Կամբոջայի Պոյպետ քաղաքի Grand Diamond City Hotel and Casino հյուրանոցում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ։ Այս մասին հայտնում է Fresh News կամբոջական պորտալը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Գրում է Gazeta.ru-ն։
Ինչպես գրում է պորտալը՝ ոստիկանությանը հղումով, ևս 30 մարդ վիրավորվել է։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ մարդիկ այրվել են, թունավորվել այրման հետևանքով կամ վնասվածքներ ստացել՝ ցած նետվելով վերին հարկերի պատուհաններից։
Այրվող հյուրանոցի հրապարակված կադրերը ցույց են տալիս, որ շենքը գրեթե ամբողջությամբ այրվել է։
Ենթադրվում է, որ հրդեհը բռնկվել է վառելիքի բաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Telegram Mash ալիքի փոխանցմամբ՝ հրդեհը տեղի է ունեցել հյուրանոցի կազինոյում գազի բաքի պայթյունի պատճառով, իսկ արդեն խաղասենյակից կրակը տարածվել է բնակելի տարածքների վրա։ Ներսում դեռևս 50 մարդ կա։
Հեռուստաալիքի տվյալներով՝ առնվազն հինգ մարդ փախել է՝ նետվելով հինգերորդ հարկից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի բնակիչը մահացել է Սուրբծննդյան օրը՝ արհեստական տոնածառի հետեւանքով առաջացած տան հրդեհի պատճառով։