f

Անկախ

Աստղագիտություն․ «ամենառոմանտիկ» գիտությունը, որ պատասխան է փնտրում ամենակարևոր հարցերին


Ի՞նչ է սպասվում մարդկությանը և Երկիր մոլորակին առաջիկա հազարամյակներում, որքա՞ն կյանք ունի Արեգակը, ինչպե՞ս են առաջանում աստղերն ու գալակտիկաները, կա՞ արդյոք կյանք արտաարեգակնային մոլորակներում, եթե այո, ինչպիսի՞ն է այն․ այս և նման բազում այլ հարցերի պատասխանն են փնտրում աստղագետներն ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում։ 

Գիտություն, որ կոչված է բավարարելու մարդկային հետաքրքրասիրությունը և պատասխանելու նրան ամենից շատ հուզող հարցերին․ այսպես է բնորոշում աստղագիտությունը ՀՀ ԳԱԱ  Վ․ Համբարձումյանի  անվան Բյուրականի աստղադիտարանի «Աստղաքիմիա, աստղակենսաբանություն և արտաարեգակնային մոլորակներ»  բաժնի կրտսեր գիտաշխատող Անահիտ Սամսոնյանը։ 

«Անկախի» հետ զրույցում նա պատմում է, որ  աստղագիտության առանձնահատկությունը միջազգային գիտություն լինելն է՝ չես կարող պարփակվել քո երկրի սահմաններում, ճանաչում ես քո մասնագիտացման ոլորտի բոլոր գիտնականներին, տեղյակ ես բոլորի գիտական արդյունքներից, պարբերաբար համագործակցում ես տարբեր երկրների գործընկերներիդ հետ, իսկ արձանագրվող գիտական արդյունքները երբեք չեն կրկնվում, այլ փոխլրացնում են միմյանց։ 

«Աստղագիտությունը շատ անսահման գիտություն է։ Մենք ապրում ենք ահռելի մեծ տիեզերքի մի փոքրիկ կետում։ Երբ հասկանում ես մասշտաբներն, ուղղակի ապշելու է,- ասում է Սամսոնյանը։- Աստղագիտությունը նաև համալիր գիտություն է, մի քիչ ֆիզիկա է, մի քիչ քիմիա և այդպես շարունակ։  Տիեզերքի  75 տոկոսից ավելին ջրածին է, 25 տոկոսը հելիում է, ծանր մետաղներն ավելի քիչ տոկոս  են կազմում։ Մենք ուսումնասիրում ենք, թե ինչպես են տեղի ունենում կազմավորման պրոցեսները։ Դա շատ հետաքրքիր է»։

Շարունակելով գիտության այս ճյուղի առանձնահատկությունների թվարկումը՝ Սամսոնյանն ասում է, որ ողջ աշխարհում գիտական արդյունքների կիրառման առաջնային ոլորտը աստղագիտությունն է։ «Վերցնենք տեղեկատվական տեխնոլոգիաները։ Ամենահզոր  համակարգիչները, ամենահզոր ծրագրերն  առաջինը աստղագիտության ոլորտում են կիրառվում, որովհետև մարդկության համար ամենահետաքրիրն է ուսումնասիրել, թե իրենք որտեղ են ապրում, իրենց բնակարանը որտեղ է գտնվում, ու ինչ է սպասվում մեզ մոտակա մի քանի հազար ու անգամ մի քանի միլիոն տարում»,- ասում է նա։

Սամսոնյանը պատմում է, որ դպրոցն ավարտելուց հետո որոշել էր ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ ընդունվել, բոլոր առարկաներից մաթեմատիկան  ամենաշատն էր սիրում։ Բայց այնպես ստացվեց, որ ընդունվեց Ֆիզիկայի ֆակուլտետ։ 

«Ընթացքում հասկացա, որ շատ լավ է եղել, որ ֆիզիկայի ֆակուլտետ եմ ընդունվել։ Կյանքը  ցույց տվեց, որ ֆիզիկա իմացող մարդիկ հետո բոլոր ոլորտներում էլ կարող են հաջողել»,- ասում է նա։  Բյուրականի աստղադիտարանում առաջին անգամ եղել է 3-րդ կուրսում՝ դեռևս չկռահելով, որ  Աստղադիտարանն էլ դառնալու է իր աշխատավայրը։  

«Համալսարանում աստղագիտությանը նվիրված միջազգային համաժողով պետք է տեղի ունենար։ Մեր դասախոսն ինձ ու կուրսընկերուհուս ներգրավեց կազմակերպչական աշխատանքներում։ Դա առիթ դարձավ, որ սիրահարվեմ աստղագիտությանն ու հիանամ այդ ոլորտի մասնագետներով,- պատմում է նա։- Համաժողովի շրջանակներում  շատ լուրջ գիտնականներ էին եկել Հայաստան, հեղինակություններ էին, որոնք և որպես մարդ, և որպես մասնագետ շատ հետաքրքիր էին։ Դրանից հետո որոշեցի, որ ես էլ այդ ոլորտում պետք է աշխատեմ։ Համաժողովից հետո գնացի Աստղադիտարան։ Այնտեղ ինձ ուսմանը զուգահեռ աշխատելու հնարավորություն ընձեռվեց»։

Անահիտը ներկայում երկու ոլորտներում է ուսումնասիրություններ իրականացնում՝ օգտագործելով տիեզերական դիտակներից ստացված արդյունքները։ Նա ուսումնասիրում է ակտիվ միջուկով գալակտիկաները, դրանց ճառագայթած լույսը՝ այդպիսով փորձելով պարզել դրանց քիմիական կազմը։ «Տիեզերքում բոլոր օբյեկտներն էլ ճառագայթում են։ Ճառագայթման գրանցված արդյունքը՝ օբյեկտի էլէկտրամագնիսական սպեկտրը, պայմանավորված է այդ օբյեկտների տիպով, դրանցում պարունակվող քիմիական տարրերով, տարիքով և մի շարք այլ ֆիզիկական պարամետրերով։  Ամեն օբյեկտ ունի կոնկրետ բաղադրություն և ջերմաստիճան»,- ասում է նա։ 

Իսկ հետազոտությունների երկրորդ ոլորտն արդեն լոկալ տիեզերքն է։ Նա ուսումնասիրում է մեր աստղի՝ արևի շրջակայքում աստղառաջացման օջախներն ու ձևավորված աստղերը, նրանց քիմիական կազմը, ջերմաստիճանը, տարիքը, սեփական շարժումները։ Ասում է՝ ստացվող գիտական արդյունքները ծառայելու են նաև Արեգակի ու նրա առաջացման մասին ավելի լավ պատկերացում ունենալուն։

Խոսելով գիտության ոլորտում աշխատելու դժվարությունների մասին՝ Անահիտն  ասում է, որ շատերի համար գիտությունը ոչ գրավիչ է աշխատավարձերի պատճառով։ «Գիտաշխատողի աշխատավարձը շատ ցածր է»,- ասում է նա՝ հավելելով, որ թեև վերջին տարիներին նկատելի դրական առաջընթաց կա աշխատավարձերի բարձրացման առումով, բայց դա, հատկապես երիտասարդ գիտաշխատողների առումով, դեռևս բավարար չէ․  մասնագիտացում ստացած երիտասարդները մեծ հնարավորություններ ունեն գնալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ և կարող են լավ առաջարկներ ստանալ այնպիսի արտասահմանյան ընկերություններից, որտեղ վարձատրությունն անհամեմատ ավելի բարձր է Հայաստանի Հանրապետության ցանկացած ոլորտի աշխատավարձից։

«Պետք է մոտ 15-20  տարի գիտությունում աշխատած ու կայացած մասնագետ լինես, որ քիչ թե շատ մրցունակ աշխատավարձ ստանաս։ Բայց նման մարդիկ քիչ են, քանի որ քչերն են դիմանում։ Կյանքը հիմա այնպիսին է, որ միշտ չէ, որ կարող ես դիմանալ, կենցաղը ստիպում է»,- ասում է նա։  Անահիտը  շեշտում է, որ իր բախտը բերել է այնքանով, որ ընտանիքի շնորհիվ կենցաղային խնդիրներ լուծելու կարիք չի ունեցել, հետևաբար ցածր վարձատրության մասին չի էլ մտածել։ 

«Այնպիսի հեղինակավոր գիտնականների հետ եմ աշխատել, որ աշխատավարձը երկրորդական է եղել»,- ասում է նա։ 

Նա նաև համոզված է՝ անկախ վարձատրությունից, եթե ինչ-որ բանով զբաղվում ես, պետք է գործդ լավ անես։ «Հայաստանից գնալու հնարավորություն շատ եմ ունեցել, բայց չեմ ցանկացել հեռանալ։ Առավելագույնը 1,5 ամիս կարող եմ հեռու լինել Հայաստանից»,- ասում է նա։ Փոխարենը Անահիտը միշտ երազել է, որ Հայաստանում էլ գիտնականը նման հարգալից վերաբերմունքի արժանանա, ինչ զարգացած երկրներում։ «Առաջին անգամ այդ վերաբերմունքը զգացել եմ տարիներ առաջ, 23-24 տարեկան էի, ԱՄՆ էի գնացել՝ գործուղման։ Ու անձնագրային ստուգման կետում առանձնահատուկ վերաբերմունք էր, կապ չունի, որ երիտասարդ ես, որ նորեկ ես գիտության ոլորտում, կարևորը՝ գիտական աշխատանքի համար ես եկել»։

Մինչդեռ հայաստանյան հասարակության ուշադրության կենտրոնում այն մասնագիտություններն են, որոնցով հնարավոր է մեծ գումարներ վաստակել։ «Եթե գիտնականի աշխատանքը  բարձր վարձատրվող լինի, գիտության ու գիտնականի նկատմամբ վերաբեմունքն էլ կփոխվի։ Սա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններից է։ Այս պարագայում նաև երիտասարդների հոսք կլինի դեպի գիտություն, քանի որ պոտենցիալ ունեցող  երիտասարդներն արդեն կուզենան այս ոլորտ գալ»,- ասում է նա։ 

Անահիտը, ամփոփելով տարբեր երկրներում տեսածն ու ուսումնասիրածը, շեշտում է, որ զարգացած գիտություն ունեցող երկրները զարգացած են նաև մնացած բոլոր ոլորտներում։ 

«Այդ երկրներում գիտությունն ու կրթությունն առաջնային են»,- ասում է նա։ 

Հիշեցնում  է՝ Աստղադիտարանի հիմնադրման տարիներին Հայաստանում աստղագիտությունը համընթաց ոտք է մեկնել միջազգային գիտության հետ։ Ներկայում էլ, չնայած սուղ ֆինանսավորմանն ու դրա հետևանքով առաջացած խնդիրներին, հայաստանյան գիտնականները շարունակում են միջազգային մակարդակի աշխատանք իրականացնել, տպագրվել միջազգային բարձր հեղինակություն ունեցող գիտական ամսագրերում ու համագործակցություններ ստեղծել։ 

«Ես էլ եմ այդ երիտասարդներից մեկը, որին բախտ է վիճակվել  աշխարհի լավագույն աստղագետներից մեկի ղեկավարությամբ աշխատել։ Խնդիրներ շատ ունենք, բայց պետական բավարար ուշադրության պարագայում այդ խնդիրները լուծելի են»,- ասում է նա։

Անահիտ Սամսոնյանին նաև անհանգստացնում է այն, որ պետական այրերն առաջնային են համարում կիրառական գիտությունը։ «Երևի մենք՝ գիտնականներս էլ ենք թերացել, որ չենք կարողացել կառավարությանը հիմնավորել ֆունդամենտալ գիտության կարևորությունը պետության համար։ Ոչ  կիրառական արդյունքներն էլ են շատ կարևոր։ Աշխարհի զարգացած պետությունների փորձը պետք է  հաշվի առնենք, որտեղ ֆունդամենտալ գիտությունն առաջնային է, իսկ գիտնականի պատիվը՝ բարձր»,- ասում է նա՝ հավելելով, որ եթե պետության վերաբերմունքն այս հարցում չփոխվի, ինչպես միշտ, գիտությունը կշարունակի մնալ նվիրյալների հույսին։ 

«ԵՊՀ Ֆիզիկայի և ռադիոֆիզիկայի ֆակուլտետները միացրել են դիմորդների պակասի պատճառով։ Միայն  Երևանում մոտ 40 դպրոց ֆիզիկայի ուսուցիչ չունի։ Բնական գիտությունները վտանգված են։ Սա մեծ խնդիր է, որ պետք է համակարգային մոտեցմամբ լուծել»,- ասում է նա։

 

գիտություն խմբագրի ընտրանի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան Բյուրականի աստղադիտարան երիտասարդ գիտնականներ գիտության ֆինանսավորում աստղագիտություն կին գիտաշխատող Կինը և գիտությունը

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին