f

Անկախ

​​​​​​​Վերականգնել Առաքելը 5-րդ անգամ․ հայրենազրկված Արևիկի երազանքը


«Ես հավատում եմ, որ մի օր Հադրութը և մնացյալ կորսված տարածքները նորից հայկական են լինելու։ Եթե հավատը չլինի, մարդ չի կարողանա ապրել»,- ասում է Արցախի Հադրութի շրջանի Առաքել գյուղի բնակիչ, 52-ամյա Արևիկ Համբարձումյանը։  Նա համոզված է՝ 4 անգամ թշնամու կողմից ավերված ու վերածնված Առաքելը 5-րդ անգամ էլ կվերածնվի։ Պարզապես պետք է ազգովի ճիշտ նպատակներ սահմանենք ու ճիշտ գործենք։

«Այդ հավատին պետք է նպաստի մեր՝  ճիշտ անհատներ ունենալը։ Չմոռանանք, որ անհատն է որոշում պատերազմի ընթացքը։ Մենք պետք է ճիշտ անհատներ ունենանք ղեկավար պաշտոններում,- ասում է նա։-  Ինչո՞ւ մենք շպրտեցինք մեր այն մարդկանց, ովքեր իսկապես պիտանի էին բանակ շենացնելու, երկիր  կառավարելու հարցում։ Եթե կարողանանք  այդ հին խելոքներին նորից ասպարեզ բերել, մի կողմ դնել ամբիցիաները, եթե նորից ժողովուրդը  խելքի գա, համախմբվի․․․ ։ Ամենադժվար հեղափոխությունը գաղափարական հեղափոխությունն է, բայց իրենք կարողացան մարդկանց մանիպուլյացիայի ենթարկել ու գաղափարներ փոխել, սևերի ու սպիտակների բաժանել։ Եթե դա կարողանանք վերացնել, ոչ միայն Հադրութն ենք ունենալու»։

Իսկ միասնականության հասնելու համար նա  նախապայման  է համարում  իշխանափոխությունը․ «Դրա համար պետք է ներևից մարդկանց զարթնեցնել, պետք է նրանց ճիշտ մտքեր փոխանցել, և այդ փոխանցողը պետք է լինի այնպիսին, որ լսողը հավատա»։ 

Արևիկ Համբարձումյանը ծնվել, ապրել ու աշխատել է Հադրութի շրջանի Առաքել գյուղում։ 1994-ից մինչև հայրենազրկումը դասավանդել է գյուղի դպրոցում, երկար տարիներ եղել է նաև փոխտնօրենը։ Ականատեսն է եղել երրորդ Առաքելի կործանմանը և մասնակցել նույնանուն չորրորդ գյուղի վերականգնմանը։ 

«Գյուղն իր աշխարհագրական դիրքի պատճառով մշտապես հրոսակային հարձակումների է ենթարկվել։ Բայց գյուղի բնակիչները միշտ այն  վերականգնել են՝ մի քանի կիլոմետր այս կամ այն կողմ։ Գյուղով ժամանակին Քրիստոսի առաքյալներից է անցել,  և գյուղի անունը մնացել է Առաքյալ (Առաքյուլ)։ Շարժման տարիներին, երբ վերականգնում էինք  մեր հայկական տեղանունները, գյուղի անունը Առաքել է գրվել ու այդպես էլ մնաց։ Առաջին Առաքյալը  գտնվել  է Ջրականի և ներկայիս Առաքելի միջակայքում։ Դրանից որևէ հետք չի մնացել։ 2-րդ Առաքյալը գյուղի ներկայիս գերեզմանատան մոտակայքում էր, Նապատ էր կոչվում, այդ գյուղից մենք ունեինք պահպանված 16-17-րդ դարի եկեղեցու փլատակները և տապանաքարեր։ Ես ծնվել եմ 3-րդ Առաքյալում, որտեղ ունեինք բազալտակուռ Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Այդ գյուղը  կյանք ունեցավ մինչև 1991-ի «Օղակ» օպերացիան»,- պատմում է Համբարձումյանը։

Հիշում է՝ ԽՍՀՄ ՆԳ զինվորների և ադրբեջանական ՕՄՕՆ-ի և միլիցիայի մասնակցությամբ ապրիլին հայաթափվեց Գետաշենն ու Մարտունաշենը, իսկ մայիսին հերթը հասավ Հադրութի հարավային գյուղերին։ Մայիսի 13-17-ի ընթացքում բռնի հայաթափվեց Առաքելի ենթաշրջանն իր 15 գյուղերով։

Պատմում է, որ վաղ առավոտյան խորհրդային զինվորները ռազմական ամենագնացներով գյուղը շրջափակել էին, իսկ ադրբեջանական ոստիկանները տնից տուն էին անցնում ու ձերբակալում տղամարդկանց։ Ջրականի ոստիկանություն են տարել նաև Արևիկին․ նա Ղարաբաղյան շարժման մասնակից էր։ 

«Ականատես եմ եղել Առաքյալի  տղամարդկանց խոշտանգումներին։ Կանանց չծեծեցին։ Հարցաքննեցին։ Քննիչները Բաքվից էին։  Իրենց մոտ երկու ցուցակ կար՝ գյուղի բնակիչների և շարժման մասնակիցների։ Իրենց աշխատանքային հերոս Քեչարի Բաբաևի անունը տվեցի, որի տղան իրենց ՆԳ  նախարարն էր։ Դա մի քիչ դեր խաղաց, դեռ  վախ կար, մեզ երեկոյան գյուղ բերեցին»,- հիշում է նա։

Պատմում է, որ ավտոմատների ներքո գյուղի բնակիչները պարտադրաբար ստորագրել են, որ իրենց կամքով են գյուղից հեռանում։ Մարդկանց կարճ ժամանակ են տվել իրերը հավաքելու և գյուղից դուրս գալու։  «Բերեցին  Խնձորեսկի ու Կուբաթլուի արանքում մի բաց տարածք։ Մայիսյան անձրևոտ օր էր։ Ժողովրդին թափեցին անձրևի տակ, այն, ինչ մարդիկ իրենց հետ իբր վերցրել էին, թալանեցին, ինչ մնաց, ցեխի մեջ փռեցին, ծաղրեցին»,- պատմում է նա՝ հավելելով, որ մարդկանց մի մասն ապաստանեց Խնձորեսկում, մի մասը՝ Հադրութում՝ սպասելով հայրենի գյուղի ազատագրմանը։ 

«1993-ին գյուղն ազատագրվեց, մենք վերադարձանք։ Եթե  կողքի գյուղերում կային գոնե փլատակներ, պատեր՝  քանդված կամ վառված, ապա Առաքյալում մի քար անգամ չկար, մինչև վերջին քարը տարել էին։ Գյուղի դիրքը շատ լավ էր, ամբողջությամբ հարթավայրային էր։  Բացի այդ, մեր գյուղում բոլորը մեքենա ունեին, շատ հեշտ էր ամեն ինչ  քանդել ու տանել։ Թալանել էին գյուղը, քանդել էին գերեզմանատունն ու քարե դամբարանը, ոսկորները, մասունքները շաղ տված, եկեղեցին, որը կանգուն էր ու լրիվ վերանորոգված, պայթեցրել էին, գմբեթը չկար։ Զրոյից գյուղ ենք կառուցել։ Գյուղի միակ վկան կիսաքանդ եկեղեցին էր»,- պատմում է Համբարձումյանը՝ հավելելով, որ սկզբնական շրջանում 5 ընտանիքով են ձեռնամուխ եղել գյուղի վերակառուցմանը։ 

Լուսանկարում՝ Մայիսյան եռատոնի հանդես 1991-ին ադրբեջանցիների կողմից ավերված Հայրենական պատերազմի զոհերի հուշակոթողի մոտ

Ի վերջո, գյուղը ոտքի է կանգնել Ֆրանսիայի և Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների, «Ֆրանսիա-Ղարաբաղ» կազմակերպության աջակցությամբ։ 

«Առաքյալը նորից  շենացրինք, բայց այս անգամ բնակչությունն ավելի քիչ էր։ 1991-ին դուրս ենք եկել 368 շնչով, հետո ենք եկել մեկ երրորդով։  Գյուղն ունեցավ նորակառույց մանկապարտեզ, օրինակելի դպրոց հրաշալի կոլեկտիվով»,- ասում է Համբարձումյանը՝ նշելով, որ գյուղը շենացնում էին, բայց նաև մտավախություն ունեին, որ վաղ թե ուշ մի բան կլինի։ 

 «Կարգավիճակ չունենալն էր, որ մտահոգում էր մեզ։ Դրա համար այդ մտավախությունը կար, բայց մենք շատ վաստահում  էինք մեր ղեկավարներին, որ իրենք թույլ չեն տա լայնամասշտաբ գործողություններ, որ նրանք ճիշտ քաղաքականություն են վարում։ Այն շրջանները, որ մենք վերցրել էինք, պետք է  տայինք կարգավիճակի դիմաց, և երբեք չպետք է տայինք Քարվաճառն ու Քաշաթաղը,- ասում է նա։- Երբ  2018-ի թավշյա հեղափոխությունը  եղավ, ես ասացի՝ սա մեր վերջն է․ քիչ, թե  շատ մտածող մարդու համար դա արդեն հասկանալի էր։ Դա հուշում էր այդ մարդու պահվածքը։ Բավական է՝  մի հինգ րոպե նրան լսեի ու տեսնեի, պարզ էր, որ նա չունի այն  մեծ պոտենցիալը, որ կարողանա ճիշտ քաղաքականություն վարել, բացի այդ՝ ինքը չի անցել պատերազմի միջով, ինքը չգիտի, թե դա ինչ է։ Պետք է պատերազմի միջով անցած լինես, արյան հոտը զգացած լինես, որ հասկանաս։ Ինքը կարող է ասֆալտ անել, որ հետո այդ ճանապարհով դիակներ տեղափոխի»։ 

Համբարձումյանն ասում է՝ 2018-ից հետո պատերազմը կանխատեսելի էր, բայց ոչ այդ մասշտաբներով ու նման ելքով։ 

Վերհիշելով պատերազմի մեկնարկը՝ պատմում է, որ այդ օրն իրենց դպրոցի աշակերտները պետք է արշավի մեկնեին․«Առավոտյան յոթն անցած էր, երբ պայթյունի ձայնը լսեցի։ Մեր ականջն այնքան սովոր է այդ ձայներին, որ անմիջապես հասկանալի դարձավ, թե ինչ է կատարվում։ Անմիջապես  զանգեցի և խնդրեցի երեխաներին հետ ուղարկել տները,  բարեբախտաբար դեռ  չէին հասցրել գնալ»։ Վստահեցնում է՝ մինչ այդ չտեսնված պատերազմ էր։ Սմերչի, գրադի, գաուբիցի ձայներին ծանոթ էին, բայց այս անգամվա պատերազմի ձայնն անծանոթ էր։ 

«Գյուղի բախտը բերել է նրանով, որ  որևէ ռազմական օբյեկտ չկար,  ուստի մեր ուղղությամբ չէին հարվածում։ Նաև անօրակ էր իրենց ունեցածը, մի մասն օդում էր պայթում, տեղ չէր հասնում։ Բայց մինչև երեկո պայթյունները գնալով ավելացան ու պարզ դարձավ, որ գյուղում ապահով չէ։ Մայրիկիս տարանք Խանձաձոր, որ մեր գյուղից 14 կմ  էր հեռու, գիշերը մնացինք, առավոտյան վերադարձանք գյուղ։ Մինչև հոկտեմբերի 3-ն այդպես ենք արել։ Հետո ես ու եղբայրս  մայրիկին Գորիս տարանք, հայրս մնաց գյուղում։ Վերադարձի ճանապարհին Խնձորեսկի մոտից էլ չթողեցին առաջ անցնել, ասացին՝ վտանգավոր է, գյուղում մնացած մարդկանց են տարհանում,- ասում է նա։- Տարհանումը կազմակերպել է մեր փրկարարների  ջոկի ավագ Ավետիք Ղահրամանյանը, մեզ ոչ մեկը չի ասել՝ տարհանեք ժողովրդին։ Նրա ճիշտ կողմնորոշման շնորհիվ մենք քաղաքացիական կորուստներ չունեցանք»։

 Վստահեցնում է՝ չնայած գյուղի կորստին, համոզված էր, որ դա ժամանակավոր է։ «Մենք ահուսարսափ  բանակ էինք ստեղծել, մենք այնպիսի տղաներ ունեինք, երբեք չէի մտածել, որ մենք կարող ենք այդքան նահանջ ապրել։  Հա, մեր գյուղը բաց տեղանքում էր, մտածում էի, որ գուցե ոտատակ գնա, բայց որ մենք անսասան Հադրութը պետք է կորցնենք, դա աբսուրդ էր»,- ասում է նա՝ հավելելով, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրի լուրը լսելուց հետո կորստի ցավից պապանձվել ու անշարժացել էր։

Ասում է՝ համոզված էր, որ հադրութցիներով կհավաքվեն մնացած մի փշրանք տարածքում ու այն կշենացնեն։ Բայց շուտով նաև Խծաբերդն ու Հին թաղերը հանձնեցին։ «Մեր տղաների, աշխարհազորայինների պահածն էր, իրենք այնտեղ են կռվել, պահել, ու էդ երեխեքի արածն էլ ջուրը գցեցին։ Ասում են՝ ռուսն է տվել։ Ով ուզում է լինի տվողը, բա մենք պետությո՞ւն չենք, որ ուրիշը մեր տեղը պետք է  որոշի»։

Խոսելով պարտության պատճառների մասին՝ Համբարձումյանն ասում է, որ պատերազմին նախորդող մի քանի տարիներին բանակում կամակատար կադրեր էին ներդրել, ինչն էլ բերեց պարտության։ 

Հայրենազրկումից հետո Համբարձումյանն ընտանիքի հետ հաստատվել է Արարատի մարզի Եղեգնավան գյուղում։ Կորստի հետ համակերպվել չի կարողանում, իսկ ապագան շատ անորոշ է տեսնում։ 

«Մեր բոլորի ապագան Արցախից է կախված»,- ասում է նա՝ համոզված լինելով, որ Արցախը փրկելու հնարավորություն, թեկուզ փոքր, բայց դեռևս կա։ 

 

Հադրութ Առաքել 44-օրյա պատերազմ խմբագրի ընտրանի կորսված հայրենիք Արցախ

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին