f

Անկախ

Գիտնականը մտքի ուժով ստեղծագործող մարդ է։ Իսկ գիտությունն ամենամեծ հնարավորություններն ընձեռող ուղղություններից է․ Արփինե Հարությունյան


«Գիտությունը մյուս ոլորտներից տարբերվում է իր ստեղծարարությամբ։ Իսկ քիմիան, ստեղծարարությունից բացի, առանձնանում է նաև գույներով։ Քիմիկոսներս ունենք գույների այն ողջ պալիտրան, ինչ նկարիչները»,- «Անկախի» հետ զրույցում այսպես է ներկայացնում գիտության գրավչությունը ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի Հոգեմետ միացությունների սինթեզի լաբորատորիայի ավագ գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Արփինե Հարությունյանը։

 «Գիտնականը մտքի ուժով ստեղծագործող մարդ է։ Իսկ գիտությունն ամենամեծ հնարավորություններն ընձեռող ուղղություններից է, անգամ Հայաստանում»,- ասում է նա։ Հարությունյանը վստահեցնում է՝ ճիշտ գործելու պարագայում գիտաշխատողը կարող է ունենալ և ցանկալի աշխատանքային պայմաններ, և եկամուտ։ Ավելին, քանի որ Հայաստանում գիտաշխատողների թիվը փոքր է, ամեն ուղղությամբ մի քանի մասնագետ կա, այդ իրողությունն առաջընթացի ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում։ Օրինակ՝ դառնալ Հայաստանի ներկայացուցիչը հեղինակավոր գիտական իրադարձությունների ժամանակ։ «Եթե այլ երկրներից 40-50 հոգով են գիտաժողովներին մասնակցում, ապա Հայաստանից 1-2 մասնակից է լինում լավագույն դեպքում»,- ասում է նա։

 Արփինեն փաստում է, որ վերջին տարիներին, պայմանավորված գիտության ֆինանսավորման աճով, մեծացել է գիտությամբ հետաքրքրվող երիտասարդների թիվը։ «Եթե այս միտումները պահպանվեն, հույս ունեմ, որ մի 5 տարի հետո ավելի շոշափելի արդյունքներ կունենանք, և երիտասարդներն ավելի վստահ կգան գիտություն»,- ասում է նա։

 Հարությունյանը գիտության զարգացման առումով կարևորում է նաև ԳԱԱ-Կառավարություն արդյունավետ համագործակցությունը․ «Ակադեմիան ու Կառավարությունը պետք է մի սեղանի շուրջ նստեն ու ընդհանուր հայտարարի գան՝ ի շահ Հայաստանի։ Նրանք պետք է ընդհանուր տեսլական ունենան։ Այլապես մեկ գիտական ինստիտուտներն են միացնում, մեկ՝ բուհերը։ Այս անորոշությունը մեզ ավելի շատ է տանում դեպի անդունդ, քան մեր ունեցած խնդիրները»։

 Նա շեշտում է՝ եթե ուզում ենք ունենալ զարգացած պետություն, պետք է ունենանք հզոր գիտություն, իսկ դրա համար պետք է ունենանք լավ ուսումնական հաստատություններ՝ նախակրթարաններ, դպրոցներ, բուհեր։ «Ամեն մակարդակում մի բան փոխելն ու այդ փոփոխություններն իրար նորմալ չկապելը լուծում չէ։ Այդ քաոսից մենք միայն տուժում ենք»,- ասում է Հարությունյանը։

 Արփինե Հարությունյանը դպրոցական տարիներին ցանկանում էր բժիշկ դառնալ։ Բայց բուհ դիմելիս ընտրեց ԵՊՀ Քիմիական ֆակուլտետի քիմիա բաժինը․ վախենում էր վճարովի ընդունվելու հեռանկարից, բացի այդ՝ մտածում էր, որ հայրենի Կապանում քիմիկոսն ավելի հեշտ աշխատանք կգտնի։ Մի գիտափորձի մասնակցության արդյունքում հասկացավ, որ իրենն օրգանական քիմիան է։ «Լաբորատորիայում իմ սիրելի դասախոսի շնորհիվ սկսեցի ավելի սիրել գիտությունը, այնտեղ ամենօրյա խոսակցությունը գիտության շուրջ էր, իսկ ցանկացած աշխատանք՝ լինի կուրսային, թե դիպլոմային, ժամանակակից գիտական հենքի վրա էր»,- հիշում է նա։ Մագիստրատուրայում ուսանելու տարիներին իրեն փորձել է արտադրության ոլորտում, բայց հասկացել, որ միապաղաղ աշխատանքն իրենը չէ, ինքը սիրում է ստեղծագործել։ «Տեղեկացա, որ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում աշխատանք կա։ Գնացի հարցազրույցի ու հաստատակամ որոշեցի, որ գիտության ոլորտում եմ շարունակելու»,- պատմում է նա՝ տարիների հեռվից գոհունակություն հայտնելով, որ չնայած դժվարություններին, կարողացել է մնալ գիտության ոլորտում։

  «Ցածր աշխատավարձը երիտասարդների համար շատ մեծ դեմոտիվացիայի աղբյուր է իրականում։ Եթե մեծերն արդեն ինչ-որ փուլ անցել են ու գիտեն ինչու են այդ ոլորտում, ապա երիտասարդների մոտ կոմպլեքսավորման խնդիր կա, ամբողջ օրն աշխատել ու ստանալ 28 հազար, այն ժամանակ այդքան էր մեր աշխատավարձը, դա ծաղրանքի նման մի բան էր,- ասում է նա։- Այդ գումարը բավականացնում էր լավագույն դեպքում տրանսպորտին ու ընդմիջմանը՝ ամսվա կտրվածքով։ Բայց երբ այլ խանգարող հանգամանքներ չեն լինում, փորձում ես ինչ- որ բանի վրա հույս դնել ու մնալ»։

  Հիշում է՝ որոշել էր պաշտպանելուց հետո արտերկրում իր հնարավորությունները փորձել։ Բայց ընտանիք ստեղծելը և երեխաների ծնունդը ծրագրերի ժամանակագրությունը խախտեց, իսկ հետո արդեն Հայաստանում  գիտության ոլորտում դրական առաջընթացի նշույլներ նկատվեցին։ «Բայց ընկերներիցս շատերը դրսում աշխատանքն ընտրեցին։ 2008-2013թթ․ երիտասարդության մեծ հոսք եղավ դեպի դուրս»,- ասում է նա։

 Խոսելով Հայաստանում գործող գիտաշխատողների դժվարությունների մասին՝ Հարությունյանը մատնանշում է հնացած նյութատեխնիկական բազան և նյութերի ձեռքբերման խնդիրները։

 «Գիտության զարգացման տեսանկյունից մենք 30 տարի հետ ենք մնացել՝ նյութերի ապահովում, նյութատեխնիկական բազայի արդիականացում։ Ու հիմա պետության կողմից փոքր ծավալներով իրականացվողը բավարար չէ լրացնելու տարիների ընթացքում առաջացած բացը»,- ասում է նա՝ հավելելով, որ արտերկրյա համագործակցությունները սարքերի օգտագործման առումով ավելի հեշտ են ստացվում, քան երկրի ներսում,եթե անհրաժեշտ սարքավորումից մեկ օրինակով կա գիտական կենտրոններից որևէ մեկում։

 «Բյուրոկրատիան ու արհեստական խոչընդոտներն այնքան շատ են, որ անգամ գումար ունենալու պարագայում ոչ միշտ կարող ենք մեր ուզած սարքը ձեռք բերել»,- ասում է նա։

Ասում է՝ այս պայմաններում մրցունակ գիտական արդյունք կարողանում են ապահովել միջազգային համագործակցությունների շնորհիվ։ Բայց նաև հավելում է․ «Ադմինիստրատիվ խնդիրների, արհեստական խոչընդոտների դեմ պայքարի վրա ավելի շատ ժամանակ ենք ծախսում, քան բուն գիտական աշխատանքի, մեր գիտական պոտենցիալը մսխվում է։ Մենք կարող էինք ավելի լավ գիտական արդյունքներ ունենալ, եթե ունենայինք անհրաժեշտ նյութատեխնիկական բազան, որ ունեն զարգացող պետությունները, եթե ունենայինք նյութերի գնման, ներկրման հնարավորություններ, եթե ամեն քայլափոխին խոչընդոտներ չստեղծվեին գիտական գործունեության համար»։

 Անդրադառնալով իր գիտական խմբի արձանագրած գիտական արդյունքներին՝ Հարությունյանն ասում է․ «Մեր վերջին հետազոտություններով կարողացել ենք այնպիսի միջավայր ստանալ, որ մեղմ պայմաններում հնարավորություն է տալիս քիմիական միացության կամ դեղամիջոցի հիմնական ազդող նյութի մոլեկուլում մի ատոմը նույն տարրի մեկ այլ իզոտոպով փոխարինել։ Այդ արդյունքին հասել ենք կանաչ քիմիայով, առանց բարձր ջերմաստիճանի, ավելորդ վնասակար լուծիչների և առանց միջավայրն աղտոտելու։ Ներկայում ունենք նաև սինթեզված միացություններ, որոնք մեր դրսի գործընկերների հետազոտություններից հետո կարող են պոտենցիալ պրեպարատներ դառնալ, կան և հակամանրէային, և նեյրոտրոպ, և հակաբորբոքային միացություններ»,- ասում է նա։

 Մանրամասնելով իրենց ստացած բաղադրության առանձնաատկությունները՝ Հարությունյանն ասում է․ « Պատկերացրեք, որ ստեղծվում է այնպիսի դեղամիջոց, որն ավելի քիչ քանակությամբ է պետք խմել բարձր արդյունքի հասնելու համար, կողմնակի հետևանքներ չի առաջացնում և շատ շուտ էլ ազդում է»։

Հարությունյանն ասում է, որ գիտական արդյունքը կիրառականության հասցնելու համար նախակլինիկական փորձարկումների բավարար պայմաններ չկան Հայաստանում։ Ավելի բարդ է կլինիկական փորձարկումների և արտադրական փուլը։

 «Նախակլինիկական փորձարկումներ իրականացնել կարողանում ենք մեր համագործակցությունների շնորհիվ։ Եթե լիներ պետական աջակցություն և կամք, ապա նաև դեղամիջոցներ կարող էինք ստանալ,- ասում է նա։- Իհարկե,պատահում է, որ հոդված տպագրելուց հետո արտերկրից զանգում առաջարկում են վաճառել բաղադրությունը կամ կառուցվածքը, որպեսզի իրենք տանեն արտադրական դաշտ։ Բայց դա սեփական երեխային վաճառելու նման մի բան է։ Ամեն մեկը չի կարողանում այդ բարիերը հաղթարահել»։

 Հարությունյանն ասում է, որ իոնական հեղուկների կիրառության ոլորտն ու պահանջարկը լայն են․ «Կիրառական դաշտ անցնելու տարբերակներից մեկը նոր իոնական հեղուկ ստանալը և վաճառելն է, բայց անգամ այդ դեպքում ադմինիստրատիվ խնդիրների կհանդիպենք, քանի որ մեծ արտադրական ընկերությունների հետ համագործակցելու համար մենք չունենք նորմալ մատակարարներ։ Կոնկրետ քիմիական նյութերի վաճառքով 2-3 կազմակերպություն է զբաղվում, դաշտն ավելի շատ մոնոպոլ է»։

 Այդուհանդերձ, Հարությունյանը համոզված է՝ գիտության ոլորտի խնդիրների լուծումն իրատեսական է, դրա համար պետք է միայն կամք և համագործակցություն։ 

 

գիտության զարգացում ՀՀ ԳԱԱ ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն քիմիա երիտասարդ գիտնականներ Հայաստան կին գիտաշխատող Կինը և գիտությունը

Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Ավելին
Ավելին