Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ ընկերական հանդիպում անցկացրեց Կոսովոյի ընտրանու դեմ։
Խաղի մեկնարկին Հայաստանի հավաքականի գրոհներն ավելի վտանգավոր էին ու նպատակային, ինչն էլ շուտով տվեց իր արդյունքը։ 24-րդ րոպեին Հայաստանի հավաքականի հերթական հակագրոհն ավարտվեց գոլով․ աչքի ընկավ Ժիրայր Շաղոյանը։
Երկրորդ խաղակեսը Կոսովոյի հավաքականի ֆուտբոլիստներն ավելի ակտիվ սկսեցին, մի քանի վտանգավոր պահ ստեղծեցին և կարողացան հավասարեցնել հաշիվը։ 67-րդ րոպեին հերթական վտանգավոր գրոհի ժամանակ մրցակցի ֆուտբոլիստի եզրային փոխանցումից հետո տուգանային հրապարակում կանոնները խախտեց Հովհաննես Հարությունյանը, որից հետո մրցավարը 11-մետրանոց նշանակեց Հայաստանի հավաքականի դարպասին, որը հստակ իրացրեց Լիրիմ Կաստրատին։
82-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանը, օգտվելով մրցակցի պաշտպանի սխալից, առաջ մղեց Հայաստանի հավաքականին։
Ավելացված երրորդ րոպեին Կոսովոյի երկրորդ գոլը խփեց շվեյցարական «Յանգ Բոյզի» 23-ամյա կիսապաշտպան Դոնատ Ռուդհանին։
Նոյեմբերի 19-ին Հայաստանի հավաքականը Տիրանայում ընկերական հանդիպում կանցկացնի Ալբանիայի թիմի հետ։