Նիկոլ Փաշինյանը իմ մեղադրանքները չհերքեց, եւ դա միանշանակ է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իր նախկինում արած հայտարարությանը, թե 44-օրյա պատերազմի ժամանակ մեր ունեցած զինամթերքի եւ անձնակազմի 50 տոկոսն է միայն օգտագործվել:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի, 44-օրյա պատերազմի ժամանակ ոչ միայն զենքի խնդիր չենք ունեցել, այլեւ որոշ վայ-զինվորականներ միլիարդների զենքի պահեստը թողել, փախել են, Սերժ Սարգսյանն ասաց. «Բա ինքը ինչո՞վ էր զբաղված: Էդ որ բոլորը մեղավոր են, զինվորականները մեղավոր են, հրմանատարները մեղավոր են, Հայաստանի տղամարդիկ բոլորը մեղավոր են, բա իր փեշակն ի՞նչ էր, ինքն ինչ էր անում: Հիշում եք, որ Տավուշում միջադեպ եղավ, ինքը դա համարում էր հաղթական մարտեր եւ կուրծք էր ծեծում, որ ինքը գերագույն գլխավոր հրամանատար է: Հետո էլ կրկնեց, թե հանկարչծ չշփոթեք: Չենք շփոթում: Գերագույն գլխավոր հրամանատարը նրա համար է, որ հարցազրույցներ տա՞:
Այդտեղ մի կարեւոր բան էլ է ասել, ասաց՝ միլիարդների զենք-զինամթերք են հանձնել Ադրբեջանին: Բա էդ ո՞ւմ բերածն էր էդ զենքը, իրե՞նք էին երկու տարում էդ միլիարդների զենք-զինամթերքը բերել: Ինքը դրանով ասաց հետեւյալը, որ մինչեւ 2018-ը հայկական բանակը իր սպառազինությունների մի հիմնական մասը ցուցադրում էր իր քաղաքացիներին եւ ցույց էր տալիս, թե մենք ինչպիսի բանակ ունենք: Իսկ ինքը այդ ամբողջը հանձնեց Ադրբեջանին, եւ Ադրբեջանի ղեկավարը ցույց տվեց, թե ինչ է վերցրել իրենից, ոչ թե զինվորից: Ասում է՝ վայ-հրամանատար, բա ո՞ւր էիր նայում, փոխեիր այդ հրամանատարներին: Մինչեւ էդ փոխեիր, ընդհակառակը՝ գլխատել ես բանակը»:
Հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի վերջին 5 տարիների ղեկավարումը, նա պատասխանեց. «Աղետաբեր, ուրիշ բան չեմ կարող ասել: Բոլորդ տեսաք: Միակ ճանապարհն այն է, որ այդ մարդը գնա, իր գործով զբաղվի, թող գնա նորից մի ընդդիմադիր թերթ վերցնի ու սկսի սրա-նրա մասին բանսարկություններ գրել: Նա ուրիշ բանի պիտանի չէ: