f

Անկախ

Եգիպտոսի միջնորդությամբ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Սաուդյան Արաբիայի հետ․ արաբագետի առաջարկը


Եգիպտոսի նախագահի՝ Հայաստան կատարած առաջին ու որպես պատմական բնորոշված այցի արդյունքների և այդ այցով ստեղծված հնարավորությունների մասին է «Անկախը» զրուցել արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ։

-Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս եք գնահատում Եգիպտոսի նախագահի՝ ՀՀ կատարած  պատմական այցի արդյունքները։ Արդյոք այցից ակնկալիքներն արդարացվե՞լ են։

-Տվյալ պարագայում ավելի շատ պետք է  գնահատել այցը, քան դրա արդյունքները, որովհետև արդյունքներն  առայժմ չեն երևա, դրանք  պայմանավորված են ինչպես այցի ընթացքում ստորագրված փաստաղթերով  և ձեռքբերված պայմանավորվածություններով, այնպես էլ նախկինում ստորագրված փաստաթղթերի իրականացմանը զարկ տալու երկկողմ քաղաքական կամքով և տրամադրվածությամբ։  Եթե այս այցը նպաստի երկկողմ հարաբերություններում ինչպես նախկինում ձեռքբերված, այնպես էլ նոր պայմանավորվածությունների կյանքի կոչելուն, ապա վստահաբար այցը հաջողված կարող ենք համարել։ Երկկողմ փաստաթղթային բազան բավականաչափ հարուստ է և վերաբերում է  հարաբերությունների ողջ համալիրին, որ կարող են լինել  երկու պետությունների միջև, պարզապես անհրաժեշտ է քաղաքական կամք, որպեսզի այդ  պայմանավորվածություններն իրականացվեն։

Իսկ ինչո՞ւ եմ կարևորում այցի կայացումը։ Քանի որ սա միաժամանակ մի քանի տարածաշրջաններում, այն է՝ Մերձավոր Արևելք, Հյուսիսային Աֆրիկա,  ազդեցիկ խաղացող երկրի նախագահի առաջին այցն է Հայաստան։ 

-Հայաստանի և Եգիպտոսի պատմամշակութային շփումները դարերի պատմություն ունեն։ Ո՞րն է պատճառը, որ անկախության երեք տասնամյակների ընթացքում դա, այսպես ասած, կապիտալի չի վերածվել՝ դառնալով  երկոկղմ բարձր մակարդակի հարաբերությունների հիմք։ 

-Չմոռանանք, որ Եգիպտոսը առաջիններից է ճանաչել  ՀՀ-ն,  և մեր երկկողմ քաղաքական հարաբերությունները մշտապես բավականաչափ բարձր մակարդակի են եղել, պարզապես մի շարք իրողություններով պայմանավորված կաշկանդված են եղել։ 

Իսկ կաշկանդվածությունն առաջին հերթին Արցախյան հիմնախնդիրն էր, որը թույլ չէր տալիս Եգիպտոսին ավելի նպատակաուղղված և վճռականորեն ակտիվանալ Հարավային Կովկասում։ Քանի որ Ադրբեջանը և Թուրքիան հստակ ուղեգիծ ունեին՝ տարբեր միազգային կազմակերպությունների շրջանակում   ձևավորել հակահայկական ձևաչափեր և արաբամուսուլմանական աշխարհին՝ Իսլամական համագործակցության կազմակերպությունում, Արաբական պետությունների լիգայում,  արցախյան հիմնախնդիրը ներկայացնել որպես կրոնական հակամարտություն՝  դրանով իսկ առնվազն կաշկանդելով նված կազմակերպությունների անդամ երկրների առանձին հարաբերությունները ՀՀ հետ։ 

Իսկ ի՞նչ  փոխվեց հիմա։ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո փոխվեց ստատուս քվոն մեր տարածաշրջանում։ Առնվազն Ադրբեջանը և Թուրքիան հայտարարում են, որ հակամարտությունն այլևս չկա, այն լուծված է, իսկ վերջինների այդ հռետորաբանությունը շատ  պատեհ հիմք է ավելի ազատ գործելու այն խաղացողների համար, որոնք ունեն հետաքրքրություններ տարածաշրջանում, բայց նախկինում կաշկանդվում էին երկրորդական հետևանքներ ունենալուց խուսափելու համար։

Արդյունքում մենք տեսնում ենք մի շարք արաբական երկրների հետ հարաբերությունների ակտիվացում, և նման օրինակ է նաև Եգիպտոսը։ Եգիպտոսի ակտիվացման հարցում կարևոր է այն հանգամանքը, որ այս երկիրը աստիճանաբար  հաղթահարում է Արաբական գարնան հետևանքով մոտ մեկ տասնամյակ շարունակվող ներքաղաքական անկայունությունը, և հավակնություններ է ներկայացնում նախկինում ոչ այնքան ակտիվություն ունեցած տարածաշրջաններում ավելի ակտիվանալու, սեփական քաղաքական, տնտեսական կշիռը ավելի մեծացնելու ուղղությամբ։

-Եգիպտոսի նախագահն առաջարկեց միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Արդյոք նման միջնորդական առաքելություն հնարավո՞ր է։ Այդ առաջարկը որքանո՞վ է կենսունակ։ 

- Սա, իհարկե, շատ ավելի ձևական առաջարկ է, քան բովանդակային։ Բայց դրա կարևոր, ավելի առանցքային ուղերձը թերևս այն է, որ այս տարածաշրջանում խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, այսինքն բանակցային հարթակներով պետք է լուծվեն։ Եթե առկա բանակցային հարթակներն ի զորու  չեն նպաստելու կոնֆլիկտի  հաղթահարմանը, ապա Եգիպտոսն ինքը պատրաստ է իր միջնորդությունը առաջարկել։ Որքանո՞վ է իրատեսական։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր տարածաշրջանում եղած հակամարտություններում միջնորդություն իրականացնելը նաև աշխարհաքաղաքական դիմակայության է վերածվել, որևէ նոր  խաղացող, որ ցանկանում է նման դերակատարում իրականացնել, անշուշտ պետք է ունենա նախ նման շահեր և հետաքրքրություններ,  ինչպես նաև  հնարավորություններ այդ շահերի առարկայացման համար։ Եգիպտոսը, բնականաբար, այս պահին իր բոլոր շահերով և հետաքրքրոություններով չի կարող մրցակցել այն բոլոր խաղացողների հետ, որ այսօր ակտիվ են մեր տարածաշրջանում։

Եգիպտոսի միջնորդությունը մեզ համար օգտակար կարեղ է լինել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում։ Սա շատ կարևոր  երկիր է Պարսից ծոցի տարածաշրջանում և  արաբամուսուլմանական աշխարհում, որի հետ փաստացի դիվանագիտական հարաբերություններ չկան։ Հաշվի առնելով այս երկու երնրների բավականին  բարձր մակարդակի  հարաբերությունները և Ալ-Սսիսիի  կշիռը,   շատ կարևոր կլինի օգտագործել Եգիպտոսի միջնորդությունը  Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար։  Այսինքն՝ եթե միջնորդություն, ապա նման միջնորդություն։ 

Բացի այդ, տարբեր միջազգային կազմակերպություններում, որտեղ Հայաստանը ներկա չէ, Եգիպտոսի միջոցով մեր տեսակետները կարող ենք ներկայացնել։ Եգիպտոսն անդամակցում է  Իսլամական համագործակցության կազմակերպությանը,  Արաբական պետությունների լիգային, և  պետք է փորձել   Եգիպտեսի հնարավորություններն օգտագործել՝  Հայաստանի նկատմամբ թյուրըմբռնումը ցրելու նպատակով։

 -Դուք քաղաքական կամքից խոսեցիք։ Մեկ անգամ չէ, որ տարբեր երկրների հետ հարաբերություններում այցեր են տեղի ունեցել, փաստաթղթեր են ստորագրվել, խոստումներ են հնչեցվել, բայց հետո ինչ-ինչ պատճառներով գործընթացը կանգնել է կամ դանդաղ է առաջ ընթացել Այս պարագայում Դուք նախադրյալներ տեսնո՞ւմ եք, որ երկու երկրների հարաբերությունները գործնականում կխորանան, թե՞ ամեն ինչ թղթի վրա կմնա։ 

-Երկու հանգամանք  բան պետք է գնահատեմ։ Առաջինն այն է, որ Եգիպտոսն է նախագահի մակարդակով հայտարարում, որ դրականորեն են տրամադրված զարգացնել երկկողմ հարաբերությունները։ Երկրորդ կարևոր հանգամանքը, որ սկզբունքային է հատկապես մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների հետ համագործակցելիս, այն է, որ հայկական կողմը  պետք է լինի առանձնահատուկ հետևողական պայմանավորվածությունների կատարման գործընթացում։ Հաշվի առնելով այդ պետությունների բնույթը, դրանցում գործող կառավարման համակարգերը, այնտեղ ցանկացած պոտենցիալ գործընկերոջից պահանջվում է շատ ավելի հետևողական լինել, այսինքն՝ գնալ ձեռքբերված պայմանավորվածությունների հետևից։ Նաև մենք ավելի փոքր պետություն ենք,  մեր տնտեսական գրավչությունը և հնարավորությունները շատ ավելի սահմանափակ են, քան մեր գործընկերներինը։ Եվ այս պարագայում այդ կամրջելու գործընթացը առավելապես բխում է մեր շահերից։ 

Միևնույն ժամանակ պետք է պատրաստ լինեն կոնկրետ առաջարկների փաթեթներ, որոնք ցույց կտան Հայաստանի Հանրապետության տնտեսական գրավչությունը և այստեղ ներդրումներ կատարելու երաշխավորված հեռանկարները բոլոր գործընկերների համար։ 

Եթե Եգիպտոսը կարող է դառնալ դարպաս դեպի աֆրիկյան երկրներ Հայաստանի համար, ապա Հայաստանն էլ կարող է դառնալ դարպաս դեպի ԵԱՏՄ շուկա Եգիպտոսի համար։ Ուկրաինական ճգնաժամով պայմանավորված՝ Ռուսաստանի դեմ լրջագույն պատժամիջոցներ են իրականացվում, իրավական տարբեր ռեժիմների հետ կան խնդիրներ, իսկ ՀՀ-ում շատ  բարենպաստ բիզնես միջավայր է։ Պետք է պարզապես ՀՀ տնտեսական գրավչությունը ճիշտ և մատչելի ներկայացնել։ 

-Իսկ մեր գործադիրի մասնագիտական կարողությունները բավարա՞ր են Ձեր ասածն իրականություն դարձնելու համար։

-Ցավոք սրտի, մենք ունենք մարդկային ներուժի խնդիր, որովհետև հարաբերությունները բազմազան են, բայց դրանցով զբաղվելու հնարավորություններն,  առաջին հերթին մարդկային ներուժի առումով, խիստ սահմանափակ են։ Մեր դեսպանատները մերձավորարևելյան երկրներում ընդամենը մատների վրա հաշված դիվանագետներով ահռելի մեծ ծավալով աշխատանք են փորձում իրականացնել։ Սա լրջագույն խնդիր է։ Ոչ միայն մասնագետների պակաս, այլ նաև գործնականում այդ հարցերով զբաղվող պետական պաշտոնյաների զբաղվածության խնդիր կա։ Այսինքն խնդիրները բազմազան են, հնարավորությունները սահմանափակ։ Բայց բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել։ Կարծում եմ՝ պետք է համակարգային տեսանկյունից  աշխատող մեկ ուղեգիծ մշակել, այնէ՝  ինչ քայլեր պետք է արվեն, և  այդ քայլերի հաջորդականությունը տրամադրվի դիվանագիտական ներկայացուցչություններին՝ ըստ երկրների յուրահատկությունների։ Յուրաքանչյուր երկրի համար նոր մոտեցման մշակումը հավելյալ ջանք, ժամանակ, և հնարավորություններ է պահանջում, որոնք  մեր պարագայում խսիտ սահմանափակ են։



 

Եգիպտոս դիվանագիտություն արաբական երկրներ Մերձավոր Արևելք խմբագրի ընտրանի հարցազրույց Արմեն Պետրոսյան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին