f

Անկախ

Ովքե՞ր են վախենում Հայաստանի հետ Իրանի մերձեցումից. EurAsia Daily


2023 թվականի փետրվարն այնքան էլ հանգիստ չսկսվեց: Բացի Հայաստանի և Ադրբեջանի ավանդական փոխադարձ մեղադրանքներից, որոշ ուժեր Անդրկովկասում սկսեցին ամեն ինչ անել, որպեսզի տարածաշրջանը վերածվի հակամարտության ասպարեզի նրան սահմանակից երկրների մասնակցությամբ:

Նման գործողություններ կարելի է համարել ադրբեջանական ԶԼՄ-ների սադրանքները, որոնք հայտարարեցին, թե իբր Հայաստանը և Իրանը հարձակում են պատրաստում Ադրբեջանի վրա: Արբեջանական սադրանքը Հայաստանը պաշտոնապես հերքեց, բայց հարկ է խոստովանել, որ որոշ ուժեր վախենում են Իրանի մերձեցումից Հայաստանի հետ: Հատկապես ովքե՞ր և ի՞նչ պատճառներով չեն ցանկանում Թեհրանի և Երևանի համագործակցության զարգացումներ:

Այդ հարցին մասամբ պատասխանելու համար կարող են օգնել վերջին իրադարձությունները: Փետրվարի 9-ին Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին մի քանի կարևոր հայտարարություններ արեց և մասնակցեց հայ-իրանական հարաբերություններին նվիրված խորհրդաժողովի, որի ընթացքում հայտարարեց.

«Հայաստանն ու Իրանը հարևաններ են, կան և կլինեն հարևաններ: Իհարկե, որոշակի խորամանկություններ նկատվում են, խոսում են այսպես կոչված միջանցքների, ինչ-որ գործողությունների մասին, սակայն Իրանը և Հայաստանը թույլ չեն տա, որ նման միջանցք ստեղծվիՄենք պետք է նաև նախաձեռնող լինենք: Պետք է տեսնենք, թե ինչ նոր քայլեր կարող ենք ձեռնարկել: Չպետք է սպասենք, որ նոր մտահղացում լինի, օրինակ` ինչ-որ միջանցք բացելու հետ կապված, նոր մենք որոշենք, թե ինչ դիրքորոշում պետք է որդեգրենք: Այսինքն՝ թույլ չպետք է տանք նման բան»:

Միջանցք ասելով՝ Զոհուրին նկատի ուներ այսպես կոչված զանգեզուրյան միջանցքը, որն առաջ են մղում Ադրբեջանը և Թուրքիան: Այդ միջանցքը Բաքվի և Անկարայի պլաններով պետք է անցնի հայկական Սյունիքով, որպեսզի միացնի Նախիջևանի ինքնավարությունը մնացած Ադրբեջանի հետ: Կարևոր է հատկապես թուրք-ադրբեջանական տանդեմի՝  այդ «զանգեզուրյան միջանցքը» էքստերիտորիալ  և Հայաստանի հսկողությունից զերծ ստեղծելու ձգտումը: Իսկ քանի որ Սյունիքի Կապան քաղաքում 2022 թ. բացվել է Իրանի գլխավոր հյուպատոսությունը, ապա ստացվում է, որ Իսլամական Հանրապետության խոսքն ու գործը չեն տարբերվում:

Իրանի իշխանությունների տրամաբանությունը Սյունիքի և ողջ Հայաստանի առնչությամբ միանգամայն հասկանալի է: Ժամանակակից թուրքական և ադրբեջանական քաղաքական գործիչները, հետևելով իրենց նախորդներին, ազգագրական Արևելյան Հայաստանը (իսկ դա հենց ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքն է) խոչընդոտ են համարում,  որը խանգարում է ընդարձակմանը Ռուսաստանի և Իրանի թուրքական շրջաններով: Բացի այդ, անկախ Հայաստանը թույլ չի տալիս թուրք-ադրբեջանական տանդեմին լիովին Իրանն առնել թուրք-սուննիական օղակի մեջ: Իսկ թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքականությունը վկայում է, որ նա չի հրաժարվել նման պլաններից: Իրանին շրջապատում են Ադրբեջանը, որտեղ գերիշխում է հակապարսկական թուրքական նացիոնալիզմը և առաջ է մղվում սուննիզմը, Թուրքիան, իրաքյան սուննի արաբները, որոնք ավանդաբար Անկարայի կողմն են բռնում, Պարսից ծոցի արաբական միապետությունները (Քուվեյթ, Բահրեյն, Սաուդյան Արաբիա, Քաթար, ԱՄԷ), Պակիստանը, Աֆղանստանը (չմոռանանք ուզբեկներին և սուննի տաջիկներին) և Թուրքմենիան:

Ուստի Հայաստանի հետ ցամաքային սահմանը Իրանի համար կենսական նշանակություն ունի: Իրանի համար պակաս կարևոր չեն հայ-ադրբեջանական հարաբերությունները: Մեկնաբանելով ԵՄ դիտորդական առաքելություն Հայաստան ուղարկելը՝ Զոհուրին ասել է.

 

«Իհարկե, ուրիշ երկրները կարող են իրենց նպաստը բերել տարածաշրջանում անվտանգության և խաղաղությւան ապահովմանը, սակայն խնդիրների լուծումը տարածաշրջանի երկրների մասնակցությամբ կարող է անվտանգություն և խաղաղություն ապահովել՝ հիմնված երկխոսության և քննարկումների վրա»:

Փաստորեն իրանցի դեսպանը դիվանագիտորեն քննադատեց Եվրոպական միության՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ձգտումը: Տվյալ դիրքորոշումը զուրկ չէ հիմնավորումներից: Եվրոպական միությունը և նրա մասնակիցները աշխուժորեն  տնտեսական և էներգետիկ համագործակցություն են ծավալում Ադրբեջանի հետ, իսկ Իլհամ Ալիևի խոստովանությամբ՝ 2022 թ. եվրոպական երկրները որևէ լուրջ քայլ չեն ձեռնարկել Սյունիքի պաշտպանության համար (տե՛ս Ադրբեջանի աստեղային ժամը. Ալիևը շտապում է հեգեմոնիա հաստատել Անդրկովկասում. EurAsia Daily ): Այսինքն՝ ԵՄ առաքելությունը կա՛մ անօգուտ կլինի Հայաստանի համար, կա՛մ վտանգավոր Իրանի անվտնագության համար, որին եվրոպական երկրները հակառակորդ են համարում:

Իսրայելի դաշնակիցների մասին էլ Զոհուրին ասել է.

«Իրանը կարող է ապտակ հասցնել փոքր երկրներին, որոնք նման իրավիճակ են ստեղծում, բայց Թեհրանը հանգիստ է ձեռնարկում իր գործողությունները, մենք չենք ուզում լարվածություն հրահրել»:

Դժվար չէ կռահել, որ խոսքը Ադրբեջանի մասին էր, որը դաշնակցային հարաբերություններ ունի Իսրայելի հետ և պատրաստ է հակաիրանական պլացդարմ դառնալ: Այդ պահին էլ Իրանի դեսպանը փորձեց հայ հասարակայնության ուշադրությունը հրավիրել Իրանի և պաղեստինցիների կողմը.

«Նրանք գրավել են պաղեստինցիների տարածքը և քշել են նրանց իրենց հայրենիքից: Գիտեմ, որ այդ տարածքներում հայկական եկեղեցիներ կան, որոնք նույնպես Իսրայելը գրավել է: 43 տարի նրանք պայքարում են, որպեսզի վնաս հասցնեն Իրանին: Իրանում վերջին ընդվզումների ժամանակ ավելի քան 100 ահաբեկչական խմբավորումներ էին խտացել սահմանին»:

Վերջապես, Զոհուրին նրբորեն հիշեցրեց Իրանի և Հայաստանի համագործակցության մասին ռազմական ոլորտում.

«Եթե պետք լիներ, ասենք, Հայաստանի պաշտպանության նախարարին ինչ-որ բան հայտարարել, նա կաներ դա: Նույնը վերաբերում է Իրանի պաշտոնյաների հայտարարություններին: Ես չեմ ուզում ասել ավելին, ինչ ասում են պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները, որպեսզի  ուրիշ ալիքներ չառաջանան: ԶԼՄ-ներում ռազմական ոլորտի մասին տեղեկատվությունը Հայաստանի և Իրանի շահերից չի բխում: Մի շտապեք, պատմությունն ամեն ինչին կանդրադառնա…Եթե կան հարցեր, որոնք չպետք է բացվեն, ապա այդպես էլ պետք է արվի: Գուցեև ԶԼՄ-ների համար դա հետաքրքիր է, և եթե ես անդրադառնամ ինչ-ինչ հարցերի, հետաքրքրությունը կարող է մեծանալ, բայց ավելի լավ է սահմանափակվել այն տեղեկատվությամբ, որը կա: Կարևոր է չվնասել Իրանի այն քաղաքականությունը, որ նա վարում է տարածաշրջանային հարցերում»:

Հնարավոր է, որ Իրանը, համենայն դեպս, չի հերքում Հայաստանի հետ ռազմական համագործակցության բուն հնարավորությունը:

Բայց և այնպես Հայաստանում ոչ բոլորն են ցանկանում, որ ամրապնդվեն կապերն Իրանի հետ: Այսպես, փետրվարի 11-ին Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից բավական հետաքրքիր գրառում արեց սոցիալական ցանցում.

«Իշխանության առաջին դեմքի կարգավիճակը չփոխեց նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանի սկզբունքներն ու գործելաոճը… Երեկ Փաշինյանի «Հայկական ժամանակը» մի անստորագիր նյութ էր հրապարակել, որը վերնագրել էր այսպես «Իրանը դեմ չէ հայադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների կամ ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը դեսպան»։ Այս «ֆեյք» վերնագիրը դնելու նպատակն այն էր, որ լուրերին միայն նկարներով ու վերնագրերով հետևողներին կերակրեին այն բանով, թե, իբր, ՀՀում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նման բան է ասել։ Մինչդեռ դա սուտ է։ Դեսպանը նման հայտարարություն չի արել։ Նիկոլ Փաշինյանը պրահյան գործընթացի արդյունքում Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս և Հայաստանը դարձրել աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ։ ԵՄ դիտորդներին հրավիրելն այդ բախման սցենարի մեջ է տեղավորվում, ինչի մասին բացահայտորեն խոսում է Ռուսաստանը։ ՌԴից կոշտ ձևով, իսկ Իրանից՝ դիվանագիտական լեզվով պարբերաբար ցույց են տալիս, որ դեմ են Արևմուտքի ներգրավվածությանը, և որ Հարավային Կովկասի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանային երկրների միջոցով։ ԵՄ դիտորդների մուտքը Հայաստան մեր ռազմավարական դաշնակցին ու բարեկամ Իրանին դուր չի գալիս։ Փաշինյանը գիտի այդ մասին, բայց ունի պարտավորություններ և կատարում է դրանք, որպեսզի կարողանա հետագայում իր անձնական անվտանգությունն ապահովել… Այսօր հրավիրված էի ու մասնակցում էի Իրանի իսլամական հեղափոխության 44–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։ Իմ այն հարցին, թե արդյոք իրե՞ն են պատկանում «Հայկական ժամանակի» նյութի վերնագրում գրված խոսքերը, ՀՀում ԻԻՀի դեսպանը հերքեց։ Աբբաս Բադախշան Զոհուրին ասաց, որ ինքն էլ է տեսել նման վերնագիր, ինչը չի համապատասխանում իրականությանը։ «Ես ասել եմ, որ տարածաշրջանային երկրների միջև խնդիրները պետք է հենց իրենց՝ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ լուծվեն։ Ինչ վերաբերում է այն բանին, որ ես, իբր, հայտարարել եմ, թե Իրանը դեմ չէ հայադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների կամ ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը, ապա ես այդպիսի նախադասություն չեմ օգտագործել»,– ինձ հետ զրույցում ասաց ՀՀում Իրանի դեսպանը։ Թյուրընկալումներից խուսափելու համար ես երեք լեզվով (հայերեն, անգլերեն, պարսկերեն (թարգմանչի օգնությամբ)) հստակեցրեցի հարցս ու դեսպանից նույն պատասխանը ստացա, որ ինքն այդպիսի բան չի ասել, այսինքն՝ չի ասել, որ Իրանը դեմ չէ հայադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների կամ ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը, և որ իր անունից «Հայկական ժամանակում» հայտնված ուղիղ խոսքը չի համապատասխանում իրականությանը։ Էթիկայից ելնելով՝ ես դեսպանին տեղյակ պահեցի, որ մեր զրույցի այդ մասը ես՝ իր թույլտվությամբ, կհրապարակայնացնեմ։ Ինքն ասաց, որ խնդիր չկա։ Եվ այսպես, բռնվեց իշխանական քարոզչամիջոցների տարածած հերթական սուտը»։

Այսինքն՝ տեսնում ենք, որ եթե Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդես է գալիս հայ-իրանական հարաբերությունների հաստատման օգտին, ապա վարչապետ Փաշինյանը բացահայտ ցանկանում է Հայաստանին տանել Արևմուտք Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման օգնությամբ՝ միաժամանակ գժտվելով ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի հետ:

Փաշինյանի այդ դիրքորոշումը ակնհայտ հակասում է Հայաստանի շահերին: Al-Monitor պարբերականի արձագանքող նյութում, հրապարակված հունվարի 31-ին, , բերված է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի խոսքը.

«Մենք շատ բան ենք փոխ առել Իրանից: Հայաստանը հին միջնադարյան Իրանի թանգարան է… Իրանը միակ երկիրն է, որը աջակցել է մեզ տնտեսապես, երբ Թուրքիան փակել էր սահմանը… Չի կարելի վստահել Արևմուտքին: Նրանք կօգնեն Հայաստանին միայն այն ժամանակ, երբ նա ևս մի Ուկրաինա դառնա Ռուսաստանի համար: Նրանք կօգնեն մեզ միայն այն դեպքում, երբ Հայաստանը հակաիրանական դառնա»:

Նրա խոսքին կարելի է ավելացնել, որ Իրանը մի երկիր է, որը ոչ միայն շահագրգռված է Հայաստանի պահպանմամբ, այլև նրա հետ ընդհանուր սահման ունի: Ռուսաստանին Հայաստանից բաժանում է Վրաստանը, որը խիստ կախված է թուրք-ադրբեջանական տանդեմից և չի պաշտպանի Սյունիքին:

Ինչ վերաբերում է Արևմուտքի դերին, ապա Ոսկանյանի հայտարարությունը կարելի է հիմնավորել փաստերի միջոցով: 2022 թ. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական անգամ երկարացրեց 907-րդ փոփոխության չեղարկումը (տե՛ս Միացյալ Նահանգները ստում է. Ռուսաստանը չի շրջափակել Լեռնային Ղարաբաղը. EurAsia Daily), իսկ 2022 թ. նոյեմբերին պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը Իրանի հետ հարաբերությունների համատեքստում հայտարարեց Ադրբեջանին պաշտպանելու մասին (տե՛ս США хотят руками Азербайджана развалить Иран, разгромить Армению и ослабить Россию): Էլ չասենք, որ վերջին շրջանում Վաշինգտոնի և Բաքվի ռազմական համագործակցության աշխուժացմանը հաջորդեց Ադրբեջանի և Թուրքիայի գործարկած Հայաստանը Արևմտյան Ադրբեջան դարձնելու քարոզարշավը (տե՛ս Թուրքիան դեմ չէ, որ Հայաստանը վերածվի Արևմտյան Ադրբեջանի. EADaily ) և թուրք պատգամավորների այցը Ադրբեջան, որտեղից նրանք սպառնացին Իրանին «զանգեզուրյան միջանցքի» կապակցությամբ (տե՛ս Антизападная риторика Турции не отменяет её планов в отношении Армении и Ирана):

Այս առնչությամբ արժի նշել նաև Իրանի դիրքորոշման որոշակի փոփոխությունը ղարաբաղյան հակամարտության նկատմամբ: Այսպես, 2022 թ. դեկտեմբերի վերջին Իրանի հեռուստաալիքներից մեկի եթերում ղարաբաղյան թեմայով պարսկերեն հանդես եկավ իրանագետ Ժաննա Վարդանյանը, ինչը կատաղության հասցրեց Ադրբեջանին և նրա գործակալներին Իրանում: Պակաս հետաքրքիր չէ մի այլ իրադարձություն: 2023 թ. հունվարի 26-30-ը Իրանում Հայ առաքելական եկեղեցու Թեհրանի թեմական խորհրդի հրավերով Իրանում էին չճանաչված Լեռնաին Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան (օմբուդսման) Գեղամ Ստեփանյանը և Հայաստանի ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը: Նկատենք, որ եթե Ստեփանյանի և Կրպեյանի այցը անցանկալի լիներ, ապա իրանական իշխանությունները պարզապես նրանց ներս չէին թողնի:

Ուշագրավ է, որ երկու այցելուներն էլ հունվարի 27-ին Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում մասնակցեցին Ղարաբաղի պաշտպանության հանարհավաքին, որին հազարավոր հայ Իրանի քաղաքացիներ էին մասնակցում: Բնութագրական է, որ հանրահավաքում ելույթ է ունեցել Թեհրանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Սեպուհ Սարգսյանը և Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Վրթանես Աբրահամյանը: Նշվում է, որ հանրահավաքից հետո Ստեփանյանին և Կրպեյանին ընդունել է Թեհրանի արքեպիսկոպոսը, ընդ որում, այդ հանդիպմանը ներկա են եղել Իրանի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավորները: Այցի մնացած մասը բաղկացած է եղել այցելություններից Իրանի հայկական սփյուռքի կազմակերպություններ և հաստատություններ:

Այս իրադարձությունը ցույց է տալիս Իրանի՝ Անդրկովկասում  իր վարած քաղաքականությունը սրբագրելու ձգտումը՝ հաշվի առնելով Ադրբեջանի թշնամական քաղաքականությունը: Իրանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, բայց և չի պաշտպանել ղարաբաղյան հակամարտության ուժային լուծումը, ինչը ցանկանում էին Թուրքիան և Ադրբեջանը: Ավելին, ի տարբերություն թուրք-ադրբեջանական տանդեմի, Իրանի Իսլամական Հանրապետությունը ղարաբաղյան հակամարտությունը չի խառնել Հայաստանի և Հայերի նկատմամբ վերաբերմունքին: Ըստ երևույթին, նոր իրողությունները ստիպել են Իրանին ավելի պրոֆեսիոնալ գործել՝ աշխատելով առհասարակ հայ հասարակության հետ, այլ ոչ թե միայն Հայաստանի իշխանական շրջանակների հետ, որոնց շարքերում չափազան շատ են եվրոատլանտիստները:

Այսպիսով, պարզվում է, որ Հայաստանի հետ Իրանի մերձեցման հակառակորդները Արևմուտքի երկրներն են (նախ և առաջ ԱՄՆ-ն), թուրք-ադրբեջանական տանդեմը և հայ եվրոատլանտիստները, որոնք պատրաստ են հանուն անձնական շահի Հայաստանը վերածել հակառուսական և հակաիրանյան պլացդարմի:

Պյոտր Մակեդոնցև

Աղբյուրը՝ EADaily

 

Աշխարհում Տարածաշրջան հայ-իրանական հարաբերություններ հայ-ադրբեջանական հարաբերություններ Արևմուտք Ռուսաստան

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին