ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ՝ Եվրոպայի ձյուդոյի միությունը Ավստրիայի բարձրլեռնային Միտերսիլ առողջարանային քաղաքում հունվարի 8-16-ն անցկացնում է ուսումնամարզական ճամբար-հավաքը, որին մասնակցում են նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը, մարզիկներ Ֆերդինանդ Կարապետյանը, Արսեն Ավետիսյանը, Ստյոպա Դարբինյանը, Արտյոմ Ղալաչյանը, Գոռ Կարապետյանը և Արտակ Թորոսյանը:
Եվրոպայի ավելի քան 400 հեղինակավոր ձյուդոիստների թվում է նաև օլիմպիական խաղերի 14 չեմպիոն:
Եվրոպական միության նախագահ Լասլո Տոտը, փոխնախագահները, գլխավոր քարտուղարը և այլ պատասխանատուներ սեմինար-խորհրդակցություններ են անցկացնում մարզիկների, մարզիչների, մրցավարների, լրագրողների հետ:
Հայաստանի թիմը պատրաստվում է Բուլղարիայում փետրվարի 11-ին մեկնարկելիք եվրոպական բաց մրցաշարին։