չէ, որ առճակատումից հետո Ադրբեջանում Թուրքիայի դեսպանության նախկին կցորդ, պաշտոնաթող գեներալ-մայոր Յուջել Քարաուզը հայտարարեց.

«Իրանը, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հարևանն է, փոխանակ չեզոք լիներ, ռազմավարական գերակայությունը տվել է Հայաստանին: Իրանն ամենայն քաղաքական, դիվանագիտական, ռազմական աջակցություն է ցույց տալիս Հայաստանին: Երևում էր, որ այսօրվա սադրանքում իրանական զենք է կիրառվել: Սադրանքը սկսվելուն պես և մինչև հիմա իրանական անօդաչուները հետախուզական աշխատանք են կատարում Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի սահմանին: Դա ապացույց է, որ նրանք պայմանավորվածություն ունեն: Չնայած այն հանգամանքին, որ հրադադարը կնքելուց հետո անցել է 30 ամիս, Հայաստանը չի կատարում իր խոստումները, երկդիմի խաղ է խաղում և մտադիր չէ խաղաղության պայմանագիր  կնքել: Հայաստանը փորձում է օգուտ քաղել ստեղծված իրավիճակից… Ես վստահ եմ, որ Հայաստանը կրկին կզգա երկաթե բռունցքն իր գլխին և կձգտի արագ ստորագրել խաղաղության համաձայնությունը»:

Պաշտոնաթող թուրք զինվորականը տարօրինակ տրամաբանություն ունի: Իրանից չեզոքություն պահանջելով՝ նա հայտարարում է Ադրբեջանին Թուրքիայի աջակցության մասին: Ուշադրություն դարձնենք, որ ադրբեջանական քարոզչությունը նպատակաուղղված մեղադրում է Հայաստանին այն բանի համար, որ նա իբր անօդաչու է ձեռք բերել Իրանից: Այս մեղադրանքը շատ տարօրինակ է, եթե հաշվի առնենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության համար գերակա գործընկերներ են ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան: Հայաստանի ընդդիմադիր ուժերի մեջ է ձևավորված այն գիտակցությունը, որ պետք է զարգացնել հարաբերությունները Իրանի հետ: Էսկալացիայից մի օր առաջ՝ ապրիլի 10-ին, Իրանի Shargh թերթում հարցազրույց հրապարակվեց Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ: Այդ զրույցում հայ ընդդիմադիր քաղաքական գործիչը խոսում է Մոսկվա-Երևան-Թեհրան աշխարհաքաղաքական առանցքի ստեղծման մասին: Իհարկե, տվյալ դեպքում դա սոսկ առանձին քաղաքական գործչի կարծիք է: Սակայն պետք է հաշվի առնել, որ այժմ մենք կարող ենք խոսել ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդման մասին: Ընդ որում, եթե Ռուսաստանի ու Իրանի հետ Արևմուտքի հակամարտությունում Թուրքիան ձևացնում է, թե չեզոքություն է պահպանում, ապա Ադրբեջանը, ի դեմս իր ԶԼՄ-ների, միանշանակ հանդես է գալիս Մոսկվայի ու Թեհրանի դեմ, այսինքն՝ հօգուտ առկա աշխարհակարգի՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ:

Ուստի անհիմն չէ Բաքվի ակնկալությունը, որ պետք եղած դեպքում իրենց կօգնի Արևմուտքը: Եվ դրա համար ծանրակշիռ հիմքեր կան: Ապրիլի 2-ին եռօրյա այցով Բաքու ժամանեց ԱՄՆ առևտրի նախարարի համաշխարհային շուկաների գծով օգնական և Արտաքին առևտրի ծառայության տնօրեն Արուն Վենքաթարամանը: Ապրիլի 3-ին Վենքաթարամանը մասնակցեց ամերիկա-ադրբեջանական «Կանաչ էներգիա» համաժողովին, որտեղ նա նախագահում էր Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սոլթանովի հետ: Ըստ Բաքվում ԱՄՆ դեսպանության տեղեկատվության՝ այդ համաժողովին մասնակցել են 9 ամերիկյան ընկերություններ: Ելույթ է ունեցել նաև Վենքաթարամանը՝ հայտարարելով.

«Այս համաժողովը կարևոր է, քանի որ դուք կարող եք անմիջականորեն լսել ամերիկյան ընկերություններին, որոնք շահագրգռված են Ադրբեջանում կանաչ էներգետիկայով: ԱՄՆ առևտրի նախարարությունը և մասնավոր հատվածը պատրաստ են օգնել Ադրբեջանին էկոլոգիապես մաքուր էներգիայի ոլորտում նպատակներին հասնելու համար… Նախագահ Բայդենը պարտավորվել է հավակնոտ գործողություններ ձեռնարկել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում և 2050 թվականին Միացյալ Նահանգները դնել զրոյական արտանետումների ուղու վրա: Այդ վարչակազմը գործարկել է կլիմայի փոփոխությունների խնդրի լուծման համակարգված համապետական մոտեցումը»:

Նույն ոգով ելույթ ունեցան համաժողովում նաև Ադրբեջանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավտարմատար Գուգո Գևարան և ԱՄՆ առևտրի նախարարության Եվրասիայի գծով խորհրդական Հիզեր Բիրնսը:

Հաջորդ օրը՝ ապրիլի 4-ին, Վենքաթարամանը Ադրբեջանի էկոնոմիկայի առաջին փոխնախարար Էլնուր Ալիևի հետ քննարկեց համագործակցությունը տնտեսության, ֆինանսների, էներգետիկայի և տեխնոլոգիաների ոլորտներում: Այդ հանդիպման ընթացքում էլ հայտարարվեց, որ ԱՄՆ-ն ադրբեջանական տնտեսության մեջ ավելի քան 18 մլրդ ԱՄՆ դոլար է ներդրել:

Ամերիկյան դեսպանությունն էլ Բաքվում ծանուցել է, որ Վենքաթարամանը, բացի Ադրբեջանից, կայցելի նաև Թուրքիա, Հայաստան և Վրաստան: Եվ իրոք, ապրիլի 7-ին ամերկացի պաշտոնյան բանակցություններ վարեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Ի՞նչ են նշանակում այս այցերը:

Այս չորս երկրներից Թուրքիան անմիջականորեն ՆԱՏՕ-ի կազմում է և թեկուզ կամակոր, բայց և այնպես ԱՄՆ-ի դաշնակցի կարգավիճակ ունի: Ադրբեջանը, որ աշխուժացրել է տնտեսական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ, Թուրքիայի եղբայրական երկիրն է: Իսկ Վրաստանը խիստ կախված է ինչպես ԱՄՆ-ից, այնպես էլ թուրք-ադրբեջանական տանդեմից: Հանրագումարում, ԱՄՆ-ի տեսանկյունից, տարածաշրջանային  դասավորությունում Հայաստանին վերապահված է թուրք-ադրբեջանական տանդեմի տնտեսական և քաղաքական հավելվածի դերը, քանզի Վաշինգտոնը որևէ մեծ Հայաստան Ղարաբաղի, Նախիջևանի և Արևմտյան Հայաստանի հետ չի ստեղծելու: Եվ այսուհանդերձ Անդրկովկասի համար ամենավտանգավորը պետք է համարել Հայաստանի և Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի ռազմական համագործակցության հետևանքները: Ապրիլի 7-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ապրիլի 5-7-ը Հայաստան է այցելել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետի տեղակալ - վարժանքների և պատրաստության գծով վարչության պետ, բրիգադի գեներալ Պատրիկ Էլլիսի գլխավորած պատվիրակությունը: Նշված է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ ամերիկացի այցելուն քննարկել է անձնակազմի պատրաստության, համատեղ վարժանքների անցկացման, փորձի և գիտելիքների փոխանակման հնարավորությունները: Բացի այդ, ամերիկացի պատվիրակները այցելել են ուսումնական զորամասեր և ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն: Մեր կողմից նշենք, որ եթե ԵՄ առաքելությունն է անգամ տեղեկություններ փոխանցել Ադրբեջանին, ապա առավել ևս ամերիկացի զինվորները կարող էին տեսածի մասին տեղեկություններ հաղորդել Բաքվին:

Երեք օր անց՝ ապրիլի 10-ին, Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը աշխատանքային այցով մեկնեց Բրյուսել: Ապրիլի 11-ին, երբ տեղի ունեցավ սահմանային առճակատումը, նա այցելեց ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում միավորված դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբ: Հետաքրքիր զուգադիպությամբ նույն էսկալացիայից մի օր առաջ՝ ապրիլի 10-ին, Հայաստանի Սյունիքի գծով ընդդիմախոսները նույնպես Արևմուտքում էին: Այդ օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ՊՆ փոխնախարար, ռազմա-օդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում: Այդ պահին հայտնի էր, որ Թահիրովը բանակցություններ է վարել ԱՄՆ ՌՕՈՒ-ի հրամանատար, բանակի գեներալ Չառլզ Բրաունի հետ, որոնց ներկա է եղել ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը: Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են ռազմական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր: Այդ ժլատ դարձվածքների տակ թաքնված է Թեհրանի դեմ Բաքվի և Վաշինգտոնի գործողությունների համակարգումը, քանի որ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը վերջին ամիսներին երկու անգամ հայտարարել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին աջակցելու մասին: Բացի այդ, հարկ է ընդգծել, որ  ՌՕՈՒ հրամանատարների բանակցությունները խոսում են ԱՄՆ-ի և Ադրբեջանի ռազմական համագործակցության մակարդակի բարձրացման մասին: Մի խոսքով, նախագահ Բայդենը հենց այնպես չի 2022 թ. հունիսին երկարաձգել 907-րդ փոփոխության արգելքը Ադրբեջանի նկատմամբ:

Այսպիսով, ինչպես տեսնում ենք,  մինչ Հայաստանի պաշտպանության նախարարը Բրյուսելում էր, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատարը բանակցություններ էր վարում ԱՄՆ-ի՝  այն երկրի ռազմաօդային ուժերի հրամանատարի հետ, առանց որի չէր լինի ՆԱՏՕ-ն: Ի լրումն՝ Ադրբեջանի ամենամերձավոր դաշնակից Թուրքիան նույնպես ՆԱՏՕ-ի կազմում է: Հետևաբար քանի դեռ ԱՄՆ-ն, երկարացնելով 907-րդ փոփոխության արգելքը, տնտեսական, էներգետիկ և ռազմական համագործակցություն է ծավալում Ադրբեջանում, իսկ ԵՄ առաքելությունը տեղեկություններ է հաղորդում Բաքվին կամ պարզապես ոչինչ չի անում, Հայաստանի իշխանությունները սիրահետում են ՆԱՏՕ-ի հետ՝ վտանգի տակ դնելով Իրանի հետ հարաբերությունները, ինչը եվրոատլանտիստների և թուրք-ադրբեջանական տանդեմի գլխավոր նպատակն է:

Պյոտր Մակեդոնցև

Աղբյուրը՝ EA Daily

 Հ.Գ. Նկարում՝ Ադրբեջանի ՌՕՈՒ-ի հրամանատար Ռամիզ Թահիրովը, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը և ԱՄՆ ՌՕՈՒ-ի հրամանատար Չառլզ Բրաունը, 2023 թ. ապրիլի 10:

Աշխարհում Տարածաշրջան Հայաստան Ադրբեջան Իրան ԱՄՆ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին