Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծիք է հայտնել, որ Վրաստանի հասարակության և քաղաքականության բևեռացման հիմնական պատճառը հանրապետության նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին է։ Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ամանորյա ընդունելության ժամանակ նրա խոսքերը հայտնում է ՏԱՍՍ-ը։ Գրում է Gazzeta.ru-ն։
Զուրաբիշվիլին ասել է, որ Վրաստանի բնակչության ցանկությունը պարզ է՝ մարդիկ ցանկանում են «վերջացնել բևեռացումը» և ցանկանում են տեսնել նոր քաղաքական «ուժեր, գործիչներ և հեռանկարներ»։
«Այս փուլում ոչ իշխանությունները, ոչ ընդդիմությունը նման կամք չեն դրսևորում։ Նրանք դեռ կառչած են իրենց աթոռներից ու կուսակցական խնդիրներից։ Բևեռացմանը նպաստող հիմնական պատճառներից մեկը նախկին նախագահի հետ կապված խնդիրն է»,- ասել է Վրաստանի ղեկավարը։
Զուրաբիշվիլին նաև հավելել է, որ երկրի հեղինակության և կայունության համար կարևոր է սպասել Սահակաշվիլիի առողջական նկատառումներով ազատ արձակման գործով դեկտեմբերի 22-ին նշանակված դատավարությանը։
2021 թվականի հոկտեմբերի 1-ին Միխայիլ Սահակաշվիլին վերադարձել է Վրաստան և անմիջապես ձերբակալվել։ Նա մեղադրվում էր սահմանն ապօրինի հատելու, բյուջետային միջոցների յուրացման և «Իմեդի» հեռուստաընկերության ոչնչացման մեջ։ Բացի այդ, նա հեռակա դատապարտվել է երկու քրեական գործերով՝ 2006 թվականին բանկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանությանը մասնակցելու և 2005 թվականին նախկին պատգամավոր Վալերի Գելաշվիլիի վրա հարձակում կազմակերպելու համար։