f

Անկախ

Մինչև հայը չսիրի հային, թուրքը միշտ մեզ կհաղթի․ Լուսինե Ալթունյան


«Ես ոչ թե հույս ունեմ, այլ  վստահ եմ, որ հետ եմ գնալու իմ հայրենի գյուղ, որ մեր օջախի ծուխը պետք է վերծխա։ Վատագույն դեպքում մտածում եմ՝ 30  տարի մերն էր, թող 30 տարի էլ իրենցը լինի, 31-րդ տարում,  անգամ եթե չկարողանամ իմ ոտքով հասնել, գոնե իմ տղան ձեռնափայտով ինձ մեր գյուղ կհասցնի»,- ասում է Արցախի Հադրութի շրջանի Արևշատ գյուղի բնակիչ, մանկավարժ, 54-ամյա Լուսինե Ալթունյանը։

Իսկ որպեսզի այդ բաղձալի ցանկությունն իրականություն դառնա, Ալթունյանի համոզմամբ, ազգովի պետք է համախմբվենք մի գաղափարի շուրջ։ «Մեզ պետք է համախմբում և սեր իրար հանդեպ։ Մինչև հայը չսիրի հային, թուրքը միշտ մեզ կհաղթի։ Ես ապրել եմ թուրքերի մեջ և գիտեմ  իրենց ապրելակերպը՝  շունը շան ոտքը չի տրորում»,- ասում է նա։  

Ասում է՝ երբեմն իր որդու հետ, կարոտով տարված, քննարկում են, թե ինչպես կարող են աննկատ, անտառներով ու քարանձավներով հայրենի գյուղ հասնել։ Հետո սթափվում են՝ գաղտնի գնալ-գալուց ոչինչ չի փոխվի։ Համայն հայության համախմբումն է պետք կորսված հայրենիքն ազատագրելու համար։ 

Ալթունյանի բնորոշմամբ՝ ներկայում մենք Խորենացու ողբի նույն օրերն ենք ապրում՝ բայց մի քիչ ավելի վառ դրսևորված։ Իսկ այս ամենի պատճառը նա համարում է կրթական համակարգի ձախողումը։ «90-ականների հաղթանակից հետո մենք բռնեցինք անգրագիտության ուղին։ Մենք ահավոր անգրագիտացել ենք։ Եվ  այս ամենը բխում է անգրագիտությունից,- ասում է նա։- Կրթական համակարգը տարիներ շարունակ փոխեցինք, փոխեցինք ու ամբողջությամբ ձախողեցինք։ Մենք Եվրոպայից վերցրեցինք վատագույնը՝ լավը թողած»։

Հայրենազրկումից 2,5 տարի անց անգամ Ալթունյանը չի կարողանում համակերպվել իրողությանը, ոչ էլ կարողանում է ապագայի մասին մտածել։ «Ես  ողջ կյանքս երազկոտ մարդ եմ եղել, բայց հիմա անգամ վաղվա օրվա մասին մտածել չեմ կարող։ Երբ որևէ երազանք է գալիս, ասում եմ՝  հետ գնա, քավ լիցի, չեմ ուզում, սպասիր, այս օրն ապրենք»,- ասում է նա։

Լուսինե Ալթունյանը մասնագիտությամբ հայեց լեզվի և գրականության մանկավարժ է։ Հիշում է՝ արցախյան առաջին պատերազմի տարիներին ուսանող էր, «Օղակ» օպերացիայի հետևանքով գյուղի հայաթափման ականատեսը չի եղել։ Բայց Արևշատի  ազատագրումից որոշ ժամանակ հետո, թողնելով աշխատանքը Արարատի դպրոցում,  ընտանիքի հետ հայրենի գյուղ է վերադարձել՝ զբաղվելով այնտեղի մատաղ սերնդի կրթությամբ մինչև 2020-ի հոկտեմբերը։

Նա պատմում է, որ միշտ էլ իմացել է՝  թուրքը մի օր հետ է գալու, հետևաբար պատերազմը սպասելի էր։«Ինձ հարցնում էին, թե հնարավորություն ունեմ, ինչու իմ տունը չեմ վերակառուցում։ Իսկ ես պատասխանում էի՝ վախենում եմ, թուրքը մի օր հետ կգա»,- հիշում է նա՝ հավելելով՝ զղջում է, որ հոր գերեզմանը ժամանակին գյուղից դուրս չի հանել։

«Արցախը դրախտ է։ Մենք ապրում էինք դրախտային երկրում։ Թուրքն այդ դրախտի համը տեսել էր ու այն մեզ չէր թողնի։ Մի այնպիսի հող էր, որ մարդիկ 30 տարի նույն հողում նույն ցորենն ու գարին էին ցանում ու էլի նույն բերքն էին ստանում առանց որևէ քիմիական միջամտության։ Ինչո՞ւ պետք է թուրքը դա թողներ մեզ»,- ասում է նա՝ հավելելով, որ Հադրութի կորուստն, այնուամենայնիվ, սպասելի չէր իր համար։ «Գիտեի, որ Արևշատն ու Առաքելը, հարավային գյուղերը կարող են մնալ թշնամուն, բայց որ անառիկ Հադրութը կընկնի, որ Դիզակ աշխարհը կարող է հանձնվել թուրքին, դա իմ պատկերացումից դուրս էր։ Թուրքը մինչ այս երբևէ Դիզակ աշխարհին չէր տիրապետել»։

Հիշելով պատերազմի օրերը՝ նա պատմում է, որ մինչև հոկտեմբերի 5-ը գյուղը գրեթե դատարկվել էր, մնացել էին մի քանի ընտանիքով։ «Պահածո էի պատրաստում ձմռան համար։ Բայց ձայներից աստիճանաբար հասկացա, որ մեր ուղղությամբ են կրակում, դա մերոնց կրակոցների ձայնը չէր։ Հոկտեմբերի 7-ին արդեն մենք էլ դուրս եկանք գյուղից 17-ամյա տղայիս ու անկողնային հիվանդ մայրիկիս հետ»,- հիշում է նա։

Ալթունյանը հայրենազրկումից հետո հաստատվել է Դիլիջանում։ Ասում է, որ այստեղ բնաշխարհն իրեն հիշեցնում է Հադրութի մասին։ Բայց Հադրութում ապրելը մի այլ զգացողություն  էր, որը հնարավոր չէ վերապրել որևէ այլ վայրում։

«Մեր գյուղն Արևշատ էր կոչվում, քանի որ այնտեղ արևածագն ու մայրամուտը շատ գեղեցիկ էին։ Գյուղը բլուրի վրա էր գտնվում։ Երկու կողմից դեպի ձորն իջնող ստորոտին տներն էին՝ շրջապատված անտառներով ու ձորերով։ Այնտեղ ամեն ինչ հայկական էր։ Անգամ 5-րդ դարից մնացած հետքեր կային»,- ասում է նա։

Խոսելով պարտության պատճառների մասին՝ նա ասում է՝ սկզբից էլ վստահ էր, որ դավաճանություն է տեղի ունենում։ «Եթե թուրքը մտել է անառիկ Ջեբրայիլ, ուրեմն դավաճանություն է եղել։ Մինչև վերջ այդ համոզմունքին եմ եղել»,- ասում է նա՝ հավելելով, որ 90-ականների հաղթանակից հետո մեր հասարակությունը թուլացել էր՝ փոխանակ նախապատրաստվեր թշնամուն հեթական անգամ դիմագրավելուն։ Ասում է՝ պատահել է նաև, որ իրեն մեղադրել են թշնամություն քարոզելու մեջ։ Մինչդեռ ինքն ընդամենը մատաղ սերնդին սովորեցնում էր, որ մենք ունենք թշնամի, այդ թշնամին թուրքն է, և պետք է պատրաստ լինենք նրան դիմագրավել։

«Դարեր շարունակ միայն կորցրել էինք, 90-ականներին ձեռքբերում ունեցանք, որը մի այլ կերպ պետք է պահեինք։ Բայց չգնահատեցինք այն, չհասկացանք, որ ատամներով պետք է պահեինք մեր հաղթանակը»,- ասում է նա՝ համոզված լինելով, որ թշնամու դեմ պայքարում մեր միակ հույսը մենք պետք է լինենք։

«Հիմա թուրքն է հաղթողը, և այդ հաղթանակից լկտիացել է։ Իր ատամն արդեն արյան հոտն առել է, ոչ մի բանի առջև կանգ չեն առնի։ Իսկ կռացածին հարվածելը հեշտ է։ Մինչև մենք մեր մեջքը չկարողանանք ուղղել, ոչ մի լավ բան չի լինի»,- համոզված է նա, բայց և փաստում է, որ մեր պատմությունից, սակայն, դասեր չենք քաղում։ 

«Առնվազն մեծ ախմախություն է թուրքի հետ խաղաղ համակեցությանը հավատալը։ Մենք երեխաներ էինք, գնում էինք հոն, մոշ հավաքելու, չեմ հիշում, որ երբևէ իմ ծնողները մեզ ասեին՝ զգույշ կմնաք, գայլ կամ արջ կլինի, ասում էին՝ զգուշ կլինեք, թուրքի չհանդիպեք։ Եվ դա սովետի  տարիներին, երբ եղբայրական ժողովուրդներ էինք համարվում, հարևանություն էինք անում»,- ասում է Ալթունյանը։

Նա ընդգծում է՝ մեր հարևանները նվաճողներ են՝ լինի զենքով, թե այլ ճանապարհով։ Որպես օրինակ պատմում է, թե  ինչպես դպրոցում իր ուսումնառության 10 տարիների ընթացքում գյուղի հարևանությամբ երեք խաշնարածների բնակարանը վերածվեց 300 բնակչով գյուղի (Իսախլու), ունեցավ դեպի գյուղ տանող ասֆալտապատ ճանապարհ։ Իսկ Դիզակ աշխարհը այդպես նվաճել չկարողացան, քանի որ  թույլ չէին տալիս, որ ապրեն իրենց գյուղերում։ «Հայրս կոլխոզի նախագահն էր։ Թույլ չէր տալիս, որ խաշնարածների ընտանիքները գան, գյուղում ապրեն։ Անգամ թույլ չէր տալիս, որ գյուղի խանութ գան»,- հիշում է նա։

 

Հադրութ Արցախ Արևշատ խմբագրի ընտրանի կորսված հայրենիք 44-օրյա պատերազմ

Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
Ավելին
Ավելին