«Դեղին բաճկոններ» շարժման հարյուրավոր կողմնակիցներ շաբաթ օրը մասնակցել են Ֆրանսիայի քաղաքներում կազմակերպված բողոքի ցույցերին՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների, գնաճի և էներգակիրների թանկացման։
Ցույցերի կազմակերպիչների խոսքով՝ ակցիաները տեղի են ունեցել Փարիզում, Ավինյոնում, Ստրասբուրգում և Թուլուզում։
Փարիզի ոստիկանության տվյալներով՝ ցույցի ընթացքում միջադեպեր չեն գրանցվել։ Ցուցարարները ձեռքներին պաստառներ էին պահել՝ կոչ անելով վերացնել կենսաթոշակային բարեփոխումները և միջոցներ ձեռնարկել բնակչությանը գնաճի հետևանքներից պաշտպանելու համար։
«2022 թվականին պարենային ապրանքների գների 12 տոկոս աճ է գրանցվել, ջեռուցման ծախսերն աճել են: Սրանք դժվարություններ են, որոնք փոխում են ֆրանսիացիների ճնշող մեծամասնության կյանքը», - ասել է Փարիզում գործող Հետազոտությունների կենտրոնի գլխավոր տնօրեն Սանդրա Օբյանը: