Լաչինի միջանցքի շուրջ 18 օր փակ լինելու հետեւանքով ԼՂ-ում հումանիտար իրավիճակն օր-օրի սրվում է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Լեռնային Ղարաբաղի հարյուրավոր ընտանիքներ շարունակում են մնալ կիսված, հայտնված լինելով բլոկադայի տարբեր կողմերում: Առաջին անհրաժեշտության անհրաժեշտության ապրանքների պակասը գնալով դառնում է ավելի ու ավելի զգալի: Խանութների ցուցափեղկերը դատարկվել են, հանրային օբյեկտներում սննդի մատակարարման սահմանափակումներ են մտցվում: Հանրությունը գտնվում է սոցիալ-հոգեբանական լարված իրավիճակում:
Այս ամենը հաշվի առնելով՝ հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու որոշում եմ կայացրել՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ, որի խնդիրը ԼՂ իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելն ու անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է լինելու, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ», - նշեց վարչապետը։