Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Վաշինգտոնը դեմ է Սիրիայում թուրքական նոր ռազմական գործողությանը։ Գրում է Russian.rt.com-ը։
«Նախարար Օսթինը դեէսկալացիայի կոչ է արել և հայտնել, որ Պաշտպանության նախարարությունը կտրականապես դեմ է Թուրքիայի նոր ռազմական գործողությանը Սիրիայում»,- նշված է ամերիկյան ռազմական կայքի հայտարարության մեջ։
Նշվում է, որ Պենտագոնի ղեկավարը մտահոգություն է հայտնել, այդ թվում՝ վերջին ավիահարվածների առնչությամբ, որոնցից մի քանիսը վտանգ են ներկայացնում ԱՄՆ զինվորականների համար։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական զինված ուժերը օդային գործողություն են իրականացրել Սիրիայում և Հյուսիսային Իրաքում։