f

Անկախ

՛՛Հրապարակ"․Հո ասելո՞վ չի, պիտի փաստեր լինեն, չէ՞, ինքը խրվա՞ծ է կոռուպցիայի մեջ, թե՞ խրված չէ»։


Մամուլը, ֆեյսբուքյան հանրույթն ու քաղհասարակությունը երկու օր է՝ քննարկում են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին` բոլոր ժամանակների հայտնի դատավոր Մացոյին, Հակակոռուպցիոն դատարանում, այսինքն` կոռուպցիոն հանցագործությունների քննությունն իրականացնող դատավորների կազմում ընդգրկելու փաստը։ Ընդգրկողն էլ Բարձրագույն դատական խորհուրդն է, որի վեց անդամ կողմ է քվեարկել, երեքը՝ դեմ։ Կոռուպցիոն հանցագործությունները քննող դատավորները պետք է լինեն տասը, որից ութն արդեն նշանակված են, վերջին երկուսը շուտով պետք է նշանակվեն, մեկը Մացոն է, տասներորդն էլ դեռ ցուցակում է՝ սպասման մեջ։ 


Քաղհասարակության սորոսական թեւը զայրացած է, ասում են՝ ինչպե՞ս կարելի էր «Հայաստանում ամենաշատ քաղբանտարկյալներ դատած դատավորին» նշանակել այսպիսի պատասխանատու դատարանի դատավոր։

Մացոն նաեւ ժամանակին Նիկոլ Փաշինյանին է դատել, ապա այդ դատավճիռը բողոքարկվել է ՄԻԵԴ-ում, բավարարվել, ավելին` ՀՀ գլխավոր դատախազը վարույթ է հարուցել այդ գործով, եւ Փաշինյանն արդարացվել է։

Այսինքն՝ գոնե այս գործով ապացուցված կարելի է համարել, որ Մնացական Մարտիրոսյանն անարդար, սխալ դատական ակտ է կայացրել, եւ մարդը դրա արդյունքում 2 տարուց ավելի ազատազրկված է եղել:

Մացոյին մեղադրում էին նախորդ իշխանություններին ծառայելու մեջ, մեղադրում են նաեւ այս իշխանություններին ծառայելու մեջ։ Ու գրեթե ամբողջ կազմով պրոիշխանական դարձած ԲԴԽ-ն այսօր որոշել է նրան գործուղել Հակակոռուպցիոն դատարան։ Ընդամենը երեք հոգի է դեմ եղել Մացոյի թեկնածությանը։ Ի դեպ, նա դեռ պետք է ուսուցման փուլ անցնի, քննություն հանձնի, նոր ԲԴԽ-ի առաջարկով ներկայացվի հանրապետության նախագահին՝ հրամանագրման։

ԲԴԽ անդամներից Սերգեյ Չիչոյանը, ով, հուսով ենք, դեմ քվեարկածների մեջ է, ոչ մի կերպ դիրքորոշում չհայտնեց Մնացական Մարտիրոսյանի մասով ու չգաղտնազերծեց իր քվեարկությունը, փոխարենն ասաց, որ ծանոթ է հանրության այն տարակուսանքներին, որ ԲԴԽ-ն այսպիսի «հռչակ» վայելող դատավորին նոր առաքելության է գործուղել։

«Պետք չէ թվարկել, ես բոլորը կարդացել եմ»,- ասաց նա՝ խոսելով սոցցանցերում արձագանքների մասին, ու ավելացրեց․ «Էս պահին դա Բարձրագույն դատական խորհրդի որոշումն է, չեմ կարող քննարկել ու քննարկման առարկա դարձնել։ Հասարակության մեղադրանքները մի բան են, փաստերն այլ բան են։ Հո ասելո՞վ չի, պիտի փաստեր լինեն, չէ՞, ինքը խրվա՞ծ է կոռուպցիայի մեջ, թե՞ խրված չէ»։

- Օրինակ, ասում են՝ նա առաջիններից էր, որ դեռ տարիներ առաջ մայրաքաղաքի կենտրոնի նորակառույց շենքերից մեկում թանկարժեք բնակարան է ձեռք բերել․ դա կոռուպցիայի մասին կարո՞ղ է վկայել։

- Հա, ես տեղյակ չեմ դրանից, թե ինչ թանկարժեք բնակարան ունի եւ ինչ միջոցներով է ձեռք բերել։ Բայց դա խորհրդի խնդիրը չէ, դա՝ արդեն հանձնաժողով գոյություն ունի, թող քննեն ու իրենք որոշեն, թե ինչ միջոցներով է ձեռք բերել, եթե ձեռք է բերել։

- Իսկ Ձեր գնահատականը նրա մասին՝ որպես դատավորի, ինչպիսի՞ն է, Դուք ի՞նչ կարծիքի եք նրա մասին։

- Ես գիտեմ, որ ինքը պրոֆեսիոնալ դատավոր է, իր գործի գիտակն է, շատ լավ նիստեր է վարում, բայց մնացած մասով թույլ տվեք չարտահատվել։

- Օրինակ՝ ժամանակին Նիկոլ Փաշինյանին ապօրինի ազատազրկելու որոշում է կայացրել, որը հետո հասել է մինչեւ ՄԻԵԴ։ Սա, օրինակ, խոսո՞ւն փաստ է, որ նա այդքան էլ պրոֆեսիոնալ դատավոր չէ, թե՞ խոսուն փաստ չէ։

- Դա պետք է գործի փաստերը վերլուծեն, հասկանան՝ ոնց է եղել։

- Մնացական Մարտիրոսյանի թեկնածությունը բացասական էր գնահատվել նաեւ ԲԴԽ-ի կողմից ներգրավված միջազգային փորձագետ Վիտալի Կասկոյի կողմից: Օրինակ՝ դա կարո՞ղ է որոշիչ հանգամանք հանդիսանալ, այնպիսի կարծիք ձեւավորել, որ այդ մարդը դժվար թե անաչառ եւ օբյեկտիվ դատավոր լինի։

- Համենայնդեպս, ԲԴԽ-ի մեծամասնության մոտ նման կարծիք չի ձեւավորվել։

- Դուք կարծես թե այդ մեծամասնության մեջ եք մտնում։

- Ես չասացի նման բան։

- Ես Ձեր խոսքերից ուզում եմ կռահել՝ Դուք կողմ քվեարկած մեծամասնությա՞ն, թե՞ դեմ քվեարկած փոքրամասնության մեջ եք մտնում։

- Ես չասացի նման բան՝ մեծամասնությա՞ն, թե՞ փոքրամասնության մեջ եմ։

- Լավ, եկեք տեսական հարց տամ` այն դատավորը, ով իքս անձի նկատմամբ ապօրինի ազատազրկման որոշում է կայացրել, հետո դա ՄԻԵԴ-ում սխալ է ճանաչվել, ու դրանով նաեւ պետությունը ֆինանսական վնաս է կրել, կարո՞ղ է պրոֆեսիոնալ դատավորների շարքը համալրել։

- Իհարկե, կարող է։ Նայած թե որ դեպքում եւ ոնց է եղել։ Եթե օրենքի բաց է եղել, պետության խնդիրն է եղել, դատավորն էդտեղ ի՞նչ կապ ունի։ Բայց նայած դեպք, ես կոնկրետ էս դեպքի մասին չեմ ասում։

- Այսինքն՝ բոլոր նման դեպքերը հիմնականում դատավորների մեղքով չեն եղել, հիմնական պատճառն օրենքի բա՞ցն է եղել։

- Նաեւ կարող է էդպիսի բան լինել։

- Իսկ ե՞րբ է համալրվելու դատարանի կազմը, ու ե՞րբ Մարտիրոսյանը վերջնականապես կնշանակվի դատավոր։

- Կարծեմ՝ մի հոգի էլ կա ցուցակում, եթե չհամալրվեց, նոր մրցույթ կհայտարարվի։ Բայց դեռ իրենք դասընթացների պետք է մասնակցեն, քննություն տան դպրոցում, որից հետո նոր ԲԴԽ-ն պետք է ուղարկի նախագահի հաստատմանը։ Հիմա դեռ խորհուրդը որոշել է՝ ով է անցնում, ում ենք ուղարկում դասընթացների, ինքը դեռ դատավոր չէ։

- Այսինքն՝ հնարավոր է նաեւ, որ չդառնա՞ դատավոր։

- Դե, եթե քննությունները չհանձնի, շեմը չհաղթահարի, հնարավոր է՝ կտրվի։

 

հարցազրույց Մնացական Մարտիրոսյան ԲԴԽ Սերգեյ Չիչոյան Հայաստան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին