f

Անկախ

Եռակողմ հայտարարության 6-րդ կետի երկրորդ պարբերությունը, որտեղ խոսքը Բերձորի միջանցքին ալտերնատիվ միջանցք ձևավորելու մասին է, այնտեղ գրված է շատ պարզ մի բան


Lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը

Պարոն Հարությունյան, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրապարակեց փաստաթուղթ այն մասին, թե ինչի շուրջ են բանակցում Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում։ Նշենք, որ դրանում խոսք չկա Լաչինի միջանցքի մասին։

Ամենայն հավանականությամբ, այդ տեղեկատվությունը հավաստի է, որովհետև մենք իշխանության ու կառավարության այն շրջանակների կողմից, որոնք ուղղակի ներգրավված են բանակցային գործընթացում, չտեսանք այդ փաստաթղթի վերաբերյալ հերքող կամ բացառող ինչ-որ մեկնաբանություն։ Հետևաբար, կարելի է ենթադրել, որ այդ տեղեկատվությունը հավաստի է։

Երկրորդ, հավանաբար մենք պետք է արձանագրենք, և կարծես թե այդ մասին վերջերս ակնարկում էր նաև Անվտանգության խորհրդի քարտուղարը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության այդ պայմանագրում ինչ-որ դրույթներ կան Արցախի վերաբերյալ։ Հետևաբար, այն, ինչ ներկայացրեց Աշոտյանը, այնտեղ կոնցեպտուալ դրույթներ կարծես արձանագրված են։ Ամենահիմնականն ու էականն այն է, որ այդուհանդերձ հայաստանյան իշխանությունները համաձայնել են, որ Արցախը պետք է ընդգրկվի Ադրբեջանի կազմում։ Այսինքն՝ պետք է ենթադրել, որ ասելով, թե ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ի նկատի ունեն, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Հետևաբար, Ալիևի այն թեզը, որ՝ նրանք մեր քաղաքացիներն են, ցանկացած ազգային փոքրամասնության հանդեպ Ադրբեջանի իշխանությունն ունի որոշակի պարտավորություններ՝ պայմանավորված Սահմանադրությամբ, այդ նույն թեզը տարածվում է նաև Արցախի հայության վրա։ Այսինքն՝ այնտեղ այդպես էլ գրված է՝ Արցախի հայության իրավունքներն ու անվտանգությունը կարգավորվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ իրենց Սահմանադրության և միջազգային պարտավորությունների շրջանակներում։ Ըստ էության սա այդ թղթում առկա ամենահիմնական թեզն էր։ Իմ գնահատականն այն է, որ մեր այսօրվա իշխանությունները գտնում են, որ Արցախի հարցը զուտ արցախահայության ու Ադրբեջանի խնդիրն է։ Հայաստանի իշխանությունները համաձայն են, հաշտվում են Ալիևի այն թեզի հետ, որ Ղարաբաղի հայությունը Ադրբեջանի հերթական ազգային փոքրամասնությունն է, որի իրավունքների և անվտանգության համար Ադրբեջանի կառավարությունն իր Սահմանադրությամբ ու միջազգային պարտավորությունների շրջանակներում կրում է որոշակի պարտավորություններ։

Կարո՞ղ է միջանցքը Լաչինի շրջանում էքստերիտորիալ լինել, իսկ Լեռնային Ղարաբաղը ենթարկվել Բաքվի սահմանադրությանը ողջ տարածքով։ Միջանցքը էքստերիտորիալ է նույնիսկ Փաշինյանի ներկայացմամբ։

Այստեղ ամենամեծ շփոթը հետևյալն է։ Բոլորը Լաչինի միջանցքին նայում են որպես ճանապարհ։ Եթե դուք Լաչինի միջանցքը դիտարկում եք ճանապարհ, ուրեմն Ադրբեջանի բոլոր հարձակումները միանգամայն տեղին են։ Մինչդեռ, Լաչինի միջանցքը ճանապարհ չէ, Լաչինի միջանցքն իրենից ներկայացնում է Արցախի ժողովրդի բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ կրիտիկական ենթակառուցվածքների համախումբ՝ գազատար, հոսանքի գծեր, մալուխներ, ճանապարհ բեռների և մարդկանց տեղափոխման համար։

Այսինքն՝ եթե դուք նայում եք որպես ճանապարհ, ապա ստացվում է, որ եկեք ձևը գտնենք, մի կերպ ապաշրջափակենք այդ ճանապարհը, մարդիկ թող գնան-գան։ Իսկ եթե գազ չեն տալի՞ս, եթե հոսանք չկա՞, այդ ճանապարհի բաց կամ փակ լինելն ի՞նչ է տալիս։ Այսինքն՝ կոնցեպտուալ առումով Լաչինի միջանցքի նկատմամբ հայաստանյան իշխանությունների վերաբերմունքը հենց հանգեցրել է նրան, որ բոլորն այն դիտում են որպես ճանապարհ։ Հաագայի դատարանը Ադրբեջանին պարտավորեցնող շատ կարևոր որոշում կայացրեց՝ ճանապարհն ապաշրջափակելու վերաբերյալ միջանկյալ որոշում։ Բայց այդ նույն որոշման մեջ հայաստանյան կողմի այն պնդման վերաբերյալ, որ դա պետք է տարածվի նաև գազատարի անխափան աշխատանքի վրա, դատարանը փաստեց, որ իրենք կապ չեն տեսնում ճանապարհի և գազատարի միջև։ Ինչո՞ւ, որովհետև մենք խնդիրը ներկայացնում ենք որպես ճանապարհ։ Իրականում դա ճանապարհ չէ, և այդ միջանցքի էքստերիտորիալությունը պայմանավորված է նրանով, որ այն նախ և առաջ իրենից ներկայացնում է Արցախի ժողովրդի բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների համախումբ։ Եվ քանի որ այդ համախումբը չի կարող գտնվել Ադրբեջանի ուղղակի քաղաքական, վարչական, ռազմական, իրավական ազդեցության տակ, ապա այդ հատվածը պետք է ունենա էքստերիտորիալ բնույթ։ Մենք ճիշտ հակառակն ենք անում, խոսում ենք էքստերիտորիալության մասին՝ առանց արձանագրելու, որ դա պայմանավորված է միջանցքի ֆունկցիոնալ առաձնահատկությամբ։

Հաջորդը, եթե վերցնենք եռակողմ հայտարարության 6-րդ կետի երկրորդ պարբերությունը, որտեղ խոսքը Բերձորի միջանցքին ալտերնատիվ միջանցք ձևավորելու մասին է, այնտեղ գրված է շատ պարզ մի բան։ Այն է՝ կողմերի համաձայնությամբ, ասել կուզի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի, երեք տարվա ընթացքում մշակվում է այդ միջանցքի ալտերնատիվ կառուցման պլանը։ Ճիշտ է, այնտեղ երթուղի է հիշատակվում, բայց երթուղին չեն կառուցում, խոսքը գնում է այդ միջանցքին ալտերնատիվ միջանցքի կառուցման պլանի մասին։ Ինչո՞ւ երեք տարի։ Ընդ որում, արձանագրենք, որ դա արվելու է կողմերի համաձայնությամբ։ Այսինքն՝ հայաստանյան իշխանությունները, ովքեր ստորագրել են այդ եռակողմ հայտարարությունը, ստանձնել են այդ հայտարարության մեջ ամրագրված բոլոր դրույթների կամ կատարումը, կամ կատարմանն անմիջապես նպաստելը։ Այն, որ Փաշինյանն ասում է՝ դա ռուս խաղաղապահների և Ադրբեջանի գործն է, նա ուղղակի խորամանկում է։ Այնտեղ ձեր ստորագրությունն է, դուք էլ պարտավոր եք պահանջել մյուս կողմերից, որոնց ուղղակի գործողություններով է պայմանավորված Լաչինի միջանցքի փակ լինելը, որպեսզի միջանցքը գործի։

Եթե ի սկզբանե հայաստանյան իշխանությունների ընկալումը Լաչինի միջանցքի վերաբերյալ լիներ ոչ թե որպես ճանապարհ, այլ Արցախի ժողովրդի բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ կրիտիկական ենթակառուցվածքների համախումբ, ապա այդ եռամյա ժամկետում կազմվող պլանի տակ կհստակեցվեր այն քայլերի ճանապարհային քարտեզը, որը կողմերը պետք է միմյանց հետ համաձայնեցված իրականացնեն, որպեսզի այլընտրանքային միջանցքը ձևավորվի կամ կառուցվի։ Ես լինեի Փաշինյանի փոխարեն, կասեի՝ եղբայրներ, եկեք հասկանանք, որ մենք պետք է ստեղծենք միջպետական հանձնաժողով և արձանագրություն կազմենք։ Եվ այդ արձանագրությամբ ամրագրենք այն քայլերի հաջորդականությունը, որոնք պետք է կատարվեն։ Իսկ որո՞նք են այդ քայլերը։ Առաջինը՝ նախ և առաջ այդ միջանցքին ներկայացված տեխնիկական պահանջներն են։ Եթե դուք դրան նայեք ոչ թե ճանապարհ, այլ ենթակառուցվածքների համախումբ, ապա անկասկած մեջտեղ կգար գազատարի, հոսանքի գծերի, մալուխների տեղափոխման խնդիրը։ Դա պետք է համաձայնեցվեր երկու կողմերի միջև՝ Ռուսաստանի մասնակցությամբ։ Դրանից հետո պետք էր քննարկել, թե ով է կատարելու նախագծային աշխատանքները։ Պետք էր հայտարարել միջազգային մրցույթ, գտնել այն միջազգային հեղինակավոր կազմակերպությանը, որը փորձառու է և կարող է նման նախագծեր իրականացնել։ Այնուհետև այդ նախագծի համար պետք էր մշակել նախագծային առաջադրանք, հետո մրցույթով ընտրել միջազգային կազմակերպություն, որը կհետևեր նախագծային աշխատանքների ընթացքին և կողմերին կհամոզեր, որ տեխնիկական առաջադրանքի նախագծումն ամբողջությամբ պահպանվում է։ Դրանից հետո կխոսեինք նախագիծն ընդունելու մասին, այնուհետև կառուցման մրցույթ պետք է հայտարարվեր։ Սրանք այն քայլերն էին, որոնք պետք է կատարվեին։ Ընդ որում, այս քայլերի մեջ առաջնայիններից մեկը կլիներ ապագա այլընտրանքային միջանցքի հետագծի որոշումը։ Եվ համոզված եմ, որ հետագիծը կարելի էր այնպես անել, որ Սուսն ու Աղավնոն չհայտնվեին Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մենք այս ամենը չենք արել։

Նախ միջանցքն են զրկում կարգավիճակից, և ապա՝ ողջ տարա՞ծքը։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսք չկա դրանց վրա Բաքվի ինքնիշխանության տարածման մասին։ Որտեղի՞ց հիմա առաջացավ։ Հայաստանն էլի՞ մի պատերազմ է պարտվել, որի մասին չգիտենք։

Հարցը սա է՝ արդյոք կարո՞ղ ենք ասել, որ գնացքն արդեն գնացել է։ Ես ասում եմ՝ ոչ, քանի որ եռակողմ հայտարարության 6-րդ կետի երկրորդ մասը դեռևս կատարված չէ։ Եվ Հայաստանի իշխանությունները պարտավոր են իմ նկարագրած այս սցենարով իրենց գործողությունները կազմակերպել, այլապես դուք այդ միջացքն էլ եք զիջում նրանց։ Ասեք՝ ընդհանրապես մենք զիջում ենք և կտրում մեր կապը Արցախի հետ։ Եթե դա այդպես չէ, եթե վարչապետն ասում է՝ հսկայական գումարներ ենք հատկացնում Արցախին, բա եկեք այդ հատկացված գումարների հետևից գնանք գոնե։ Այսինքն՝ ստեղծենք հնարավորություններ, որ այդ գումարներն արդյունավետ ծախսվեն։ Եկեք արձանագրենք, որ ապաշրջափակել չի նշանակում միայն ճանապարահը բացել։ Բանակցել միջանցքն ապաշրջափակելու համար՝ նշանակում է բանակցել այնպիսի իրավական, քաղաքական, տնտեսական մեխանիզմներ, որոնք կբացառեն, որ որևէ մեկը, առաջին հերթին Ադրբեջանն այդ միջանցքն օգտագործի քաղաքական ճնշումներ իրականացնելու նպատակով։ Սա է ապաշրջափակումը, ոչ թե կոչը, թե միջանցքը բացեք։ Այսօր բացեց, մի շաբաթ հետո կփակի, հետո՞։

Ապաշրջափակում նշանակում է, որ այդ միջանցքի գործողությունը պետք է անշրջելի դառնա, որովհետև ամբողջ գաղափարը սա է, ես այդ անիծյալ եռակողմ հայտարարությունից սա եմ հասկացել՝ քանի դեռ Արցախի կարգավիճակի հարցը լուծված չէ, կողմերը երաշխավորում են Արցախի հայության բնականոն կենսագործունեությունը։ Սա շատ էական է։ Վաղը չէ մյուս օրը կորոշվի՞ Արցախի կարգավիճակը, դրանից ելնելով էլ կարող են այլ որոշումներ կայացվել։ Հետևաբար, միջանցքը, կրկնում եմ, ոչ թե ճանապարհ է, այլ Արցախի ժողովրդի բնականոն կենսագործունեությունը երաշխավորող ենթակառուցվածքների համախումբ։ Երկրորդը, հենց սրանով է պայմանավորված այդ միջանցքի էքստերիտորիալ բնույթը, որ այն չլինի Ադրբեջանի ազդեցության տակ։ Մենք այս խնդիրը թողել ենք ինքնահոսի, ադրբեջանցիները ճանապարհը կառուցելուց մեզ հետ չեն էլ համաձայնեցրել, ոչ մի նախագիծ մեզ հետ չի համաձայնեցվել։ Ես ասում եմ՝ կա հնարավորություն, դրա համար ընդամենը մի կարևոր նախապայման կա՝ հայաստանյան իշխանություններն իրենց պետք է զգան այդ եռակողմ հայտարարության տակ դրված ստորագրության պատասխանատուն։ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն է այնտեղ, հետևաբար, այնպես, ինչպես մենք ամեն օր պետք է հետևենք, որ մեր գերիներին վերադարձնեն, այնպես էլ պետք է մնացած կետերի կատարմանը հետևենք։

Ձեզ մոտ տպավորություն չի՞ ստացվում, որ այս պարամետրերը համաձայնեցված էին դեռեւս մինչեւ պատերազմի սկիզբ, իսկ հայ զինվորի 44-օրյա դիմադրությունը դրանց իրագործումը դարձրեց ներկայիս կրկեսի նման բան։

Քանի որ ես փաստ չունեմ ձեռքիս տակ, այդ տեսակետից մեկնաբանություն չեմ կարող անել։ Բայց ինձ համար հասկանալի է մի բան՝ եթե 2019 թվականին «Արցախը Հայաստան է, և վերջ» կարգախոսը կյանքի իրավունք ուներ, ապա ի՞նչ փոխվեց, որ հիմա ասվում է «Ղարաբաղը Ադրբեջան է», և բացականչական նշան։ Ի՞նչ է փոխվել, պատերազմում կրած պարտությունը բացարձակ չի նշանակում, որ մենք պետք է զիջենք Արցախը։ Առավել ևս, որ միջազգային բոլոր խաղացողներն արձանագրում են, որ կոնֆլիկտը կարգավորված չէ, որովհետև ռազմական բիրտ ուժի կիրառմամբ կոնֆլիկտ չի կարող կարգավորվել։ Այդպիսի բիրտ ուժի արդյունքում ձևավորված ստատուս-քվոն վաղը նույնչափ սպառնալիք է կայունության տեսնակյունից։ Հայաստանյան իշխանությունների վարքագիծը, երբ ասում են՝ մենք թույլ ենք, կներեք, ինձ համար ընդունելի չէ։ Մենք չենք ասում՝ եկեք որևէ մեկի գլուխը ջարդենք, ասում ենք՝ կա միջազգային իրավունք, որը պաշտպանում են և որի մասին խոսում են բոլոր ուժային կենտրոնների ներակայացուցիչները։ Բոլորն են ասում՝ կոնֆլիկտը կարգավորված չէ, և եթե կոնֆլիկտը կարգավորված չէ, հետևաբար, վերադարձը բանակցային գործընթացին այլընտրանք չունի։ Եկեք գնանք նստենք, բանակցենք, կարող է վերջում էլի գանք այդ եզրակացությանը, որ Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում։ Բայց դա պետք է լինի բանակցությունների արդյունքում, ոչ թե ուժի պարտադրանքի։

Խոսրով Հարությունյան Հայաստան Արցախ Բերձորի միջանցք Ադրբեջան հարցազրույց

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին