f

Անկախ

Ինչո՞ւ է Իսրայելը հայտնվել քաղաքացիական պատերազմի եզրին, ի՞նչ և ինչո՞ւ է տեղի ունենում այս երկրում․ մեկնաբանում է Արմեն Պետրոսյանը


Իսրայելում բողոքի ցույցերը չեն դադարում։ Ցույցերի մասնակիցների թիվն, ըստ ԶԼՄ-ների, հասնում է 500 հազարի։  Պատճառը գործող իշխանությունների նախաձեռնած դատական բարեփոխումներն են, որով նախատեսվում է սահմանափակել Գերագույն դատարանի իրավասությունները։ Գործող օրենսդրությամբ Գերագույն դատարանը հնարավորություն ունի արգելափակել այն օրենքների ընդունումը, որոնք ճանաչվել են այդ երկրի սահմանադրությանը հակասող։ Առաջարկվող օրինագծի  ընդունման պարագայում դատարանի վետոն կարելի է շրջանցել պատգամավորների մեծամասնությամբ (61 քվե)։ 

Ընդդիմադիրները քննադատում են իշխանություններին՝ ահազանգելով, որ այսպիսով ժողովրդավարության սկզբունքներից հետքայլ կատարող  Իսրայելի տնտեսությունը կզրկվի արտաքին ֆինանսական ներդրումներից։ Նրանց համոզմամբ՝ Իսրայել պետության շահերին հակասող օրենսդրական փոփոխությունը բխում է գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի անձնական շահից, որի դեմ կոռուպցիոն մեղադրանքով քրեական գործեր կան հարուցված, և նրա կոալիցիոն գործընկեր, ծայրահեղական կրոնական ուժերի շահերից, որոնք ցանկանում են օրենսդրական փոփոխությամբ  կրոնավոր երիտասարդներին ազատել  բանակում ծառայությունից։

 Օրերս Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը  հանդես հայտարարել է, որ երկիը կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին։ Ի դեպ, նախագահը օրենսդրական փոփոխությունների կոմպրոմիսային տարբերակ էր առաջարկել, ըստ որի Գերագույն դատարանի իրավասությունները կարող էին  սահմանափակվել միայն որոշ դեպքերում։ Բայց նրա առաջարկը իշխանությունները մերժեցին։

Ի՞նչ և ինչո՞ւ է տեղի ունենում Իսրայելում։ Այս և այլ հարցերի մասին է «Անկախը» զրուցել արևելագետ Արմեն Պետրոսյանի հետ։

-Պարոն Պետրոսյան, իսկապե՞ս Իսրայելը քաղաքացիական պատերազմի եզրին է, ինչպես այդ երկրի նախագահն է ահազանգում։ Ի՞նչ է իրականում տեղի ունենում Իսրայելում։

-Իսրայելում աննախադեպ  ներքաղաքական ճգնաժամ է, որը շարունակվում է 2018-ից ի վեր։ Այս տարիների ընթացքում 5 կառավարություն է փոխվել։ Ամեն անգամ շատ դժվարությամբ  ձևավորվում էր կառավարություն, որն ընդամենը մի քանի ամիս աշխատելուց հետո հրաժարական էր տալիս։ Այդ բոլոր կառավարությունները հիմնականում եղել են Նեթանյահուի գլխավորությամբ, բացառությամբ վերջինի, որը մոտավորապես 1 տարի աշխատեց։ 2022-ի վերջին ձևավորվեց գործող կառավարությունը, որի գործունեության մեկնարկից հետո սկսվեց նոր ճգնաժամ։ Պատճառը բավականաչափ խորքային է։ Տեղի ունեցողը հետևանք է նրա, որ գործող կառավարությունը չի ներկայացնում Իսրայելի հասարակության բոլոր շերտերը։  Իսրայելական հասարակությունում այս պահին գերակշռում են ավելի ձախ կենտրոնամետ հայացքներ ունեցող շերտերը, մինչդեռ գործող կառավարությունը ծայրահեղ աջ է։ 

Դա է պատճառը, որ այս կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը չի ընկալվում հասարակության կողմից։ Իսկ  կառավարությունը փորձում է վերափոխել Իսրայելում տասնամյակներ շարունակ գործող ժողովրդավարական համակարգը այնպիսի համակարգի, որը կբխի առավելապես իր նեղ շահերից կամ հասարակության այն շերտերի շահերից, որոնց նրանք ներկայացնում են։ Իսկ դրանք առավելապես  ծայրահեղական ազգային և կրոնական ուղղվածություն ունեցող շերտերն են։ 

Ինչ վերաբերում է նախագահի հայտարարությանը, Իսրայելի կառավարման համակարգում նախագահի դերակատարումը հիմնականում երկրում լուրջ ներքաղաքական ճգնաժամ թույլ չտալն է։  Այս պարագայում նախագահը պետք է հնարավորինս փորձի նաև պատկերը շիկացնելով  քաղաքական ուժերին մղել երկխոսության։ 

Իսկ այս ճգնաժամի բուն պատճառը դատական համակարգում նախապատրաստվող փոփոխություններն են, որի նպատակն է սահմանափակել դատական իշխանության ազդեցությունը կառավարության գործունեության վրա, և կառավարության համար ստեղծել հնարավորություններ ազդելու դատավորների ընտրության գործընթացի վրա։ Սա մեծ հաշվով խոսում է դատական իշխանությունը կառավարության վերահսկողության ներքո  առնելու քաղաքականության մասին, քանի որ հենց այս իշխանության անկախությունն է տարիներ շարունակ եղել Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ կառավարության ավելի ազատ և հաճախ անվերահսկելի գործունեության հիմնական խոչընդոտներից մեկը։

-Իսկ առաջարկվող օրենսդրական փոփոխության բուն նպատակը ո՞րն է։ 

-Միանշանակ է, որ գործող կառավարության նպատակը  դատական իշխանությունը շատ ավելի վերահսկելի դարձնելն է։ Նեթանյահուն շուրջ մեկ  տասնամյակ խնդիր ունի դատական համակարգի հետ։ Նրա դեմ հարուցված 3-4 կոռուպցիոն հիմքով  քրեական գործեր կան։ Եվ մշտապես տարբեր դատական ատյաններ, դատավորներ և Իսրայելի ներսում արդարադատության ուղղությամբ աշխատող այլ կառույցներ պարբերաբար շահարկում են այս խնդիրը վարչապետի գործունեությունը քննադատելու, հաճախ նաև սահմանափակելու նպատակով։ 

Նախկինում ձևավորված բոլոր կառավարությունները հիմնականում եղել են աջ կենտրոնամետ, որի պարագայում Նեթանյահուն չէր կարողանում այս դատական ռեֆորմն իրականացնել և դատական իշխանության ադզեցությունը հնարավորինս վերահսկելի դարձնել։ Քանի որ ներկայում ձևավորված իշխանությունը, ինչպես արդեն նշեցի,  ծայրահեղական  ազգային և կրոնական ուժերի միասնությամբ ձևավորված կոալիցիա է, հենց պատեհ ժամանակ  է նման բարեփոխում իրականացնելու։ Բայց, ինչպես տեսնում ենք, չնայած ընտրություններում հաղթանակին և բավականաչափ կայուն կառավարության ձևավորմանը՝ 120 մանդատներից 64-ը իշխանական կոալիցիայինն է,  տարբեր ուժերի համախմբմամբ բողոքի ակցիաներ են տեղի ունենում տևական ժամանակ։ Տեսնում ենք, որ բողոքի ակցիաներին կա նաև որոշակի արտաքին աջակցություն ի դեմս Միացյալ Նահանգների  հրեական համայնքի, նաև  ԱՄՆ-ից հնչող քաղաքական ուղերձների տեսքով։ Պետք է նշել, որ այս կառավարությունը, բացի ներքին փոփոխությունները,  բավականաչափ կոշտ դիրքորոշում ունի պաղեստինյան հիմնախնդրի նկատմամբ։

-Ձեր կարծիքով օրենքն ի վերջո կընդունվի՞, թե՞ իշխանությունները ստիպված կլինեն տեղի տալ։

-Կդժվարանամ ասել, քանի որ Իսրայելի ներքաղաքական  գործընթացները, հատկապես ներկա իրողությունների պայմաններում,  բավականաչափ անկանխատեսելի են։ Դա պայմանավորված է նաև ընթացիկ տարածաշրջանային և գլոբալ իրողություններով։ Եթե մենք գործ ունենայինք ստատիկ իրավիճակի հետ, լինեին բնականոն աշխարհաքաղաքական և տարածաշրջանային պրոցեսներ, ունենայինք կանխատեսելի տարածաշրջան, միանշանակ կարող էի կանխատեսել, որ բողոքի ակցիաները երկրի ներսում հանգեցնելու են նոր ճգնաժամի,  որը կարող է ավարտվել գործող կառավարության հրաժարականով և նոր ընտրություններով։ Բայց քանի որ մենք գործ ունենք բավականաչափ բարդ գլոբալ և տարածաշրջանային պրոցեսներով հարուստ ժամանակաշրջանի հետ, ապա անկանխատեսելիությունն ավելի է մեծանում։ Որովհետև իսրայելական հասարակությունը բավականաչափ զգայուն  է տարածաշրջանային և հատկապես անվտանգային խդիրների նկատմամբ։ Գործող վարչապետը և կառավարությունը դա կարող են  օգտագործել իրենց ձեռնտու հունով ներքաղաքական գործընթացներն ուղղորդնելու նպատակով։

-Նախագծի ընդունվելու պարագայում այն ինչպիսի՞ հետևանքներ կունենա։ Տեղի՞ն են տնտեսական հնարավոր  կորուստների մասին մտահոգությունները։ 

-Իսրայել պետության այդ թվում և տնտեսական գրավչության առանցքային գործոններից մեկն  այդ պետության ժողովրդավարական բնույթն է։ Դրանով է այդ պետությունը Մերձավոր Արևելքում գերազանցել իր մրցակիցներին և  հակառակորդներին։ Դրա շնորհիվ է, որ այդ փոքր երկիրը տարածաշրջանի մասշտաբով բավականաչափ զարգացած տնտեսություն է ձևավորել։ Դա  պայմանավորված է արտաքին տնտեսական լուրջ աջակցությամբ, որը տեղի է ունեցել ինչպես համաշխարհային հրեականության ներգրավվածության արդյունքում, այնպես էլ այդ պետության ժողովրդավարական բնույթով պայմանավորված տնտեսական գրավչությամբ։ Եթե դատական իշխանությունը, որը չափազանց կարևոր ազդեցություն ունի երկրի ներսում քաղաքական իշխանության ճյուղերի միջև  հավասարակշռություն ապահովելու հարցում, ևս վերահսկվի կառավարության կողմից, սա կազդի Իսրայելի ժողովրդավարական դիմագծի վրա  և կարող է նաև տնտեսության զարգացման հարցում, հատկապես արտաքին ներդրումների մասով խնդիրներ առաջացնել։ 

Այս կառավարությունը խնդրահարույց կառավարություն է։ Արդեն մատնանշեցի նաև պաղեստինյան հիմնախնդրում կոշտ մոտեցումների մասին, որը կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի՝ տևական ժամանակ ապակայունացնելով  ոչ միայն Իսրայելը, այլ նաև ամբողջ տարածաշրջանը՝ դրանով վտանգելով օտարերկրյա ներդրումների հնարավորությունը։

-Իսկ ներքին անկայունությունը ինչ-որ կերպ անդրադառնո՞ւմ կամ անդրադառնալո՞ւ է Իսրայելի արտաքին քաղաքականության, ծրագրերի և դրանց  իրագործման տեմպերի վրա։

-Որոշակի առումով, իհարկե,  կարող է  անդրադառնալ։ Պետք է հաշվի առնենք, որ Նեթանյահուն  շատ փորձառու գործիչ է։ Նա հաճախ կարողացել է արտաքին խնդիրներն օգտագործել իր կառավարության դիրքերն ամրապնդելու նպատակով։ Հիմա էլ կարծես թե կա դրա հնարավորությունը, որ Նեթանյահուն կփորձի արտաքին ինչ-որ արկածախնդրության դիմել  կամ հակամարտություն հրահրել՝ այդպիսով հասարակության որշադրությունը կենտրոնացնելով  արտաքին մարտահրավերների վրա։ 

Իսրայելում նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2022-ի նոյեմբերին, այն ժամանակ, երբ ուկրաինական  ճգնաժամն ավելի խորանում էր, և տարածաշրջանում ավելի էր մեծանում  այդ  գլոբալ հակամարտության ազդեցությունը։ Գործող կոալիցիան հաղթանակ տարավ հենց այդ իրողությունների համատեքստում։ Չի բացառվում, որ անհրաժեշտության դեպքում Իսրայելի այս կառավարությունը հրահրի արտաքին ինչ-որ խնդիր՝ ներսում տեղի ունեցող բողոքի գործողությունների ակտիվությունը մեղմելու համար։ Դրա միտումները երևում են։ Գոնե Սիրիայում շատ ակտիվ է Իսրայելը։ Վերջին մեկ ամսվա ընթացքում գրեթե ամեն շաբաթ կամ շաբաթական երկու անգամ Սիրիայում Իրանի դեմ գործողություններ են իրականացնում՝  ըստ ամենայնի ձգտելով Իրանի կողմից ինչ-որ հակազդեցության հասնել, որը կկարողանան օգտագործել երկրի ներսում։ 

 

Մերձավոր Արևելք Իսրայել խմբագրի ընտրանի հարցազրույց Արմեն Պետրոսյան քաղաքացիական պատերազմ

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին