f

Անկախ

ԱՄՆ-ն պետք է խիստ ազդանշան տա Ռուսաստանին Արցախի շրջափակման կապակցությամբ. կարծիք. The Jerusalem Post


Ադրբեջանը փակեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը, ինչն արագ դարձավ հումանիտար ճգնաժամ:

ԱՄՆ Կոնգրեսի առջև իր պատմական ելույթով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համոզիչ ապացուցեց, որ Ռուսաստանի դեմ պատերազմը սոսկ Կիևի անվտանգության խնդիրը չէ, դա պայքար է ժողովրդավարության պահպանման համար:

Ընդգծելով, որ Ուկրաինայի անվտանգությունն ու ժողովրդավարական իդեալները անքակտելիորեն կապված են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ, Զելենսկին կարողացավ հզոր ու արձագանքվող ուղերձ հղել, որը ներկայիս ճգնաժամը վերածեց պայքարի բարու ու չարի միջև: Այդպիսով Զելենսկին նաև հիմնավորեց, թե ինչու մյուս հակամարտությունը, որ տեղի է ունենում աշխարհի նույն հատվածում, պետք է համանման աջակցության ու ուշադրության արժանանա, բայց, ցավոք, դա տեղի չի ունենում:

Արդեն ավելի քան երեք շաբաթ Ադրբեջանը՝ աշխարհի ամենաբռնակալ ու ավտոկրատ երկրներից մեկը, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի շրջափակումն է իրականացնում, որն արագ վերածվեց հումանիտար ճգնաժամի:

Կտրվելով արտաքին աշխարհի հետ կապից՝ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը զրկվեցին այնպիսի առաջին անհրաժեշտության ապրանքներից, ինչպիսիք են սննդամթերքը, դեղորայքը և ջեռուցման գազը, երբ ջերմաստիճանը զրոյից ցածր է: Այդ հումանիտար իրավիճակը Human Rights Watch-ին և Հռոմի պապին դրդեց տագնապ հայտնել 120 հազար հայերի համար, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում, ներառյալ 30 հազար երեխաները, որոնք զրկված են մարդու հիմնական իրավունքներից:

Այդ գործողությունները ևս մեկ անգամ ընդգծում են, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում մասնակցել իրենց բնիկ հայրենիքում բնակվող հայերին վախի ու սարսափի մեջ պահելու արշավին: Անցած ձմռանը Բաքուն նույնպիսի սցենար բեմադրեց, երբ Հայաստանի դեմ 2020 թ. աշնան պատերազմից հետո խանգարեց հայերին նորոգել այն խողովակը, որը բացասական ջերմաստիճանների դեպքում ջեռուցման գազ ապահովելու առանցքային դերն է խաղում:

Ադրբեջանի վերջին գործողությունները

Շրջակա միջավայրի պաշտպանության կեղծ պատրվակով ադրբեջանցիների մի խումբ, որն այժմ փակել է ճանապարհը, Լեռնային Ղարաբաղում էկոահաբեկչության տագնապ է աղաղակում: Սրանք շրջակա միջավայրի այն պաշտպաններն են, որոնք մուշտակ հագած՝ աղավնի են թռցնում որպես խաղաղության խորհրդանիշ, ինչը լուրջ սխալ է համարվում բնապահպանական շրջանակներում, քանի որ աղավնիներն այդ կերպ օգտագործվելով՝ հաճախ վնասվում են կամ սպանվում: Ցուցարարներն այն նույն երկրից են, որը մեծ վնաս հասցրեց շրջակա միջավայրին ղարաբաղյան պատերազմի ժամանակ:

Այդ հակամարտության ժամանակ Ադրբեջանը քիմիական զենք կիրառեց անտառները վառելու համար, որոնցում խաղաղ բնակիչները թաքնվում էին Ադրբեջանի հարձակումներից: Տեսաապացույցները նաև ցույց են տվել, որ ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի կուսական անտառներում սպիտակ ֆոսֆորով զինամթերք են կիրառել, որը քիմիական զենքի տարրեր է պարունակում:

Այդ էկոցիդի շրջանակներում Ադրբեջանը սպառնալիքի տակ դրեց այդ շրջանի էնդեմիկ պարսկական ընձառյուծը, որը անհետացող տեսակ է, ինչպես նաև աղտոտելով գետերն ու ստորգետնյա ջրերը՝ այդ շրջանն անպիտան դարձրեց մարդկանց ու վայրի կենդանիների բնակության համար:

Դատելով եղած վկայություններից և նեխած հեղինակությունից մարդու իրավունքների և շրջակա միջավայրի ոլորտներում՝ կարելի է ասել, որ Ադրբեջանը մի երկիր է, որին չի կարելի վստահել: Ըստ ամենայնի, դա է պատճառներից մեկը, որ Բաքուն վերջին տարիներին ավելի է մոտեցել Մոսկվային: Օրինակ՝ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելուց երկու օր առաջ Պուտինը լայնամասշտաբ համաձայնություն կնքեց Ադրբեջանի հետ՝ խորացնելով իրենց դիվանագիտական և ռազմական համագործակցությունը:

Մինչ օր օրի ամրանում են Մոսկվայի և Բաքվի կապերը, Հայաստանն ավելի մեկուսացած է դառնում, քան երբևէ: Միտումնավոր թե ոչ, Պուտինը տարված է Ուկրաինայի հետ պատերազմով, որից Ադրբեջանն օգտվեց լիուլի: Բայց Պուտինը կարող է և միտումնավոր թույլ տալ դա, որպեսզի Արևմուտքին ազդանշան տա առ այն, որ առանց Ռուսաստանի չի կարող տարածաշրջանում կայունություն լինել:

Այլ խոսքով՝ Պուտինը, ըստ էության, մեծացնում է Ռուսաստանի ազդեցությունը՝ առանձնապես ոչինչ չանելով և ոչինչ չասելով, միաժամանակ թույլ տալով Ադրբեջանին խաղալ իր տարածաշրջանային մկաններով: Դա է պատճառներից մեկը, որ Հայաստանը մեղադրեց ռուսական խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում անօրինական շրջափակումը կանխելու և տարածաշրջանում իրենց հիմնական պարտականություններն ու առաքելությունն իրականացնելու անկարողության մեջ:

Բայց աշխարհը պետք է հիշի, որ պուտինյան արժեքներն ավելի շատ կապված են Ադրբեջանի հետ, քան Հայաստանի՝ երիտասարդ ժողովրդավարության: Պարզ ասած՝ դիկտատորներին դուր է գալիս իրար սատար կանգնել:

Ահա ինչու Միացյալ Նահանգները պետք է իր դերը խաղա: Բայդենի վարչակազմը նաև հնարավորություն ունի  Ադրբեջանի առնչությամբ խիստ ազդանշան ուղարկելու Ռուսաստանին այն մասին, որ ագրեսիայի անհեթեթ գործողությունները և մարդու հիմնական իրավունքների խախտումներն անթույլատրելի են: Մինչդեռ Միացյալ Նահանգները ճիշտ հակառակն արեց:

Հայոց ցեղասպանությունը ճանաչող ԱՄՆ առաջին նախագահ դառնալուց մի քանի օր անց Բայդենը չեղարկեց ազատության պաշտպանության մասին օրենքի 907-րդ հոդվածը, որն արգելում է օգնություն ցույց տալ Ադրբեջանին, ինչը Բաքվի համար անօրինականության ու պատասխանատվության բացակայության կանաչ լույս վառեց: Այն նախագահի համար, որը պաշտոնը ստանձնել է վստահեցնելով, որ մարդու իրավունքներն իր արտաքին քաղաքականության առանցքային սկզբունքն են լինելու, պիտի որ անթույլատրելի լինի այդ շրջափակումը:

Մենք տեսնում ենք միայն պետդեպարտամենտի՝ երկու կողմերին հաշտության եզրեր գտնելու կոչ անող դատարկ հայտարարությունները՝ փաստացի առանց որոշակի գործողությունների:

Վաշինգտոնը պետք է անհանգստացած լինի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններից, որոնք բացահայտում են նրա իրական մտադրությունները: Իր 61-ամյակի կապակցությամբ ելույթ ունենալով արևմտյան ադրբեջանցիների համայնքի առջև՝ Ալիևն անվերապահորեն հայտարարեց, որ Հայաստանն իրենց պատմական հողն է, միաժամանակ կշտամբեց Միացյալ Նահանգների այն քննադատներին, որոնք պաշտպանում են Հայաստանին: Սա նրա ուրիշ ելույթների շարունակությունն է, որոնցում նավթադիկտատորը նույն փաստարկներն է բերել և ասել է, որ Երևանը՝ Հայաստանի մայրաքաղաքը, պատկանում է Ադրբեջանին:

Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ոչնչով չի տարբերվում նրանից, ինչ տեղի է ունենում հայերի դեմ: Այդ իրադարձությունները չեն բացառում իրար: Երկու երկրներն էլ բռնապետների գրոհի տակ են, որոնք չեն հարգում օրենքի գերակայությունը: Երկուսն էլ պայքարում են իրենց ինքնիշխանության, գոյատևման և ժողովրդավարության իդեալների համար:

Վերոհիշյալ ելույթում Զելենսկին խոսեց նաև դաշնակիցների և դաշինքների նշանակության մասին, մասնավորապես՝ Ռուսաստանի և Իրանի միջև, այն մասին, թե ինչպես մի ահաբեկիչը գտավ մյուսին: Նույնը կարելի է ասել նաև Ադրբեջանի մասին: Ռուսաստանը, ի դեմս Ադրբեջանի, համախոհ գտավ:

Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները պատասխանատվության կանչի Ադրբեջանին և վերջ դնի նրա աղաղակող վարքագծին: Նա կարող է սկսել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներով, քանի դեռ չեն բացի Լեռնային Ղարաբաղի ճանապարհը: Խաղասեղանին դրված են ժողովրդավարությունն ու անմեղ կյանքերը: Ժամանակը չի սպասում:

Ստեֆան Փեչդիմալջի (Stephan Pechdimaldji)

Հաղորդակցությունների մասնագետ, ապրում է Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի շրջանում, ծագումով  հայ առաջին սերնդի ամերիկացի է, Հայոց ցեղասպանությունը վերապրածի թոռ

Աղբյուրը՝ The Jerusalem Post

 

Աշխարհում Տարածաշրջան Հայաստան Ադրբեջան Ռուսաստան ԱՄՆ Արցախի շրջափակում

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին